Հավաստիացնում են տեղական «Ջերմուկ» արտադրողները՝ վստահեցնելով, որ ամերիկացիների բարձրացրած աղմուկը մեր հանքային ջրերի շուրջ՝ ընդամենը հակագովազդ է:
Երեկվանից հայկական «Ջերմուկ» հանքային ջուրը բոյկոտել են նաեւ Կանադան եւ Հոնկոնգը: Այս երկու երկրների կառավարությունները սպառողներին կոչ են արել, որ հայկական «Ջերմուկ» չգնեն:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ կառավարության դեղորայքի եւ սննդամթերքի գործակալությունն էլ տեղեկատվություն էր տարածել, որ հայկական «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործումը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ դրա մեջ մկնդեղի՝ 500-600 անգամ նորման գերազանցող պարունակություն կա: Չնայած այս մեղադրանքներին՝ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, «Ջերմուկ» արտադրողները, ինչպես նաեւ Հայաստանի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը պնդում են, որ այդ մեղադրանքները սուտ են եւ որ արտասահմանցիներն այդ միջոցով մեր տեղական «Ջերմուկի» բարի համբավն են փորձում վնասել:
Օրինակ, երեկ «Հայաստանում սննդի անվտանգության տեխնիկական աջակցության» նախագծի ներկայացման ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը «խորին համոզմունք» հայտնեց, որ «ջերմուկի շուրջ բարձրացված աղմուկն իրականությանը չի համապատասխանում»: Ըստ նրա, մեր «Ջերմուկը» նոր չի արտադրվում եւ որեւէ վնաս չի տվել, ուստի փոխնախարարը լուրջ կասկածներ ունի, որ չդիմանալով մրցակցությանը՝ որոշել են «Ջերմուկի» անունը գցել. «Դուք գիտեք, որ մրցակցությունը թելադրում է այնպիսի պայմաններ, որ այս կամ այն արտադրանքի նկատմամբ հակագովազդ են անում»: Այս համոզմամբ՝ փոխնախարարը շարունակում է այսօր էլ տեղական «Ջերմուկ» գնել ու խմել՝ առանց վախենալու, որ առողջությունը կվնասի:
Նկատենք, որ թեեւ ԱՄՆ կառավարությունը չէր հրապարակել այն ընկերության անունը, որի արտադրանքում գերազանցված է եղել մկնդեղի չափաքանակը, Կանադայի տարածած պաշտոնական հայտարարության մեջ արդեն ասվում է, որ խոսքը «Ջերմուկ գրուպի» հանքային ջրի մասին է: Երեկ «Ջերմուկի» մկնդեղի թեմայով «Ուրբաթ» ակումբում հրավիրած քննարկմանը «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրենի խորհրդական Էդգար Ղազարյանը բոլոր մեղադրանքներն անհիմն համարեց. «Մենք 7 տարի է՝ «Ջերմուկ» ենք արտահանում ոչ միայն Ամերիկա, այլեւ Եվրոպա, Իրան, Ռուսաստան, որտեղ նույնպես շատ խիստ պայմաններ են սահմանված, ոչ մի անգամ նման խնդիր չի առաջացել»:
Գյուղատնտեսության փոխնախարարի պես Էդգար Ղազարյանն էլ է կարծում, որ հայկական հանքային ջրերի որակի շուրջ բարձրացված այս աղմուկը լավ մշակված քայլ է, որպեսզի շուկայից մեր տեղական «Ջերմուկը» հանեն: Ըստ համաճարակաբանների, ամբողջ խնդիրը արտահանված հանքային ջրի պիտակավորման մեջ է: Մեր տեղական «Ջերմուկ» հանքային ջուրը բուժիչ ջուր է, բայց պիտակի վրա գրված է՝ «սեղանի ջուր», հենց սա էլ ամերիկացիներին թյուրիմացության մեջ է գցել, որովհետեւ սեղանի ջուրն օգտագործում են ամեն օր ու անկանոն, իսկ բուժիչ ջուրը՝ որոշակի քանակով: Որպես սեղանի ջուր, մեր «Ջերմուկը» չի համապատասխանել Ամերիկայում, Կանադայում եւ Հոնկոնգում ընդունված չափանիշներին, ուստի, ըստ քննարկման մասնակից, Կուրորտաբանության ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանի, նախեւառաջ անհրաժեշտ է հանքային ջրերի դասակարգումը վերանայել ու համադրել միջազգայինի հետ, որպեսզի սպառողը հստակ իմանա՝ ինչ է խմում՝ սեղանի՞, թե՞ բուժիչ ջուր: