Ըստ Հունաստանում բնակվող դաշնակցական Գասպար Կարապետյանի, ՀՀ քաղաքացի դառնալով կարելի է ավելի օգտակար լինել հայրենիքի համար:
Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Գասպար Կարապետյանին, ով անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի օգնության եւ ծրագրերի իրականացման գործում, հարցրինք՝ ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է օգտվել երկքաղաքացիություն ստանալու իրավունքից եւ դա իրեն ինչո՞ւ է հարկավոր: Պարոն Կարապետյանն ասաց, որ առաջին առիթի դեպքում ինքն անմիջապես կվերցնի երկքաղաքացիություն. «Երկքաղաքացիությունը մեզ համար կյանքի երազանք էր: Մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ մեր հայրենիքը ազատ եւ անկախ կլինի: Մեկը, որ իրեն այս երկրի քաղաքացի պիտի զգա, եթե առաջներում տասն էր անում Հայաստանի համար, հիմա հարյուրը կանի: Ժամանակին շատ վատ եւ ծանր տպավորություն ստացանք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք արտգործնախարար Վահան Փափազյանը այցելել էր Հունաստան եւ մեր կողմից իրեն հարց տրվեց երկքաղաքացիության վերաբերյալ, նա պատասխանեց՝ եկեք ապրեք Հայաստանում, ինչպես չինացին կամ հնդիկը կարող են գալ եւ ապրել: Մենք շատ վիրավորվեցինք այդ խոսքերից: Ուզում եմ հստակեցնել. այստեղ՝ Հայաստանում, հավանաբար, սխալ է հասկացվում երկքաղաքացիության իմաստը: Մեզ համար երկքաղաքացիությունը չի նշանակում՝ գալ այստեղ քվեարկել եւ դրսից պարտադրել մեր կամքը՝ Հայաստանի քաղաքական կյանքին: Մեր ուզածը դա չէ»: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ է իրենց ուզածը, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Հիմնականն այն է, որ մենք մեր հայրենիքի քաղաքացին պետք է լինենք եւ քաղաքացի լինելով՝ պետք է փորձենք ավելի մոտիկից հետեւել հայրենիքի կյանքին, գալ Հայաստան՝ գործեր եւ ձեռնարկումներ ունենալ եւ այդպիսով մասնակից դառնալ ու նպաստել երկրի տնտեսական աճին: Եթե հոգեպես դու քեզ երկրի անդամ ես զգում, ավելի մեծ են հնարավորությունները, որ շատ ավելի օգտակար կլինես երկրի համար: Սխալ տպավորությունը, որ իբր մեր՝ սփյուռքահայերիս ուզածը երկրի քաղաքական կյանքին մասնակից լինելն է, պետք է փարատվի»:
Նկատեցինք, որ կան սփյուռքահայեր, որ դեմ չեն նաեւ երկրի քաղաքական կյանքին մասնակից լինել, եւ, մեր կարծիքով, շատերը հենց դա էլ ուզում են: Գասպար Կարապետյանը համամիտ չէր եւ ասաց. «Այո, ես, որպես դաշնակցական, երջանիկ կլինեմ, եթե իմ կուսակցությունը Հայաստանում իշխանություն լինի եւ կարողանա իրագործել իր գաղափարական սկզբունքները, բայց մեր բուն միտքը չէ, որ գանք այստեղ եւ ազդենք հայրենիքի ներքին քաղաքական կյանքի վրա»: Այնուամենայնիվ, բացի զգայական բաներից, հայրենիքի հանդեպ կան որոշակի պարտավորություններ, որ ունի Հայաստանում ապրող քաղաքացին, իսկ դրսում ապրողները, փաստորեն, միայն արտոնություններ են ունենալու: Այդ դեպքում հավասարության սկզբունքը չի պահպանվելու: Պարոն Կարապետյանը իր հերթին նկատեց. «Մի կարծեք, որ մենք դրախտի մեջ ենք ապրում: Գուցե այստեղ ապրող քաղաքացիներն ավելի շատ դժվարություններ ունեն, բայց մենք այլ երկրներում ապրելով՝ եւս տնտեսական վատ կացության մեջ ենք լինում, մենք էլ ունենք դժվարություններ: Բայց երկքաղաքացիություն ունենալով, եթե կուզեք, մենք ավելի կզգանք, թե ինչպես են ապրում մեր հայրենակիցները եւ, հավանաբար, հնարավորը կանենք, որ այդ դժվարությունները ոչ մենք զգանք եւ ոչ էլ մեր հայրենակիցները»:
Մեր զրուցակիցը թեպետ շեշտում էր, որ իրենք մտադիր չեն ազդել երկրի ներքին քաղաքական կյանքի վրա, սակայն համամասնական ընտրակարգով ընտրելու իրավունքի դեպքում, այսպես կամ այնպես՝ մասնակցելու են քաղաքականությանը: Ըստ Գասպար Կարապետյանի, նման ազդեցություն հնարավոր չէ. «Հնարավոր չէ, որ նույն թվականին հազարավոր մարդիկ գան եւ ազդեն ընտրությունների վրա: Ես իբրեւ հայ չէի ուզի սա ասել, բայց մենք եւս տեսնում ենք, թե Հայաստանում ընտրությունների ժամանակ ինչեր են լինում եւ ինչ ազդեցություններ են լինում հենց նրանց կողմից, ովքեր հավանաբար ընդդիմախոս են երկքաղաքացիության գաղափարին»: