Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՊԱԿԱՆ ՏՈՒՆԸ՝ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Մարտ 14,2007 00:00

\"\"Գյումրիի քաղաքապետարանը Դրամփյաններին վտարել է իրենց տնից՝ շենքն իբր քաղաքին ծառայեցնելու նպատակով:

Արդեն մեկ ամիս է՝ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաները Գյումրիի ծննդատան հիմնադիր, հայտնի գինեկոլոգ Աստղիկ Դրամփյանի ժառանգներին հանգիստ չեն տալիս: Դրամփյանների պատմելով՝ «քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերացման բաժնի աշխատակիցները գրեթե ամեն առավոտ այցելում են մեզ ու ահաբեկում՝ սարսափելի հայհոյանքներով սպառնալով դուրս շպրտել մեր պապական տնից, դիվահար են անում տան փոքր երեխաներին»: Քաղաքապետարանի եւ Դրամփյան ընտանիքի վեճն առաջացել է Գյումրիի Աբովյան փողոցի 260 եւ 262 հասցեներում գտնվող երկու շենքերի հետ կապված: Այդ շենքերն իրենց սեփական միջոցներով կառուցել են Դրամփյանների պապերը, բայց քանի որ ընտանիքն այլ բնակության վայր էլ է ունեցել՝ երկար ժամանակ Դրամփյանների պապական տներից մեկը ծառայել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին, դատախազությանը, իսկ մյուս շենքը՝ Գյումրիի թիվ 2 երաժշտական դպրոցին:

1923-ից էլ այդ շենքերը, համարվելով ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կառույցներ, ազգայնացվել են, անցել «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի հաշվեկշռին: Սակայն երկրաշարժի հետեւանքով Աստղիկ Դրամփյանի ժառանգները կորցրել են իրենց հիմնական կացարանը եւ որոշել տեղափոխվել պապական հին տունը, որն արդեն ազգայնացված է եղել: Որպեսզի խնդիրներ չառաջանան դատարանի ու երաժշտական դպրոցի հետ կապված՝ նույնիսկ դիմել են Ախուրյանի շրջանային ժողդատարան՝ պահանջելով շենքերն ազատել «ապօրինի տիրապետողներից ու օգտագործողներից»: Ախուրյանի դատարանն էլ 1993-ին բավարարել է ժառանգների՝ Հասմիկ ու Լիանա Դրամփյանների հայցը՝ վճռելով, որ Դրամփյանների սեփականությունը հանդիսացող կառույցները ազգայնացվել են ապօրինաբար եւ որ այդ քայլով պետությունը խախտել է քաղաքացու սեփականատիրական իրավունքը: Ըստ դատարանի, կատարվածը «նախկին ԽՍՀՄ-ի ու ՀՍԽՀ-ի ժամանակվա իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու դրսեւորումներից մեկն է»: Այդ վճռից հետո Աբովյան փողոցի 260 եւ 262 շենքերը, այսինքն՝ երաժշտական դպրոցն ու դատարանի շենքը, անձնական սեփականության իրավունքով վերադարձվել են նախկին սեփականատիրոջ ժառանգներին: Սակայն նրանց ուրախությունը երկար չի տեւել, երեք տարի անց Արթիկի շրջանային ժողդատարանը նոր վճիռ է կայացրել՝ գտնելով, որ «ազգայնացված, պետության սեփականությունը դարձած կառույցները նրանց ժառանգներին վերադարձնելու մասին չկա կառավարության համապատասխան որոշում»: Հետագայում այս վճիռը նույնն է թողել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերով պալատը:

Ինչպես «Առավոտին» դժգոհեց Դրամփյանի ժառանգ Իրինա Աբաջյանը, քաղաքապետարանը մտադիր է իրենց պապական տունը տալ քաղաքի որոշ պաշտոնյաների՝ հյուրանոց դարձնելու նպատակով: Սակայն Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերացման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի ներկայացմամբ՝ դատարանի շենքը վերանորոգվելու է եւ երաժշտական դպրոցի հետ միասին ծառայեցվելու է քաղաքին: Թե ի՞նչ հիմքերով է քաղաքապետարանը Դրամփյաններին ժառանգական տնից վտարում, պաշտոնյայի պարզաբանմամբ՝ կառույցը քաղաքապետարանինն է, իսկ հիմքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը. «Եթե բոլորը գան ասեն՝ էս իմ պապի տունն է, ի՞նչ կմնա էս քաղաքում»:

Նշենք, որ Դրամփյանները չեն պատրաստվում հեշտ հանձնվել ու իրենց տունը նվիրել քաղաքապետարանին՝ մնալով անտուն: Նրանք իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են Եվրոդատարան: Աշոտ Քալաշյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ «Երբ Ստրասբուրգը հօգուտ Դրամփյանների վճիռ կկայացնի, թող նրանք գան այդպես պատվավոր զբաղեցնեն կառույցը, իսկ մինչ այդ իրավունք չունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել