Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԸ ԼՑՎԵՑ»

Մարտ 12,2007 00:00

\"\"Մշակույթի մի շարք գործիչներ եւ ՀՀ քաղաքացիներ ստորագրել են մի փաստաթուղթ, որը նրանք անվանել են «դիմում-բողոք»՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Հարգարժան պետական այրեր, սույն հայտարարության բուն դրդապատճառը ծնունդ չի առել միանգամից, հենց այսօր:

Արդեն բազում տարիներ բոլորս էլ ականատես ենք մշակութակրթական, հոգեւոր այլակերպման եւ քաոսի, որին ակամայից, կարծես, մեղմ ասած՝ աջակցում է մեր պետության դատաիրավական համակարգը: Ստեղծվել է նորահայտ, այլընտրանքային լրատվամիջոց, որտեղից տարիներ շարունակ, բոլորիս աչքի առաջ, անպատիժ կերպով ոտնահարվում, վիրավորվում, վարկաբեկվում եւ զրպարտվում է հազարավոր քաղաքացիների անձը, պատիվը եւ տարրական իրավունքները: Միաժամանակ, այս ամենը, ցածրաճաշակ, անգրագետ եւ գռեհիկ հեռուստահաղորդումների եւ անհեթեթ ծրագրերի միջոցով, պղծում է բազմահազար հայ երեխաների միտքը, հոգին եւ բարոյական նկարագիրը: Այս ամենին զուգահեռ, անընդհատ խախտվում եւ անտեսվում են ՀՀ օրենքները՝ լեզվի, լրատվական միջոցների, մարդու իրավունքների եւ արժանապատվության մասին:

Նույն հեռուստաընկերության հեռարձակած եթերում տարիներ շարունակ, գրեթե ամեն օր, անհատապես վարկաբեկվում, զրպարտվում եւ վիրավորվում են մեր իրականության մեջ անուն եւ հեղինակություն վայելող արվեստագետներ, գիտնականներ, հոգեւորականներ, պետական այրեր, քաղաքական գործիչներ, ուսուցիչներ եւ այլք: Բավական է հիշել ընդամենը մի քանի անուն՝ մաեստրո Ջիվան Գասպարյան, պատվելի Պարգեւ Սրբազան, հայ երգի նվիրյալ Շուշան Պետրոսյան, հանրահայտ արտիստ Աշոտ Ղազարյան, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյան, թատերագիր Վահրամ Սահակյան եւ վերջապես՝ բեմադրիչ Արմեն Մազմանյան: Այս պարագայում տեղին է հիշեցնել այն տասնյակ բռի, գռեհիկ եւ վիրավորական արտահայտությունների մասին, որոնք վերաբերել են հանրապետության դատաքննչական համակարգին, եւ որոնցում հիշյալ համակարգի բոլոր ներկայացուցիչները ուղղակիորեն որակվել են որպես կաշառակերներ եւ պատվեր կատարողներ:

Հատկապես անհրաժեշտ ենք համարում կենտրոնանալ ամենակարեւոր եւ ամենագլխավոր գործոնի վրա. խոսքը վերաբերում է այդ եթերից քարոզվող հակազգային, հակամշակութային, ցածրաճաշակ «արվեստին», որտեղ Թումանյանի եւ Շիրազի լեզվամտածողությունը եւ Կոմիտասյան նվագը այլասերվում եւ պղծվում են մուսուլմանական մուղամով եւ փողոցային («քուչայական») բառապաշարով:

Իհարկե, բոլոր բանիմաց եւ ողջամիտ անձանց համար պարզ է, որ խնդիրը վերաբերում է «ԱԼՄ» անվանվող «Հոլդինգ»-ին եւ նրա ծնող Տիգրան Կարապետի Կարապետյանին (գիտությունների թեկնածու…)։ Բոլորս միամտաբար կարծում էինք, որ այս երեույթի վերաբերյալ, ըստ օրենքի պահանջի՝ վերջապես կզբաղվեն համապատասխան ատյանները, այն է՝ Լեզվի պետական տեսչություն, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով եւ վերջապես՝ ՀՀ դատախազություն:

Սակայն, դրա փոխարեն, ականատես եւ մասնակից եղանք անհեթեթ եւ զավեշտալի պատկերի։ Երբ վերջապես մեզանից մեկը բարձրաձայն պատասխանում է իր հասցեին հնչած զազրախոսություններին, զրպարտանքներին եւ վիրավորանքներին՝ «արդարադատությունը», չգիտես թե ինչու՝ միանգամից արթնանում է։ Եվ որպես արդյունք, քրեական գործ համար՝ 1-44, «ՀՀ քր. օրենսգրքի հոդված 135, մաս 1-ին եւ 136, մաս 1-ին (զրպարտություն եւ վիրավորանք): Մեղադրյալ՝ Արմեն Մազմանյան։ Հանրապետության լրատվական միջոցները բավականին բուռն կերպով մեկնաբանեցին այդ զավեշտալի դատական շոուն, որում հանրապետության քննչական եւ դատաիրավական մարմինները, օրինազանցության բարձրագույն չափանիշներով՝ հիշեցրին ստալինյան ժամանակաշրջանի հայտնի ծածկադմփոցները։ Արդյունքում Արմեն Մազմանյանը ճանաչվեց որպես քրեական հանցագործ, իսկ որպես հետեւանք՝ Տիգրան Կարապետյանը «սրբագրվեց» որպես գրագետ, ազնիվ, մանկասեր, պատվավոր քաղաքացի:

Այսքանից հետո մեր համբերության գավաթը լցվեց։ Եվ մենք մեր քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր կարծիքը անհեթեթության հասած այս գաղջ երեւույթի վերաբերյալ: Տեղեկացված լինելով, որ Արմեն Մազմանյանը բողոքարկել է սույն վճիռը, հավատալով, որ արդարությունն ու տրամաբանությունն, ի վերջո, կհաղթանակեն, լիովին լինելով Մազմանյանին համակարծիք եւ վստահաբար, հստակ գիտակցելով, որ վերջինիս կողմից Կարապետյանին բնութագրող արտահայտություններն ասվել են որպես երեւույթի իրական գնահատական, այլ ոչ որպես վիրավորանք, պահանջում ենք մեզ նույնպես ներգրավել սույն դատական գործառույթի մեջ՝ որպես մեղադրյալ:

Հայտարարությունը ստորագրել են՝

Արձակագիր Էդգար Կոստանդյան, ճարտարապետ Արսեն Կարապետյան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյան, տնտեսագետ-ֆինանսիստ Արթուր Պետրոսյան, լեզվաբան-մանկավարժ Լուսինե Սիմոնյան, «Հ2» հեռուստաընկերության հեղինակ-վարող Կարին Տոնոյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյան, հ/կ գործիչ, ռեժիսոր Գեորգի Վանյան, հեռուստահաղորդավար Հարություն Խալաֆյան, թատերագիր Վահրամ Սահակյան, հեռուստաինժեներ Արթուր Ասոյան, ռեժիսոր Սարգիս Միքայելյան, արտիստ Սերգուշ Բաբայան, արձակագիր Ավետիք Այվազյան, դերասան Մանուկ Հախվերդյան, երգիչ-երգահան Դավիթ Ամալյան, նկարիչ Գաբրիել Մանուկյան, հեռուստաօպերատոր, ազատ նկարիչ Սարգիս Մկրտչյան, ռեժիսոր-դոցենտ Աննա Հեքեքյան, դերասանուհի Նարինե Սուլթանյան, ազատամարտիկ, ոսկերիչ Աշոտ Հակոբյան, ռադիոինժեներ Լ. Ստեփանյան, դերասան Արա Սարգսյան, ռեժիսոր Արթուր Սահակյան, ռեժիսոր-դերասան Սամսոն Ստեփանյան, դերասան Վահագն Սիմոնյան, պրոդյուսեր Արմեն Համբարձումյան, «Հայֆիլմ» կ/ս նկարիչ-դիմահարդար Նելլի Խաչատրյան եւ, ինչպես գրված է «Առավոտին» ներկայացված փաստաթղթում, եւս տասնյակ ձայներ: Ստորագրահավաքը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել