Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋՐԲԱԺԱՆ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

Մարտ 14,2007 00:00

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մի քանի անգամ է հայտարարել, թե ընդդիմադիրներին չհաջողվեց միասնական դաշինք ձեւավորել, քանի որ «ընդդիմության դաշտում կան իշխանությունից կախման մեջ գտնվող կուսակցություններ, որոնց համար կարեւորը 5 տոկոս արգելքը հաղթահարելն է»:

Անուններ նա չի տալիս, բայց քանի որ «Հանրապետության» տարբեր գործիչներ ազդարարում են, թե ում չի կարելի մեղադրել ընդդիմության չմիավորվելու համար, բացառման մեթոդով ստացվում է, որ մեղադրանքները հասցեագրված են ՀԺԿ-ին: Այս կապակցությամբ «Տարեգիր» թերթը մի քանի հարց էր ուղղել մեղադրողներին. «Եթե Դեմիրճյան Ստեփանն իշխանությունների հետ էր համագործակցում, ինչո՞ւ էիք ուզում միանալ իրեն: Միգուցե հետո՞ եք իմացել, որ իշխանությունների հետ համագործակցում է: Միգուցե ձեզ հետ չի միացել, դրա՞ համար եք ենթադրում, թե իշխանությունների հետ է համագործակցում:

Եթե վստահորեն պնդում եք, որ Դեմիրճյան Ստեփանը իշխանությունից որոշակի տոկոսների «դաբրո» է ստացել, արդյոք միավորվելով Դեմիրճյան կրտսերի հետ՝ նպատակ չունեի՞ք փայ ստանալ սույն դաբրոյից»:

Այս հարցերն ուղղեցինք Սուրեն Սուրենյանցին, սակայն նա նախընտրեց պատասխանի հետեւյալ տարբերակը. «Ցավում եմ, որ ընդդիմության ջրբաժանման խնդիրն այսքան սուր արծարծվում է ԶԼՄ-ներում: Չեմ ուզում անձնավորել խնդիրը, բայց ինչքան էլ ցավալի է՝ իսկապես, քաղաքական գործընթացի արդյունքում ընդդիմադիր դաշտում սահմանվեց որոշակի ջրբաժան: Այսինքն՝ այսօր ընդդիմադիր դաշտն, ըստ էության, բաժանված է 2 հատվածի՝ մի հատվածը չի հավատում գործող իշխանության հեռացմանը, հետեւաբար իր քաղաքական հեռանկարը պատկերացնում է գործող համակարգի շրջանակներում, մյուսները, որոնց մեջ եմ դասում մեր կուսակցությանը, խնդիր է դնում ազատվել այս համակարգից, հետեւաբար որպես քաղաքական պայքարի առաջնահերթություն՝ ընդգծում է վարչակարգի հեռացումը: Այս առումով իսկապես կա ջրբաժան, որը ցավալի է, բայց քաղաքական օբյեկտիվ գործընթացի հետեւանք է: Իսկ թե ով իշխանության հետ ինչ համաձայնությունների մեջ է՝ դրա մասին ունեմ ենթադրություններ, բայց ավելի ճիշտ կլինի, որ ընտրարշավի ընթացքում այդ մասին պատկերացում կազմի հասարակությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել