Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԱՆԻՇ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Մարտ 13,2007 00:00

Ընդդիմության «եվրոպական դեմքը»

Այսօր ընդդիմադիր ճամբարում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ դաշտի կուսակցությունների մոտ սրվել է իրար նկատմամբ խանդի զգացողությունը: Իսկ խանդի պատճառները հայտնի են. քաղաքական գործիչների՝ սեփական նշանակության գերագնահատում եւ ընդդիմության միասնական լիդերի հավակնություն: Դրան ավելանում է «գունավոր» հԵղափոխությունն առաջնորդելու հավակնությունը: Չնայած արտասահմանյան հեղինակավոր վերլուծական կենտրոնների եւ Հայաստանում ապրող բանական մարդկանց կարծիքով գունավոր հեղափոխությունը Հայաստանում քիչ հավանական է, այնուամենայնիվ, մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները հույսները չեն կորցնում՝ անկախ իրենց հեղինակությունից, կուսակցության թվակազմից կամ գաղափարախոսությունից: Ընտրությունների նախաշեմին ընդդիմադիրներից շատերը օտարերկրյա դեգերումների մեջ են՝ դրսում «պապաներ» փնտրելու կամ դրսից «դաբրո» ստանալու ձգտումով:

Նրանցից շատերն առանձնանում են աշխարհագրական հստակ կողմնորոշմամբ: Օրինակ, Արտաշես Գեղամյանը փորձում է հասնել ազգային միաբանության՝ միայն եւ միայն ՌԴ որոշակի քաղաքական շրջանակների աջակցությամբ: Արամ Կարապետյանը հայ հանրության նոր ժամանակները եւս պայմանավորում է հյուսիսի աջակցությամբ: Արթուր Բաղդասարյանը՝ հակառակը, օրինաց երկիր ստեղծելու գրավականը Եվրոպայի եւ Ամերիկայի աջակցության մեջ է տեսնում:

Առավել ուշագրավ է, սակայն, եվրոպական արժեքների երդվյալ պաշտպան Շավարշ Քոչարյանի գործունեությունը: Այն բացառիկ դեմքերից, որ անձամբ ծանոթ է եւ բազմիցս հանդիպել է Արեւմուտքի ազդեցիկ քաղաքական գործիչների հետ, սակայն գերադասում է այդ կապերի մասին չխոսել: Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի 12-ին նրան ձերբակալելուց հետո, ընդամենը ժամեր անց, այն ժամանակվա ԵԽԽՎ նախագահ Վալտեր Շվիմերը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Շ. Քոչարյանին: Նրա բազմաթիվ արեւմտյան այցերից ուշագրավ են հատկապես 2004թ. Բրյուսել եւ 2006 թ. Վաշինգթոն կատարած այցերը, որոնց ընթացքում կայացած հանդիպումների եւ պայմանավորվածությունների մասին տեղեկատվություն ընդհանրապես բացակայում է: Լինելով Եվրոպայի Խորհրդում Հայաստանի պատվիրակության անդամ, միաժամանակ ներգրավվել է տարբեր ձեւակերպումներով եւ տարբեր տրամաչափի հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում: Նա հայտնվել է նաեւ եվրոպական դիտորդական առաքելությունների կազմում՝ Վրաստանում եւ Ուկրաինայում հեղափոխությունների հանգեցրած ընտրությունների ժամանակ:

2006 թվականից ԵԽ Վեհաժողովի պատվիրակության անդամ չէր, սակայն երեք անգամ այդ կազմակերպության հաշվին հրավիրվել է Ստրասբուրգ, ինչը աննախադեպ է Վեհաժողովի որեւէ նախկին անդամի համար: Իսկ 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ցանկանում է գնահատական ստանալ անձամբ պարոն Շավարշ Քոչարյանից: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Ազգային ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակում տեղ են գտել հիմնականում եվրոպական կառույցների դրամաշնորհներով կերակրվող մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ:

Այսքանից հետո, իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ ԱԺԿ-ն հաղթահարեր 5 տոկոսանոց սահմանը եւ խորհրդարանի մաս կազմեր: Ե՛վ եվրոպացիները (Արեւմուտքը) գոհ կմնան, ե՛ւ ԱԺ-ում կհայտնվի խելացի մտավորական ու փորձառու քաղաքական գործիչը: Սակայն ցավն այն է, որ այդ կուսակցության վարկանիշը, բոլոր հաշվարկներով, մեղմ ասած, բավարար չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել