Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ՞ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՇՏԱԲ

Մարտ 14,2007 00:00

\"\"Ընդդիմության շարքերում վերապահումներ կան համակարգող խորհրդի գործունեության արդյունավետության նկատմամբ

Արդեն հրապարակել ենք, որ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը մարտի 6-ի նիստում որոշել է ազատ, արդար ընտրությունների անցկացման նպատակով բանակցել բոլոր կուսակցությունների հետ՝ անկախ նրանց ուղղվածությունից: Իսկ մի շարք կուսակցությունների հետ բանակցելու են ընտրական համակարգող շտաբ ստեղծելու, նաեւ առաջադրված թեկնածուների գրանցումից հետո՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին միասնաբար սատարելու հարցերի շուրջ: «Ազգային միաբանության» փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ արդեն իսկ նախնական բանակցություններ են վարել ՀԺԿ-ի հետ. «Անձամբ խոսել եմ Գրիգոր Հարությունյանի հետ: ՀԺԿ-ն դեմ չէ համակարգող շտաբի գաղափարին: Վարել ենք նաեւ նախնական բանակցություններ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ՝ նա ասաց, թե ընթացքը ցույց կտա: Բայց ընդհանուր առմամբ, ճիշտ ենք համարում կուսակցությունների եւ թեկնածուների գրանցումից հետո միայն անդրադառնալ այս հարցերին: Այդ ժամանակ արդեն բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կքննարկենք այս գաղափարը եւ կստեղծենք համակարգող խորհուրդ: Այդ համակարգող շտաբը կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել՝ ինչպես ընտրությունները վերահսկելու, այնպես էլ քարոզարշավը կազմակերպելու, դիտորդների եւ լրատվամիջոցների հետ աշխատելու առումով»:

Մինչդեռ ընդդիմադիր դաշտում խորհրդի առնչությամբ կան որոշակի վերապահումներ: Ասենք, «Հանրապետության» խոսնակ Սուրեն Սուրենյանցը մամուլում նկատել էր, թե կուսակցությունների համագործակցության ձեւը դաշինքն է. «Երբ կուսակցությունները դաշինքում չեն, ապա միջանկյալ այդ մարմինների գործառույթը ինքս էլ լավ չեմ պատկերացնում։ Դրա համար կան երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ, ի վերջո՝ հանձնաժողովներում աշխատանքի համակարգման մեր կուտակած փորձը կա, կան նաեւ վստահված անձանց փոխգործակցության ապահովության մեխանիզմներ, ի վերջո՝ խախտումների դեմ միասնական հանրահավաքների անցկացման հնարավորություն կա։ Ասել է՝ այդ նպատակով նոր մարմնի ստեղծման անհրաժեշտություն չկա»։ Իսկ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը թեեւ մեր զրույցի ընթացքում հաստատեց, որ այդ գաղափարին դեմ չեն, սակայն նաեւ նշեց, «Ցավոք, արդյունավետ կառույց դժվար է ձեւավորելը»: ՀԺԿ վարչության մյուս քարտուղարը՝ Ստեփան Զաքարյանն ավելի վաղ էր մամուլում այդ կառույցի մասին ասել. «Ըստ իս, կուսակցություններն ունեն այնպիսի կառուցվածք, որ համագործակցելը խնդիր չէ, թեկուզ եւ առանց այդ խորհրդի։ Եթե կուսակցությունները հստակ պայմանավորվածություններ ունեն, ապա առանց նշված մարմնի էլ համագործակցությունը կայանում է»։ Մեզ հայտնեց, որ վերոհիշյալն իր անձնական կարծիքն է. «Իրոք, չեմ կարծում, թե կա ավելորդ համակարգող մարմնի անհրաժեշտությունը, քանի որ կուսակցություններն ունեն համագործակցության փորձ: Ամեն կուսակցություն կարող է հանձնարարել որեւէ մեկին, որ կապ պաշտպանեն իրար հետ, եւ ինչ-որ մարմնի առանձին իրավասություն տալու կարիքը չեմ տեսնում: Բայց եթե նպատակահարմար գտնվի՝ իհարկե, ՀԺԿ-ն միշտ էլ պատրաստ է համագործակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար»:

Նման պատրաստակամություն հայտնեց նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, որն ասաց, թե ՕԵԿ-ը մշտապես կարեւորել է «համագործակցությունն այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրապես պատրաստ են պայքարելու ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու համար: «Ազգային միաբանության» արտահայտած մոտեցմանը սկզբունքորեն դրական ենք վերաբերվում: Կոնկրետ ինչպիսի՞ն կլինի համակարգման գործընթացը՝ ցույց կտա ժամանակը»:

«Ազգային միաբանության» փոխնախագահին հիշեցրինք, որ համանման նախաձեռնություն՝ ընդդիմադիր խորհուրդ ստեղծելու վերաբերյալ, դեռ հունվարին էր հանդես բերել ԱԺՄ-ն: «Այո՛, եւ հենց առաջին օրը, երբ Վազգեն Մանուկյանը խոսեց համակարգող խորհրդի մասին՝ մենք հավանության արժանացրեցինք եւ դրական արձագանքեցինք այս նախաձեռնությանը»,- ասաց Գագիկ Թադեւոսյանը: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ են կարծում, որ «Ազգային միաբանությանը» կհաջողվի իրագործել այս գաղափարը, երբ ձախողվել է ԱԺՄ առաջարկը. «Մենք կփորձենք՝ փորձը փորձանք չէ: Ամեն դեպքում, ինձ թվում է, թե բոլոր ընդդիմադիր ուժերը, կամ գոնե նրանք, որոնք անդամներ ունեն ընտրական հանձնաժողովներում, պիտի շահագրգռված լինեն, որ համակարգվի ընդդիմության պայքարը»: Իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Կարծում եմ, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների գոնե մի մասը կարող է համախմբվել նման ընդհանուր շտաբ ստեղծելու համար: Բայց այստեղ առավել կարեւոր են այն կուսակցությունները, որոնք ներկայացուցիչներ ունեն հանձնաժողովներում՝ սա նրանց էապես տարբերում է մյուս կուսակցություններից: Չեմ կարծում, թե ընդդիմադիր բոլոր կուսակցությունները կհամախմբվեն՝ երեւի դրա իմաստն էլ չկա, բայց եթե գոնե մի 5-6-ը հավաքվեն՝ արդեն օգտակար գործ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել