Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 12,2007 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

\"a\"

 

 

Գիրք չորրորդ

Գլուխ տասնմեկերորդ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵՐ

Չնայած Իսրայելյան Սաղաթելի հուղարկավորության օրն Աշնակում Դանիկին տված խոստումս պարտավոր եմ կատարել եւ կատարելու եմ, բայց, ինչպես տեսնում եք, հնարավորինս ձգձգում եմ էդ, ուրեմն, կատարման պահը, որովհետեւ համոզված եմ, որ եթե էդ խոստումս Դանիկի համեմունքներով հանդերձ կատարեմ, մի նոր ու կատարյալ գրոհ է սկսվելու էս անկատար ու անիմանալի վեպիս դեմ, ավելի ստույգ՝ էս վեպիս լեզվի դեմ, եւ շատ հնարավոր է, որ առաջին հարվածը հենց Դանիկի աղջկանից՝ Ռիտայից ստանամ, քանի որ Ռիտան էս պահի դրությամբ «Հայարտի» կլորների տնօրենն է ու ժամանակ առ ժամանակ վասն մեր լեզվի մաքրության ու պահպանության ասուլիսներ ու քննարկումներ է կազմակերպում. այնպես որ, շատ հնարավոր է, մի հատուկ քննարկում էլ ինձ ու էս վեպիս նվիրի, եթե, իհարկե, իր հոր պատվերն ու խնդրանքն անմնացորդ կատարեմ, ավելի ճիշտ՝ եթե համարձակվեմ Դանիկի էդ պատվերն անմնացորդ կատարել, այն է՝ կոնսերվատորիայի աղջկերքի ու մեր պատմությունը գրել այնպես՝ ինչպես որ եղել է, իսկ եղել է այն, ինչն արդեն շուրջ քսանհինգ տարի է՝ բոլորը բոլորին պատմում են, եւ պատմելիս ոչ ոքի մտքով չի անցնում շրջանցել Դանիկի համեմունքները, ու Դանիկը, որ իր գիտակցական կյանքի հատկապես երկրորդ կեսում հազար ու մի գրող է տեսել եւ մի ամբողջ գրող էլ անձամբ է մեր ազգին ու մեր գրականությանը պարգեւել, մտածում-մտածում ու ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էդ գրողներն ու իր Ռոլանդն էլ ներառյալ՝ շարունակ իրենից մեջբերումներ են անում, իր ասածներն ու ուշունցները մեկին մեկ կրկնում են՝ որեւէ բառ ու համեմունք չշրջանցելով ու բաց չթողնելով, բայց հենց հերթը հասնում է գրելուն, էդ գրող կոչեցյալներն անմիջապես ու միասնաբար մոռանում են իր էդ ասածներն ու շարունակ ինչ-որ անհամ բաներ են բստրում ու մոգոնում, եւ իր էս մտորումներն ու մտահոգությունը Դանիկն ինձ փոխանցեց Իսրայելյան Սաղաթելի հուղարկավորության օրը՝ Աշնակում, ու էդ ձնաբքին իր էդ մենախոսությունը լսելով՝ մտածում էի՝ արդյո՞ք պատահականություն է, որ Դանիկն անձամբ ինձ է հայտնում իր էդ մտահոգությունները, թե՞, այնուամենայնիվ, ես հենց նա եմ, ում հետ էդ հարցերում պիտի կիսվեր, եւ հիմա որ մտածում եմ՝ արդեն մանրից սկսում եմ հասկանալ, որ իմ ու Դանիկի գրական խնդիրներն ու մտահոգությունները գրեթե նույնն են, այսինքն, երկուսիս էլ հույժ մտահոգում է, թե ինչպե՞ս է, որ մենք կյանքում ընդունում ու սիրում ենք մի բան, իսկ գրականության մեջ միանգամայն այլ բան ենք ընդունում ու սիրում, ու էս ընթացքում նաեւ սկսում եմ հասկանալ, որ գրական խնդիրներով ի խորոց սրտի մտահոգվելու համար ամենեւին էլ պարտադիր չէ գրող կամ գրականագետ լինելը եւ առավել եւս պարտադիր չէ պետական ու այլեւայլ մրցանակներ ստանալը, եւ նույնիսկ կանոնավոր ու պարբերական ընթերցող լինելը պարտադիր պայման չէ, ու էդ առումով միակ պարտադիր պայմանը կյանքի ու գրականության կապը մշտապես զգալու եւ կյանքի ու գրականության պահանջներն ի վերջո նույնացնելու եւ նույնացած տեսնելու տվածուրիկ ու անիրական ցանկությունն է, այսինքն այն, ինչով լեփլեցուն է Դանիկն ու ինչից իսպառ դատարկված են շատերը՝ ներառյալ գրողներս, այլեւայլ գրականագետներն ու գրագետները, պարբերական ու նաեւ դեպքից դեպք ընթերցողները, մինչդեռ կյանքի ու գրականության կապն ու էդ կապի անհրաժեշտությունն զգալու տվածուրիկ էդ զգացողությունը գուցեեւ շատերին է տրված, բայց էդ զգացողությունը գրեթե ոչինչ է, եթե տվածուրիկ էդ զգացողությունդ երբեւէ չես օգտագործում, ավելի ճիշտ՝ երբեւէ էդ զգացողությունիցդ չես օգտվում, որովհետեւ դա իսկապես օգտվելու բան է, բայց քչերն են օգտվում, որովհետեւ էդ զգացողությունից օգտվելու համար նախ պիտի կյանքը սիրես ու հետո նոր՝ գրականությունը, իսկ կյանքը սիրելու հատկությունը ո՛չ բոլորին է հատուկ, որովհետեւ էս հատկությունը եւս տվածուրիկ շնորհների շարքին է դասվում, ու չնայած բոլորին թվում է, թե իրենք կյանքը սիրում են, բայց իրականում էդ բոլորը ո՛չ թե կյանքն են սիրում, այլ ընդամենն ու միայն՝ լավ կյանքը, եւ էդ բոլորը ո՛չ թե ապրել են սիրում, այլ միայն ու միայն՝ լավ ապրել, որովհետեւ կյանքը սիրելն անհամեմատ դժվար է, քան՝ լավ կյանքը սիրելը, եւ ապրել կարողանալն անհամեմատ բարդ գործ է, քան՝ լավ ապրել կարողանալը, որովհետեւ լավ կյանք ու լավ ապրել սիրողները շատ հաճախ ոչ թե բուն կյանքն ու բուն ապրելն են սիրում, այլ ընդամենն ու միայն՝ կյանքի ու ապրելու հանգամանքները, ընդ որում՝ կյանքի միանգամայն երկրորդակա՛ն հանգամանքները, որոնք շատ հաճախ կյանքի ու ապրելու հետ որեւէ առնչություն չունեն եւ շատ ավելի հաճախ հենց էդ երկրորդական հանգամանքներն են մարդուն շարունակաբար կյանքից կտրում ու խանգարում ապրել, բայց քանի որ շատ հաճախ էդ խանգարող հանգամանքները չափազանց շողշողուն ու չափազանց գայթակղիչ են, շատերի աչքերն են շոյվում էդ պսպղան ու գայթակղիչ հանգամանքներից, եւ արտաքուստ պսպղան ու գայթակղիչ էդ երկրորդական ու խանգարիչ հանգամանքները մի պահ էնքան գլխավոր ու կարեւոր են դառնում, որ հանուն էդ երկրորդական հանգամանքների՝ մեծուփոքր զանազան երկրներ պատերազմներ են մղում իրար դեմ, եւ հանուն էդ երկրորդականի՝ միլիոնավորներս խաբում, լլկում ու դավաճանում ենք իրար, եւ էդ երկրորդականից գայթակղությունն էնքան մեծ է, որ ասածս էդ պատերազմները շատ հաճախ տասնամյակներ են ձգվում ու տեւում, եւ սովորաբար դավաճաններն արդեն սկսում են նաեւ սեփական հայրենիքին դավաճանել, եւ հայրենիքին չդավաճանողներն էլ իրենց մոտիկներին ու հարազատներին են դավաճանում հանուն հայրենիքի, ու էդ տեսակ-տեսակ դավաճանությունները տեղի են ունենում հանուն շողշողուն ու պսպղան էդ երկրորդականի, որը միայն էս թղթիս վրա ու իմ ասելով է երկրորդական, իսկ իրականում իրենով է արել բոլորիս ու իրենով լցոնել է էս կյանքի ամեն ծակուծուկերն ու էդ ծակուծուկերից էս համատարած խավարի մեջ էնպես է պսպղում ու պեծին տալիս, որ շլացնում է անգամ երդվյալ չշլացողներին, եւ շատ հաճախ երդվյալ չշնացողներին է շնացնում ու փչացնում, եւ շատ հաճախ էդ երկրորդականի հանդեպ գայթակղությունն էնքան է մեծանում ու սաստկանում, որ էդ երկրորդականը ո՛չ միայն իրենով է անում բոլորին ու իրմով լցոնում էս կյանքի մեծուփոքր բոլոր ծակուծուկերը, այլեւ շնչելու սովորական օդն է իրենով անում, եւ շատ հաճախ նույնիսկ էս ճերմակ թուղթն է իրենով անում՝ էս ճերմակ թղթի բուն ու մաքրամաքուր էությունը հիմնավորապես փոխելով ու ապականելով, եւ հանուն էդ երկրորդականի՝ էս ի ծնե մաքրամաքուր ու ճերմակ թուղթն է կեղտոտվում ու սեւանում, եւ հենց էդ դեպքերում է, որ շատ հաճախ մաքուր ու ճերմակ թուղթն առավել իմաստավոր է, քան՝ գրված ու խզբզվածը, եւ հենց էդ դեպքերում է սպիտակ ու մաքրամաքուր կտավը գերադասելի նկարվածից, բայց գերադասելի է միայն ու միայն էն դեպքերում, եթե գերադասողը կա ու դեռեւս վերջնականապես չի մեռել ու չի վերացել, եւ երբ զգում ու հասկանում ես, որ գերադասողը կա՝ վերջնականապես չի մեռել ու չի վերացել, եւ երբ նաեւ հասկանում ես, որ էդ գերադասողն ամենեւին էլ ինքդ չես, սկսում ես էդ գերադասողին փնտրել քեզնից դուրս ու ամենուր, եւ քեզնից դուրս որեւէ տեղ պատահաբար հանդիպելով ու հայտնաբերելով էդ գերադասողին՝ սիրո ու նվիրվածության նշաններ ես սկսում փոխանցել, բայց քանի որ սիրուց ու նվիրվածությունից տեւականորեն հետ ես վարժված, երկրորդականով ներծծված օդի մեջ սերդ ու նվիրվածությունդ վերածվում են ամենասովորական քծնանքի, որովհետեւ սերը հոգի ու մարմին ունի միմիայն բուն կյանքում, այլ ոչ թե՝ լավ ու բարեկեցիկ կյանքում, եւ իսկական սերն էլ ընդամենը ապրում են, այլ ոչ թե՝ լավ են ապրում, ընդ որում՝ ապրում են ոչ թե լավ ապրողները, այլ՝ պարզապես ապրողները, բայց պարզապես ապրողներն է՛լ են երբեմն-երբեմն շեղվում լավ ապրելու ուղղությամբ, երբեմն-երբեմն իրենք էլ են փայլփլուն ու պսպղան բաներ սկսում սիրել, ընդ որում՝ էդ փայլփլուն ու պսպղան բաներն սկսում են դուր գալ լավ կյանքին ու լավ ապրողներին առնչվելիս, դեպքից դեպք, ասենք, հարսանիքների ժամանակ, եթե, իհարկե, սրանց հիշող ու սրանց հարսանիքի հրավիրող է գտնվում, եւ երբ մեկի կողմից հիշվում ու հրավիրվում են, շատ հաճախ շեղվում ու սկսում են մտածել, որ ապրելուց բացի՝ նաեւ լավ ապրել կա, ու էսպես նորովի մտածելով՝ էդ հարսանիքների ընթացքում ու էդ հարսանիքներից հետո ահագին ժամանակ էլ իներցիայով են շարունակում լավ ապրելու մասին մտածել եւ նույնիսկ երազել, եւ որոշ դեպքերում ու որոշների մոտ էդ իներցիան էնքան երկար է տեւում, որ էդ իներցիայի վերջն արդեն չի նշմարվում, ու էդ իներցիայից եւ էդ իներցիայի մեջ պղտորվելով ու հարամվելով՝ պղտոր, հարամ ու կեղծ երազների ու երազանքների խորխորատն են անվերադարձ մխրճվում եւ որոշ դեպքերում հաջողացնում են էդ կեղծ ու պղտոր երազանքներն իրականության վերածել, իսկ որոշ ու ավելի դեպքերում էլ մինչեւ կյանքի վերջ էդպես պղտորված ու հարամված մնում են, այսինքն, որոշներն սկսում են լավ ապրել, իսկ առավել որոշակիներն էլ լավ ապրելու տենչից ու մարմաջից վերջնականապես չորանում ու ցամաքում են՝ հիշողության ամենավերջին նշույլներն անգամ կորցնելով ու չհիշելով, որ երբեւէ ապրել են, այսինքն, լավ ապրելն ու լավ ապրելու տենչը ո՛չ միայն խանգարում են ապրել, այլեւ ջնջում ու վերացնում են նախկինում ապրածդ, եւ նախկինում ապրածդ էնպես անհետ է ջնջվում ու կորսվում, որ տակը համարյա ոչինչ չի մնում՝ ո՛չ մանկություն, ո՛չ պապ, ո՛չ տատ, ո՛չ ծնող, ո՛չ քույր ու եղբայր, ո՛չ բարեկամ ու ազգական, եւ եթե էս ասածներս երբեմն մնում են ու չեն ջնջվում, դա պատահում է միայն էն դեպքերում, երբ ողջ գերդաստանով ու ազգուտակով եք որոշած լինում լավ ապրել, եւ մեկիդ լավ ապրելը մյուսիդ լավ ապրելուն ո՛չ միայն չի հակասում ու չի խանգարում, այլեւ օգնում է՛լ է, բայց էդ չհակասելն ու օգնելն է՛լ են միանգամայն ժամանակավոր, որովհետեւ ախորժակդ ուտելիս է բացվում, ու հընթացս սկսում ես մտածել, որ էս կյանքը լավ ապրելով չի սահմանափակվում, եւ, լավ ապրելուց բացի, ավելի՛ լավ ապրել կա, եւ երջանիկ չլինելդ արդեն դրանով ես սկսում պատճառաբանել, եւ քանի որ արդեն բացարձակապես անցյալովդ չես ապրում, այլ միայն՝ ներկայով ու ապագայով, երբեւէ չես հիշում, որ նախկինում ո՛չ միայն ապրել, այլեւ երջանիկ է՛լ ես եղել, բայց էս ասածիս ճիշտ հակառակն էլ է պատահում, ու էդ հակառակն էլ առանձնապես մի բան չի, ու էս ասածս ավելի հասկանալի դարձնելու համար հիմա պիտի հիշեմ ու հիշեցնեմ, որ մարդու ու մարդկային մի տեսակ էլ կա, որ ներկայով ու ապագայով բացարձակապես չի ապրում, այլ միայն՝ անցյալով, եւ սրանք վերստին չապրողներ ու լավ ապրողներ են, ավելի ճիշտ՝ չապրածներ ու լավ ապրածներ, որոնք նույնպես պսպղան բաներից շլացող են, բայց որոնց պսպղան բաները մնացել են չափազանց հեռու ու չափազանց խորը անցյալում, ու սրանք էլ են ժամանակին իրենց սրտի ուզածն ստացել՝ առանց Բարձրյալից որեւէ բան խնդրելու, բայց ժամանակը փոխվել է, ու սրանց ստացածը հետ է վերցվել, այսինքն, ինչպես հանկարծակի ու պատրաստի ստացել էին, էդպես հանկարծակի էլ հետ են հանձնել, ավելի ճիշտ՝ ինչպես հանկարծակի տրվել էր, էդպես հանկարծակի էլ հետ է վերցվել, ու էդ մարդիկ, որ ստանալիս անակնկալի չէին եկել ու հեչ չէին զարմացել, կորցնելուց հետո անակնկալի գալիս եւ շատ են զարմանում, ու չնայած ստանալիս չեն մտածել, թե՝ ո՞նց եղավ, որ հենց իրենք ստացան, հիմա տքնաջանորեն մտածելու փորձեր են կատարում ու փորձում են հասկանալ, թե՝ ո՞նց եղավ, որ հենց իրենց ստացածն ու ունեցածն անէացավ, եւ քանի որ նախկինում չգիտեին, որ իրենց տրվել ու մատուցվել է, հիմա էլ չեն հասկանում, որ տրվածն իրենցից հետ է վերցվել, եւ առավել եւս չեն հասկանում, որ մատուցողն ու հետ վերցնողը նույն Մարդն է, եւ արդեն ընդհանրապես դադարում են որեւէ բան հասկանալ, որովհետեւ իրենց քարացած ուղեղներն արդեն ի վիճակի չեն մտածել ու հասկանալ, բայց հիմա ճարահատյալ փորձում են մտածել եւ որեւէ բան հասկանալ, որովհետեւ ժամանակը մտածելու պահանջ է ներկայացնում, եւ ոչ միայն ժամանակն է մտածելու պահանջ ներկայացնում, այլեւ՝ հանգամանքներն ու սոցիալական վիճակները, ու էդ մարդիկ, որ անակնկալ ու հանկարծակի են ձեռնունայն վիճակում հայտնվել, ճարահատյալ փորձում են շարժել իրենց քարացած ուղեղները, որովհետեւ ձեռնունայն ու անելանելի վիճակում հայտնվածը մտածելուց բացի՝ անելու այլ բան չունի, եթե նույնիսկ մտածելու կարողությունից իսպառ զրկված լինի, եւ քանի որ էդ կարոտախտով տառապողները մտածելու ընդունակությունը վերջնականապես են կորցրել, եւ քանի որ արդեն մտածելուց բացի ուրիշ անելիք չունեն, ստիպված ու ճարահատյալ մտածում-մտածում են եւ մշտապես հանգում են էն եզրակացությանը, թե՝ ժամանակներն են փոխվել, եւ քանի որ իրենք սովոր չեն իրենց իսկ սխալը նկատել եւ իրենց սխալի շուրջ մտմտալ, իրենց էս ձեռնունայն ու անելանելի վիճակների ողջ մեղքը ժամանակի վրա են բարդում, ու չնայած ժամանակի հանգամանքն իսկապես կա, բայց ժամանակի հանգամանքը բոլորի համար հավասարապես կա, այսինքն, նոստալգիկներս ճարահատյալ մտածելով՝ ընդամենը մի չափազանց աննշան, բայցեւ չափազանց կարեւոր նրբություն չենք հասկանում, այն է՝ ժամանակները ո՛չ թե փոխվում, այլ պարզապես անցնում են, եւ նմանապես ու առանձնապես անցողիկ է կարոտախտով տառապողներիս ժամանակը, որովհետեւ ժամանակ կոչվածն անդառնալիորեն անցնելու ու անհետանալու չափազանց դինամիկ հատկություն ունի եւ մշտապես անցնում ու անհետանում է՝ ինչպես որ մարդիկ են անդառնալիորեն անցնում ու անհետանում, ընդ որում՝ ժամանակն ու մարդիկ միանգամայն սինքրոն են անցնում ու անհետանում, եւ եթե անցյալով սնվողներս կարծում ենք, թե ժամանակն ու մարդիկ ո՛չ թե անցնում են, այլ՝ փոխվում, դա նրանից է, որ անցյալով սնվող ճարահատյալ մտածողներս դեռեւս հույսեր ենք փայփայում, թե՝ եւս մի անգամ մեր ժամանակն ու մենք կարող ենք կրկնվել, ընդ որում՝ կրկնվել մեր իսկ ճաշակով ու մեր իսկ ուզածով, եւ չնայած ժամանակն ու մարդիկ իսկապես կրկնվելու հատկություն ունեն, բայց ռոմանտիկներս չգիտենք ու չենք էլ համարձակվում իմանալ, որ եթե նույնիսկ ժամանակը կրկնվում է, կրկնվում է միանգամայն ա՛յլ ժամանակի մեջ եւ միանգամայն ա՛յլ մարդկանց համար, եւ եթե մարդն է կրկնվում, կրկնվում է միանգամայն ա՛յլ մարդու մեջ եւ միանգամայն ա՛յլ ժամանակի համար, ու էս ասածս բուդդիզմի հետ ոչ մի կապ չունի ու, ընդհակառակը, մեր առաքելական եկեղեցու հայացքներին ավելի է հարիր, եւ եթե մեր առաքելական եկեղեցին մեզանից ապաշխարություն է ակնկալում, դա բնավ չի նշանակում, թե մեզ վերստին կոնկրետ, շոշափելի ու պսպղան ինչ-որ բան է տրվելու, այլ ընդամենը նշանակում է, որ միանգամայն անկեղծ խոստովանության դեպքում մեր մեղքերը կարող են ներվել, ու չնայած էս ասածս դեռեւս չի նշանակում, թե մենք էս երկրային ժամանակահատվածում այլեւս որեւէ ռեալ ու շոշափելի ստանալիք չունենք, այդուհանդերձ, մենք ոչ թե նորանոր ու նյութավոր ընծաներ պիտի ակնկալենք, այլ ընդամենը՝ մեղքերի թողություն, ընդ որում՝ մեղքերի ընդամենը մասնակի թողություն, որովհետեւ մեր մեղքերի լիակատար թողությունն անհնարին է ո՛չ թե էն պատճառով, որ մենք խոստովանելիս թաքցնում ենք մեր գործած մեղքերի մի պատկառելի քանակությունը, այլ է՛ն միանգամայն օբյեկտիվ ու միանգամայն հարգելի պատճառով, որ եթե մենք նույնիսկ շատ ուզենք, էլի չենք կարող վերհիշել ու ի մի բերել մեր գործած բոլոր մեղքերը՝ էնքան որ շատ են, բայց էս ասածներս բնավ չեն նշանակում, թե մենք մեղքերի մասնակի թողություն ստանալով՝ այլեւս պիտի դադարենք խնդրել, մանավանդ որ՝ մեղքերի թողությունն է՛լ է խնդրելով ստացվում, եւ եթե մեղքերիդ թողությունից բացի՝ երբեմն նաեւ նորանոր ու նյութավոր այլեւայլ ընծաներ է՛լ ես ստանում, դա բնավ չի նշանակում, թե քեզ պարտք էին ու էդ պարտքն են տալիս, այլ ընդամենը նշանակում է, որ քեզ միանգամայն նոր փորձության առաջ են կանգնեցնում՝ մի վերջին կամ, լավագույն դեպքում, նախավերջին անգամ անհագությանդ ու երախտամոռությանդ ստույգ աստիճանն իմանալու ու ճշտելու համար, ու չնայած էս ասածներս հերթական շատախոսությունս են համալրում, ես արդեն վերջնականապես եմ պարզել, որ խոսելով ու շատ խոսելով չի, ու վերջնական գնահատականը տրվելու է ո՛չ թե մեր ասածներին ու գրածներին, այլ միայն ու միայն՝ մեր արածներին, եւ Շառոյան Դանիկի դեպքում էլ է էդպես լինելու, ու Դանիկի ուզածն էլ է հենց էդ, այն է՝ ժամանակակիցներս ոչ թե իր հայհոյանքներն ընկալենք, այլ միմիայն՝ իր արարքներն ու իր մինուճար հոգին, այսինքն, ոչ թե իր շարունակական ու անվերջանալի ուշունցներին ականջ պահենք, այլ՝ միմիայն իր ներքին ձայնին ու ներքին խոսքին, եւ երբ դա չենք կարողանում կամ չենք ուզում անել, Դանիկն ավելի է բարկանում ու ավելի կատաղի է սկսում հայհոյել, ընդ որում՝ արդեն ոչ թե վերացական է հայհոյում, այլ անձամբ մեզ է հասցեագրում իր հայհոյանքը, որովհետեւ անձամբ մեզ վրա է բարկանում ու անձամբ մեր դեմ է չարանում, եւ իր սպասելիքներն ու ակնկալիքներն անձամբ մեզանից են, եւ անձամբ մեզանից իր ակնկալիքն ու սպասելիքն էն է, որ մենք ոչ թե ընդամենն ուրախանանք ու ցնծանք իր հայհոյանքներով, այլ երբեմն էլ՝ իր ներսերը թափանցենք, եւ եթե էս վերջինն անել չենք կարողանում ու չենք բաշարում եւ եթե ընդամենն իր հայհոյանքներն ենք ընկալում ու դրանցով ենք ուրախանում, գոնե մեր էդ ուրախությունը ոչ թե մեկուսի ու հասարակությունից թաքուն ապրենք, այլ բացեիբաց եւ, ինչու չէ, տեղն եկած տեղը նաեւ մեր գրավոր խոսքում արտահայտենք, որովհետեւ, չնայած Դանիկն է՛ն հազարավորներից է, որ մեզ չեն կարդում ու երբեւէ չեն կարդալու, բայց ինքն է՛ն հազվագյուտներից է, որ դեռեւս մեզ գրող են համարում, որովհետեւ մենք իր գրող որդու գրող ընկերներն ենք, եւ հենց էդ պատճառով է իր սիրտը մեզ համար ցավում, ու հենց է՛դ պատճառով է մեզ ավելի հաճախ հայհոյում, քան՝ կողմնակիներին, ու էդ պատճառով է նախընտրում՝ հենց մեզանով գոյատեւել եւ լինել, ու երեւի նաեւ էս հանգամանքն էր պատճառը, որ Իսրայելյան Սաղաթելի թաղման օրն Աշնակում Դանիկն անձամբ ի՛նձ պատվիրեց ու հանձնարարեց գրի առնել իր ու կոնսերվատորիայի աղջկերքի էդ պատմությունը՝ հայհոյանքներով ու ամեն ինչով հանդերձ:

Երբ ես ու Ռոլանդն արդեն դուրս էինք եկել Չաուշի թանգարանից, մեր դիմաց հայտնվեց կարմրած ու փրփրած Դանիկը:

– Էս ո՞ւր եք կորել, շան տղերք,- մեզ տեսնելով՝ գոռաց նա:

– Արմոյին Չաուշի թանգարանն էի ցույց տալի,- ասաց Ռոլանդը:

– Բա ձեր էդ բոզերի՞ն խի թանգարանը ցույց չես տալի,- հարցրեց Դանիկը:

– Ի՞նչ բոզեր,- զարմացավ Ռոլանդը:

– Որ հետներդ բերել եք,- ասաց Դանիկը:

– Բոզ չեն,- ասաց Ռոլանդը.- կարգին աղջկերք են:

– Որ կարգին աղջկերք են, խի՞ չես իրանց էլ Չաուշի թանգարանը ցույց տալի,- հարցրեց Դանիկը:

– Իրանք Չաուշից գաղափար չունեն,- ասաց Ռոլանդը:

– Արմենը գաղափար ունի՞,- ինձ նայեց Դանիկը:

– Մի քիչ,- ասացի ես:

– Որ ձեր էդ քածերին հետներդ բերեիք, հիմի իրանք է՛լ որոշ գաղափար կկազմեին,- ասաց Դանիկը:

– Իրանք ռուսախոս են,- ասաց Ռոլանդը.- էս թանգարանը դժվար թե իրանց հետաքրքրեր:

– Դաշնակների մեջ է՛լ են ահագին ռուսախոսներ էղել,- ասաց Դանիկը:

– Սրանք ուրի՛շ ռուսախոս են,- ասաց Ռոլանդը:

– Հայերեն լավ էլ ճտպտում են,- ասաց Դանիկը.- հայերեն ճտպտում ու խորովածը լավ էլ հուպ են տալի:

– Ի՞նչ խորոված,- զարմացավ Ռոլանդը:

– Ոչխարի,- ասաց Դանիկը:

– Խորովածն արդեն արել ե՞ք,- ավելի զարմացավ Ռոլանդը:

– Քեզ թվում էր՝ ձեր էդ քածերի հետ ժամերով պիտի նստեի՝ մինչեւ լայաղ անեիք հայտնվեի՞ք,- ասաց Դանիկը:

– Քած մի՛ ասա,- ասաց Ռոլանդը:

– Բա ի՞նչ ասեմ,- հարցրեց Դանիկը:

– Կոնսերվատորիա են սովորում,- ասաց Ռոլանդը:

– Որ կոնսերվատորիա են սովորում, չեն կարա՞ քած ըլնեն:

– Իրանց մոտ հանկարծ քֆուրիդ տոպրակը չբացես,- զգուշացրեց Ռոլանդը:

– Արդեն բացել եմ,- ասաց Դանիկը.- քֆուրիս տոպրակի մեջ արդեն բան չի մնացել:

– Խայտառակ ե՞ս արել,- հարցրեց Ռոլանդը:

– Ի՞նչ խայտառակ,- ասաց Դանիկը.- լավ էլ խնդմնդում էին. նույնիսկ դուրները գալիս էր:

– Երեւի չեն հասկացել,- ասաց Ռոլանդը.- դու հիմնականում մեր բարբառով ես քրֆում:

– Կարեւոր տեղերը լավ էլ հասկանում էին,- ծիծաղեց Դանիկը:

– Փաստորեն, խայտառակ ես արել,- հոգոց հանեց Ռոլանդը:

– Խայտառակը դուք եք, որ ձեր էդ տուրիստներին թողել եք վրես,- ասաց Դանիկը:

– Տուրիստ չեն,- ասաց Ռոլանդը.- կոնսերվատորիայի ուսանող են:

– Տուրիստն ու կոնսերվատորիայի ուսանողը համարյա նույն բանն են,- ժպտաց Դանիկը:

– Հիմի իրանք ի՞նչ են անում,- հարցրեց Ռոլանդը:

– Խորովածն են հուպ տալի,- ասաց Դանիկը:- Արագացրեք, թե չէ՝ ձեր փայն էլ կուտեն:

– Դու մեր փայն արդեն մեզ կերցրիր,- փնթփնթաց Ռոլանդը:

– Ժասիկն ու էրեխե՞ն իմալ ին,- Ռոլանդին հարցրեց Դանիկը՝ ակնարկելով ու հիշեցնելով Ռոլանդի ամուսնացած լինելը:

– Լավ են,- ասաց Ռոլանդը:

– Կբարեւես,- խեթեց Դանիկը:

– Ե՞րբ,- զարմացավ Ռոլանդը:

– Որ էս քածերի հետ էսօր հետ էթաք Էրեւան՝ Ժասիկին կբարեւես,- ասաց Դանիկը:

– Էսօր վայ թե Աշնակ մնանք,- ասաց Ռոլանդը:

– Ի՞նչ,- ապշեց Դանիկը:

– Ըտենց ենք պայմանավորվել,- ասաց Ռոլանդը:

– Ո՞ւմ հետ եք պայմանավորվել,- հարցրեց Դանիկը:

– Էդ աղջկերքի,- ասաց Ռոլանդը:

– Ղալա՛թ եք արել,- գոռաց Դանիկը:- Առանց ինձի հարցնելու, փաստորեն, իմ տուն բոզ ե՞ք բերել:

– Բոզ չեն,- կմկմաց Ռոլանդը.- կուլտուրական աղջկերք են:

– Անկուլտուրական որ ըլնեին՝ բոզ չէի ասի,- փնթփնթաց Դանիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել