Այն ուզում են համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին
Երեկ Մարզահամերգային համալիրին հարող այգում հաստաբուն ծառեր էին հատվում: Պարզվում է՝ համալիրի սեփականատեր «Բամո գրուպը» որոշել էր այդ տարածքում «բարեկարգում» իրականացնել եւ «սանիտարական էտում» անվան տակ կտրել էր այգու նաեւ առողջ ծառերը: Սա «Առավոտի» հետ զրույցում չհերքեց նաեւ Մարզահամերգային համալիրի գլխավոր տնօրեն Լաուրա Ավագյանը: Ըստ նրա, սեփականատերերն այդ տարածքում նոր ու ժամանակակից ծառատեսակներ են ուզում տնկել. «Այստեղ ծառերը չափազանց խիտ են տնկված, մենք ցանկանում ենք մի քիչ նոսրացնել եւ կանաչապատել: Մենք ցանկանում ենք Մարզահամերգային համալիրը համապատասխանեցնել աշխարհի այսօրվա մեծարժեք մշակութային կենտրոնների չափանիշներին: Դրա համար էլ ոչ միայն շենքի ներսում, այլեւ դրսում էլ վերանորոգման աշխատանքներ ենք կատարում»:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հանրապետության գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը, համալիրի տնօրինությունը, իհարկե, իրավունք ունի այդ կանաչապատ տարածքներում էտման աշխատանքներ իրականացնել, բայց, այնուամենայնիվ, որքան էլ տարածքն իր սեփականությունն է, ինքնագլուխ ծառեր հատել չի կարող. «Նրանք ծառեր հատելուց առաջ նախապես Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը կամ բնապահպանության նախարարությանը պետք է տեղյակ պահեն»: Պարոն Մաքսապետյանը նշեց նաեւ, որ ընկերությունները ծառերի հատման աշխատանքներ կարող են կատարել այն ժամանակ, երբ արդեն բողբոջները հայտնվեն ու երեւա, որ ծառը վնասված է ու կանաչն էլ շատ քիչ տոկոս է կազմում. «Ինչ վերաբերում է առողջ ծառերին, ապա ոչ մեկը իրավունք չունի դրանք հատելու: Մենք այդ ընկերության հետ միայն պայմանավորվել ենք, որ տարվա ընթացքում հիվանդ ծառերի հատումներ լինեն»:
Հիշեցնենք, որ երբ «Բամո գրուպը» ձեռք բերեց Մարզահամերգային համալիրի շենքն՝ իր տարածքով, խոստացավ, որ այս տարածքում ոչ մի տեսակի շինարարություն էլ չի իրականացնելու եւ ոչ մի ծառ չի կտրելու: Սակայն, եթե արդեն սկսել է առանց թույլտվության ծառահատումները, ապա շատ հնարավոր է, որ մոտ ապագայում էլ համալիրի տարածքում հայտնվեն ապօրինի շինություններ: