Լրահոս
Օրվա լրահոսը

IWF-Ի ՆԱԽԱԳԱՀ ԹԱՄԱՇ ԱՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտ 13,2007 00:00

Մարտի սկզբին Հռոմում կայացած ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովին մասնակցում էր նաեւ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Ահա թե ինչ պատմեց նա «Առավոտին»՝ ազգային ֆեդերացիաների ղեկավարների հավաքում քննարկված խնդիրների մասին:

«Նախ ասեմ, որ մարզաձեւերի վարկանիշային դասակարգման վերջին տվյալներով՝ ծանրամարտը օլիմպիական մարզաձեւերի ցուցակում ութերորդն է, ինչը չի կարող մեզ չուրախացնել: Ինչ վերաբերում է քննարկված հարցերին, դրանք գլխավորապես վերաբերում էին նախաօլիմպիական այս տարում դոպինգի դեմ պայքարի էլ ավելի խստացմանը: Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակից հավաքականները օլիմպիական ավանում պետք է լինեն առնվազն 8 օր առաջ (Աթենքում պահանջվում էր 6 օր), որպեսզի ՄՕԿ-ի եւ ՎԱԴԱ-ի մասնագետները հնարավորություն ունենան ավելի մեծ թվով դոպինգ-ստուգումներ կազմակերպել: Տեղեկացվեց, որ Քյոլնի հակադոպինգային լաբորատորիան վերազինվել է գերժամանակակից սարքավորումներով ու նոր տեխնոլոգիաներով: Բաժանվեց նաեւ արգելված խթանիչների նոր ցանկը, որտեղ մտցվել են վերականգնողական նշանակության որոշ դեղամիջոցներ, որոնց օգտագործումը մինչեւ վերջերս չէր արգելվում:

Հայտնի է, որ ՎԱԴԱ-ի մասնագետներն իրավունք ունեն անակնկալ այցելել ՄՕԿ-ի անդամ յուրաքանչյուր երկիր եւ ցանկացած մարզիկի դոպինգ-ստուգում անցկացնել: Սակայն կան երկրներ՝ Թուրքմենստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ ուրիշներ, որոնք ուշացնում են նրանց մուտքի թույլտվությունը իրենց երկիր, ամենայն հավանականությամբ՝ տվյալ պահին իրենց մարզիկների «մաքուր» չլինելու պատճառով: Որոշվեց, որ այցերն այդպիսի երկրներ՝ իրականացվեն Եվրախորհրդի, ՄՕԿ-ի անմիջական միջնորդությամբ, որպեսզի վիզաները կնքվեն 1 օրում:

Առաջարկ եղավ, որ այսուհետեւ նաեւ արյան դոպինգ-ստուգում իրականացվի, սակայն մուսուլմանական աշխարհի 42 երկրներ դեմ եղան՝ պատճառաբանելով, որ իրենց հավատքով մարդուց արյուն վերցնելը կամ արյուն տալը մեղք է: Հարցն առայժմ մնացել է առկախ: Բայց ավելի հավանական է, որ օլիմպիական խաղերի ժամանակ ամեն մի հավաքականից ընտրությամբ երկու ծանրորդի արյան ստուգում, այնուամենայնիվ, անցկացվի»:

Մեր հարցին՝ Հայաստանն այդ համաժողովում որեւէ առաջարկ չունե՞ր, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ես մեր օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ իմ անունից Հայաստան հրավիրեցի IWF-ի նախագահ դոկտոր Թամաշ Այանին: Նա սիրով ընդունեց հրավերը եւ մարտի 30-ին չորս օրով կհյուրընկալվի այստեղ: Թեեւ մենք ծանրամարտով զբաղվելու պայմաններով դեռ զիջում ենք տնտեսապես զարգացած շատ երկրների, սակայն վերջին տարիներին պետության եւ ազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության շնորհիվ աշխարհի անցած տարվա առաջնությունում գրավեցինք թիմային 7-րդ տեղը եւ օլիմպիական խաղերում ամբողջական թիմի վարկանիշ ձեռք բերելու լուրջ նպատակ ունենք: Ես IWF-ի համապատասխան պաշտոնյաների հետ բանակցեցի՝ մեզ գույքով, մեթոդական նոր ծրագրերով աջակցելու խնդիրներով: Կարծում եմ, ինչ-ինչ հարցեր կհստակեցվեն դոկտոր Այանի այցի ժամանակ: Բացի դա, առաջարկեցի 2009 թվականից կազմակերպել նաեւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, ինչպես է այլ մարզաձեւերում: Դա շատ կարեւոր է, որպեսզի մարզիկը 17 եւ 20 տարեկանից հետո միանգամից չհայտնվի մեծահասակների շարքում, որտեղ նա իրեն բավականին ընկճված է զգում: Ինձ պաշտպանեց 87 երկիր: Այնպես որ, կարծում եմ, IWF-ն իր հաջորդ գործկոմի նիստում նման որոշում կկայացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել