Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՍ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՏԱՆԻ

Մարտ 14,2007 00:00

\"\"Շահեն Հովասափյանի սպանության բացահայտումը կարող է ազդել քաղաքական դաշտի զարգացումների վրա

Մարտի 12-ին Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով կալանավորվել է Երեւանի բնակիչ, 1975 թ. ծնված Հայկ Իսրայելյանը, ով մեղադրվում է Շ. Հովասափյանի ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը հեռակառավարման վահանակի միջոցով պայթեցնելու մեջ:

Ըստ որոշ տեղեկությունների, կալանավորումից հետո Հ. Իսրայելյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ նրա դեմ ցուցմունք տված միակ վկան, ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, մի աղբատար մեքենայի վարորդ է, ով Շ. Հովասափյանի սպանության օրը հանցագործին տեսել է դեպքի վայրում: Ընդ որում, ՀՀ ոստիկանությունում չեն բացառում, որ Շ. Հովասափյանի ավտոմեքենայի պայթեցման ժամանակ դեպքի վայրում, բացի Հ. Իսրայելյանից, եղել է եւս մեկ՝ երկրորդ անձ, ով, հավանաբար, հեռախոսակապով Շ. Հովասափյանի մեքենա նստելու եւ շարժվելու մասին տեղեկություն է փոխանցել պայթուցիկը հեռակառավարման սարքի միջոցով գործի դրած Հ. Իսրայելյանին:

Մամուլում արդեն հրապարակվել է, որ ձերբակալված Հ. Իսրայելյանը, նույն ինքը՝ «Ապեր» մականունով հայտնի թաղային հեղինակությունը, ով հանցաշխարհում այլ կերպ հայտնի է նաեւ որպես «Կինոերեւանցի Հայկո», ըստ էության, վարձու մարդասպան է եղել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Շ. Հովասափյանի սպանությունը նրա առաջին «պատվերը» չէր: «Ապերի» անունը կապվում է ոչ միայն 2005թ. հուլիսի 22-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում «Հայէկոնոմբանկի» Արաբկիրի մասնաճյուղի մոտ «Կիրովականցի Գոգայի»՝ Գոգա Առաքելյանի, այլեւ 2003թ.-ին Մուշեղ Ազատյանի՝ «Աշտարակցի Մուշեղի» սպանության հետ: Հիշեցնենք, որ «Կիրովականցի Գոգան» սպանվել էր «Մակարով» տեսակի ատրճանակից գլխին ստացած հրազենային վնասվածքների արդյունքում, իսկ Մ. Ազատյանի դին հայտնաբերվել էր Երեւանի Աբովյան փողոցում՝ «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբ:

Միաժամանակ ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները հիշեցրին 1990-ականների վերջերին տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց սպանություն: Այն ժամանակ սպանվել էին ոչ պակաս հեղինակություն ունեցող «Տրամվի կրուգի Կոլեն» եւ նրա որդին, ու այդ սպանության իրականացման մեղադրանքով կալանավորվել էր նույն ինքը՝ «Կինոերեւանցի Հայկոն»: Վերջինս, սակայն, հաջողացրել էր խուսափել պատասխանատվությունից, իսկ նրա փոխարեն սպանությունը կատարելու ինքնախոստովանական ցուցմունք էր տվել եւ արդյունքում դատապարտվել էր նրա հայրը: Սպանության շարժառիթն այն ժամանակ դիտարկվել էր վրեժխնդրությունը:

Մարտի 12-ին Շ. Հովասափյանի սպանության քրգործի շրջանակներում տեղի ունեցած նոր ձերբակալության մասին տեղեկատվությունն առաջինը հրապարակեցին դաշնակցական ԶԼՄ-ները: Ընդ որում՝ նրանք շեշտեցին Հ. Իսրայելյանի կապը ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի հետ: Ոմանք անմիջապես եզրակացրին, որ դա ՀՀԿ-ական Լեւոն Սարգսյանն է, որովհետեւ «Կինոերեւանցի Հայկոն», ըստ որոշ աղբյուրների, հե՛նց վերջինիս թիկնազորից է եւ մասնակից է եղել ոչ միայն 2003թ. ընտրությունների ժամանակ իրականացրած լցոնումներին եւ ընտրակեղծիքներին, այլեւ 2004թ. ապրիլին կինո «Նաիրիի» մոտ Արտաշես Գեղամյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին եւ լրագրողների նկատմամբ իրականացրած բռնարարքներին: Մեր աղբյուրները չեն շտապում միանշանակ գնահատական տալ՝ իրականում ԱԺ պատգամավորը կապ ունի՞ Շ. Հովասափյանի սպանության հետ եւ արդյոք նա՞ է պատվիրատուն, թե՞ ոչ: Փոխարենը, երեկ ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ Լ. Սարգսյանին մոտ կանգնած Անդրանիկ Առաքելյանը հայտարարել է, թե «այդպիսի բան չկա», ու որ ինքը Լ. Սարգսյանի փոխարեն հերքում է հիշյալ անձի հետ ԱԺ պատգամավորի առնչությունները: «Սուտ է: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել»,- հայտարարել էր պատգամավորի մտերիմը:

Այլ աղբյուրներ ասում են, որ «Ապեր» մականունով Հ. Իսրայելյանը նաեւ որոշակի կապեր է ունեցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ եւ ժամանակին հենց Շ. Հովասափյանի սպանության շուրջ քննարկվող վարկածներից մեկով նաեւ նրա անունն էր շոշափվել («Առավոտը» այդ մասին գրել էր դեռ 2006թ. սեպտեմբերի 20-ի համարում): Ավելին, ըստ մեր աղբյուրների, չի բացառվում, որ Հ. Իսրայելյանի կալանավորման արդյունքում նոր անակնկալ բացահայտումներ լինեն։

Շ. Հովասափյանի սպանության շուրջ տեղի ունեցած նոր զարգացումները երեկ քննարկման առարկա էին դարձել նաեւ քաղաքական շրջանակներում: Այստեղ կարծիքներ կան, թե տեղի ունեցած բացահայտումները, որոնք այս կամ այն կերպ տանում են դեպի ՀՀԿ, տեղավորվում են նախընտրական զարգացումների համատեքստում եւ նպատակ ունեն վերջնականապես հարված հասցնել այդ կուսակցության իմիջին՝ որպես կրիմինալիզացված կառույցի, եւ հենց դրանով է բացատրվում նախօրեին հրապարակված այն տեղեկությունը, թե սպանության մեջ մեղադրվող Հ. Իսրայելյանի անունը կապված է «Հանրապետական» ազդեցիկ մի պատգամավորի հետ: Իսկ դրա տակ կարելի է ենթադրել ինչպես Լ. Սարգսյանի, այնպես էլ Ա. Մանուկյանի եւ Ալ. Սարգսյանի անունները:

Ի դեպ, մեր տեղեկություններով, այս օրերին Հայաստանում են գտնվում Շ. Հովասափյանի ռուսաստանցի մտերիմ ընկերները, ովքեր լուրջ ազդեցություն ունեն նաեւ ՀՀ քաղաքական որոշ շրջանակների վրա եւ եկել են ՀՀ իշխանություններից պահանջելու վերջապես բացահայտել իրենց ընկերոջ սպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել