Ստեփան Դեմիրճյանը կեսկատակ ենթադրեց, թե այս դիտարկման մեջ թերեւս հաշվի են առել Հ2-ի «Էլի մի ձայն» հաղորդման մեջ ընդդիմադիրների նմանակումները:
Եվ ընդդիմադիր ՀԼՊԿ-ն
Արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է «ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ» ստորագրությամբ մի նյութ, որը վերնագրված է՝ «Հայաստանում հեռարձակվող մասնավոր հեռուստաընկերությունների քաղաքական հաղորդումների մոնիտորինգի վերլուծություն»: Ըստ այդմ՝ 2006-ի ապրիլի 1-ից հունիսի 23-ը գրասենյակի անցկացրած դիտարկման առաջին փուլում պարզվել է, որ 7 հեռուստաընկերություններով ընդդիմադիր գործիչները հանդես են եկել 86 անգամ: Երկրորդ փուլում՝ 2006թ. օգոստոսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը 6 հեռուստաընկերությունների եթերում այդ գործիչները հանդես են եկել 45 անգամ: Եվ վերջապես, դիտարկման 3-րդ փուլում՝ 2007թ. հունվարի 5-ից մարտի 6-ը 82 անգամ են եթերում հյուրընկալվել ընդդիմադիրները: Ըստ դիտարկման արդյունքների՝ եթերում մասնավորապես հանդես են եկել «Իմպիչմենթ» դաշինքի գործիչները: Մինչդեռ այս դաշինքի արդեն 3-րդ հանրահավաքն է ուղեկցվում բողոքներով, որ իրենց գովազդային հայտարարությունը չեն կարողանում եթերով հաղորդել եւ ապարդյուն են փորձում իրենց համար նվաճել Հ1-ով ելույթ ունենալու հնարավորություն: Սակայն առավել զարմանալի է, որ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակը որպես ընդդիմադիր է հաշվարկել նաեւ ՔԴՄ-ի եւ Ժողովրդական կուսակցության առաջնորդներին (ի դեպ, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը փետրվարի 17-ին «Ազատության» եթերում ազդարարեց, թե իր նկատմամբ շրջափակում է իրականացվում. «Արձանագրեք՝ Կարապետյանին ո՛չ մի եթերում ո՛չ մի քաղաքական հաղորդման չեն հրավիրել»): Դիտարկման մեջ ներառված են նաեւ ոչ հայտնի ՀԼՊԿ եւ «Ազգային միասնություն» կուսակցությունների անունները: «Պատկերը, որ ստացվել է, միանշանակ հերքում է «լուրերը», թե ընդդիմությունը «մուտք» չունի մասնավոր հեռուստաընկերությունների եթեր, բոլոր ալիքները վերահսկվում են «նախագահականի» կողմից եւ այլն,- մամուլում մեկնաբանելով այս դիտարկման արդյունքները՝ հայտարարել էր նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:- Ակնհայտ է, որ Հայաստանում խոսքի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ չկան»։
Այսուհանդերձ, կարծում ենք, որ ոչ թե նախագահի խոսնակը, այլ իրենք՝ ընդդիմադիրները պիտի հայտարարեն՝ արդյոք իրենց գործունեությունն իրո՞ք լիարժեք ներկայացվում է եթերում։ Ուստի դիմեցինք նրանց:
Լապշա մի՛ կախեք
Թեեւ ըստ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի դիտարկման՝ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը 7 անգամ հայտնվել է եթերում, 3 անգամ էլ՝ ԱՄ գործիչները, կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն առաջարկեց. «Թող նախագահի աշխատակազմի ընկերները բարի լինեն 2003-ից սկսված մինչ օրս ցույց տան գոնե մի ծրագիր, որի ընթացքում մեր կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես է եկել գոնե 1 րոպե: Իհարկե, թող մեզ վրա չհաշվեն այն, ինչ պարտավոր էին ցուցադրել, մասնավորապես՝ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման 3 րոպեն եւ ԱԺ հայտարարությունները: Անցած 4 տարիների ընթացքում թող Հ2 ալիքով գոնե մեկ ծրագիր ցույց տան, որի ընթացքում Գեղամյանը թեկուզ 1 րոպե հանդես եկած լինի ուղիղ եթերով: Այս տարիների ընթացքում ընդամենը մի անգամ 20 րոպե նրան տրամադրել է «Արմենիա»-ն: Առանձնահատուկ հիշատակում եմ այս 3 հեռուստաընկերություններին, քանի որ նախ Հ1-ը ֆինանսավորվում է բյուջեից եւ պարտավոր է գոնե խորհրդարանական խմբակցություններին եթեր տրամադրել, իսկ Հ2-ը եւ «Արմենիա»-ն իրենց սփռմամբ առավել ընդգրկուն ալիքներն են: Իսկ դիտարկման մեջ նշված մյուս տվյալների առնչությամբ նշեմ, որ նախագահականում են սովոր զբաղվել նման հաշվապահությամբ: Հաղորդումներ են նշել, որոնց հարկադրված են եղել հրավիրել Արտաշես Գեղամյանին.՝ մասնավորապես՝ «Երկիր Մեդիա» կանչեցին, քանի որ Վահան Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից հրավիրեց, մյուսն Արթուր Բաղդասարյանի հետ հայտնի բանավեճն էր: Կամ՝ հաշվարկել են «Բաց հասարակության ինստիտուտի» (Սորոսի հիմնադրամի) աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած բանավեճերը «Երկիր Մեդիայի» եթերում: Այնպես որ, թող հերթական անգամ մարդկանց ականջներին մակարոնեղեն չկախե՛ն»:
Համեմատության մեջ կպարզվի
Դիտարկման 3 փուլերի ընթացքում արձանագրվել էր, որ ՕԵԿ ներկայացուցիչները 10 անգամ եղել են եթերում: Մինչդեռ «Օրինաց երկրի» առաջնորդները վերջին ամիսներին մշտապես բողոքել են իրենց տեսակետները եթերով տեղ հասցնելու անհնարինությունից: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը պարզաբանեց. «Նախ, չգիտեմ, թե դիտարկման ընթացքում ինչպես են հաշվարկել այդ թվերը: Սակայն իրականությանը համապատասխանում է այն, ինչ մենք ասել ենք, որ ավելի քան 10 ամիս չենք ունեցել եթեր, իսկ հունվարից էլ եղել է 2-3 հաղորդում: Եվ ավելի ճիշտ կլիներ, եթե դիտարկողները հաշվեին, թե իշխանավորների՞ն քանի անգամ եւ ինչքան են եթեր տվել, եւ համեմատեին այդ տվյալները: Ո՛ր հեռուստաալիքը միացնում ես, անգամ նորությունների ընթացքում, իշխանական կուսակցությունների եւ գործիչների գովք է: Իսկ ընդդիմության մասին՝ կա՛մ վատ, կա՛մ ոչինչ»:
«Երանգներն»
էլ հաշվի առեք
ՀԺԿ վարչության եւ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը նկատեց, թե միջազգային կառույցների հովանու ներքո մի շարք հասարակական կազմակերպություններ են այժմ անցկացնում եթերի դիտարկում: Ու ըստ նրա՝ թերեւս նաեւ այս հանգամանքով է պայմանավորված, որ եթերը փոքր-ինչ ավելի մատչելի է դարձել խորհրդարանական ընդդիմության համար. «Սակայն էլի անհամաչափություն կա: Կան մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք հրավիրում են ՀԺԿ ներկայացուցիչներին, իսկ որոշ ալիքներ բացարձակապես չեն հրավիրում՝ այդպես է, ասենք, Հ2-ի պարագայում: Այս հեռուստաալիքը ամիսներ առաջ մի 10 րոպեանոց հարցազրույց է հեռարձակել Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ այլեւս որեւէ հաղորդում չի եղել, եթե հաշվի չառնենք «Էլի մի ձայն» երգիծական ծրագիրը, ուր մշտապես փորձում են նմանակել Ստեփան Դեմիրճյանի ձայնը»:
Հարցին, թե արդյոք ընդդիմության գործունեությունը բավարար լուսաբանվո՞ւմ է եթերում՝ Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Հնարավոր չէ սա բավարար համարել, քանի որ խոսքը ոչ միայն րոպեների մասին է, որոնք տրամադրվում են այս կամ այն ընդդիմադիր կուսակցությանը, այլ նաեւ այն «երանգների» եւ մեկնաբանությունների, որոնցով սովորաբար ուղեկցվում են ընդդիմադիրների մասին նյութերը: Իսկ երբ նույնիսկ ուղիղ եթեր են հրավիրվում ընդդիմադիրները՝ սովորաբար ակնհայտ է լինում, որ հրավերն արվել է ոչ թե նրա համար, որ տվյալ կուսակցության կամ գործչի տեսակետը պարզաբանվի, այլ ինչ-որ ծրագիր, նպատակ կա՝ հարցերով փորձ է արվում վարկաբեկել տվյալ քաղաքական ուժին կամ գործչին: Տպավորություն է ստեղծվում, թե այդ հարցերը մշակվում են ոչ միայն նույն կենտրոնում, այլ անգամ նույն մարդու կողմից՝ այնքան նման են հաղորդումից հաղորդում, հարցազրույցից հարցազրույց կրկնվող այդ հարցերը եւ նրանց ուղղվածությունը»: Ռուզան Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ կան ընդդիմադիր ուժեր եւ գործիչներ, որոնք ընդհանրապես մուտք չունեն եթեր:
Եռակի դիտարկումն էլ չի օգնում Րաֆֆիին
Մարտի 9-ին «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի վերաբերյալ կուսակցության հաղորդագրության մեջ է անգամ նշված, թե չկար եւ ոչ մի հեռուստալրագրող, բացի «Երկիր Մեդիա»-ից:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այժմ նշեց. «Ծանոթանալով նախագահի մամուլի գրասենյակի անցկացրած այդ, այսպես կոչված, մոնիտորինգի հետ՝ կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ ի՛նչ մակարդակով Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում երկիրը՝ նույն պրոֆեսիոնալ մակարդակով էլ նրա մամուլի քարտուղարն է անցկացրել մոնիտորինգ: Սա ուղղակի հեգնանք է մոնիտորինգ հասկացության նկատմամբ: Ասենք, նման ձեւակերպումներ են օգտագործել. «Եթերում հանդես են եկել, ընդ որում՝ ո՛չ մեկ անգամ, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ու ղեկավար մարմինների ներկայացուցիչները, որոնք հայտ են ներկայացրել՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին»։ Պարզ չէ, թե սոցիոլոգիական ո՞ր տերմինին է համապատասխանում այդ «գրեթե»-ն: Մենք չգիտենք, թե ըստ իրենց՝ այդ «գրեթե»-ի մեջ, օրինակ, «Ժառանգությունը» մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց կարող եմ ասել, որ եղել է իրոք պրոֆեսիոնալ մի դիտարկում, որն անցկացրել է Երեւանի մամուլի ակումբը, եւ այս հետազոտության մեջ վայրկյան առ վայրկյան արձանագրվել է, թե ո՛ր հեռուստաընկերությունը ո՛ր քաղաքական ուժին որքա՛ն եթերաժամանակ է տրամադրել, անդրադարձել եւ այլն: Փետրվարի տվյալներով հստակ երեւում է, որ կան քաղաքական 3 ուժեր՝ «Ժառանգությունը», «Հանրապետությունը» եւ «Նոր ժամանակներ»-ը, որոնք ամբողջապես ենթարկվել են տեղեկատվական շրջափակման: Իսկ եթե գիտեք, թե ինչ կարգով են Հայաստանում իրագործվում նման կարգի շրջափակումները, կարող եք նաեւ կռահել, թե միայն ում հրահանգով են անխտիր բոլոր հեռուստաընկերությունները նման տեղեկատվական շրջափակում իրականացնում այս ուժերի հանդեպ: Սակայն եթե պրն Սողոմոնյանը կարողանա մեզ ցույց տալ, թե անցած ողջ տարվա ընթացքում ո՞ր հեռուստաալիքով է լուսաբանվել «Ժառանգության» որեւէ միջոցառում, կամ նրա առաջնորդներից որեւէ մեկը հրավիրվե՞լ է եթեր՝ կասեմ, թե սխալվել եմ: Բայց նման բան չկա՛»:
«Դարակազմիկ մտքեր»
Այսպես է որակել «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի վերոհիշյալ հայտարարությունները: Նրա իրականացրած դիտարկման արդյունքներն, ըստ հաղորդագրության՝ «Որեւէ կապ չունեն իրականության հետ, քանզի չեն արտացոլում լրատվության ամբողջական պատկերը: Պարոն Սողոմոնյանին խորհուրդ կտայինք մակերեսային մտավարժանքներ կատարելու փոխարեն՝ ծանոթանալ Երեւանի Մամուլի ակումբի կողմից օրերս հրապարակված հավաստի եւ մասնագիտական դիտարկման արդյունքներին»: ՆԺԿ-ն նաեւ պնդում է, թե «Վիկտոր Սողոմոնյանը ՀՀ իշխանությունների հրահանգով ուղղորդում է հեռուստաընկերությունների աշխատանքը եւ համակարգում ընդդիմադիր գործիչներին եթեր տրամադրելու կամ չտրամադրելու հարցը»: Իր հաղորդագրությունը ՆԺԿ-ն եզրափակել է այսպես. «Պետք է արձանագրել այն ցավալի իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատող անձինք շատ կարճ ժամանակամիջոցում դառնում են ստախոս»: