Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք զիջումների»

Մարտ 12,2007 00:00

\"\"Հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը

Երեկ Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանելով ուսանողներից մեկի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցին՝ ասել է, որ թեեւ իրեն՝ որպես հայի, անհասկանալի է, թե հայկական կողմի զիջումը որը պետք է լինի, որովհետեւ իրեն թվում է՝ ԼՂ կողմից զիջումն արդեն եղել է 1994-ի մայիսի 12-ին, այդուհանդերձ, հավելել է. «Մենք մի քանի անգամ փորձել ենք դիմել միջազգային դատարան, բայց ոչ մեկին խնդրի իրավական եւ պատմական կողմը, դժբախտաբար, չի հետաքրքրում: Բոլորը փնտրում են քաղաքական լուծում, որը ենթադրում է փոխզիջում: Եվ եթե մենք պատրաստ ենք ինչ-որ մի բան զիջելու՝ առանց վնասելու մեր անկախությունն ու անվտանգությունը, ուրեմն դա նորմալ է»:

«Lragir. am»-ի փոխանցմամբ, ԼՂՀ նախագահը նաեւ հայտարարել է, որ «եթե մենք լինեինք շատ ուժեղ ու հզոր պետություն, ուրիշի կարծիքը մեզ չէր հետաքրքրի: Դժբախտաբար, մենք այդ պետությունը չենք, եւ դժվար թե մոտակա տարիներին դառնանք այն պետությունը, որ կռվենք ամբողջ միջազգային հանրության դեմ: Մենք փոքր երկիր ենք, շրջապատված ենք թշնամական երկրներով, հայտնվում ենք իզոլյացիայի մեջ, ու բնական է, որ այս իրավիճակում այդպիսի դիրքորոշում չենք կարող ունենալ: Դժբախտաբար, մեր ճիշտը չի ընդունվում միջազգային հանրության կողմից: Իհարկե, մեզ այսօր չեն ասում, որ պետք է գնաք փոխզիջումների, որովհետեւ սխալ ենք, այլ ասում են, որ փոխզիջումների պետք է գնաք, որովհետեւ հակառակ դեպքում հնարավոր է նորից պատերազմ սկսվի, կամ Հայաստանը եւ Ղարաբաղը դուրս մնան տարածաշրջանային պրոյեկտներից: Ասում են՝ Ադրբեջանը նավթ, գազ ունի եւ հնարավոր է՝ ուժեղանա եւ պատերազմ սկսի: Դրա համար մեր նպատակը հետեւյալն է. անել ամեն ինչ, որ պատերազմ չլինի»:

Նախագահ Ղուկասյանի խոսքերով, «մենք պատրաստ ենք զիջումների, բայց դրանք չեն վերաբերում սկզբունքային հարցերին: Մենք երբեւէ չենք հրաժարվելու մեր անկախությունից: Ամեն դեպքում, պետք է հասկանանք մի բան, որ 100 տարի պատերազմական եւ ռազմական վիճակում չենք կարող ապրել, պետք է խաղաղություն հաստատենք եւ ձգտում ենք դրան: Ես չեմ գտնում, որ մենք միշտ պետք է ադրբեջանցու մեջ թշնամի տեսնենք, եւ կուզենայի, որ նրանք էլ մեզ թշնամի չընդունեն: Պետք է համոզենք, որ Ղարաբաղը հանգիստ թողնեն, որ Ղարաբաղը վաստակել է իր անկախությունը, ի վիճակի է ինքնաբավ պետություն լինել եւ կառուցել ժողովրդավարական երկիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել