Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասականին վարժեցրեք թեկուզ գովազդներով»

Մարտ 12,2007 00:00

\"\"Ֆրանսաբնակ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը կոչ է անում հայաստանյան հեռուստագովազդներում հնչեցնել դասական երաժշտություն:

Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդես եկավ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը:

Նա վերջերս էլ է հանդես եկել նվագախմբի հետ՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին՝ Մարսել եւ Լիոն քաղաքներում:

Մասնագետների կարծիքով, վիրտուոզ դաշնակահարը արտերկրում ունեցած իր հաջողությունների համար պարտական է հատկապես ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանս դը Արթինգին: «Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էի Երեւանի կոնսերվատորիա, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի դասարանը: 1992թ. այն տարիների Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանից հրավեր ստացա մասնակցելու Անկախության տարելիցին նվիրված համերգին, որից հետո Ֆրանսիայի դեսպան մադամ դը Արթինգից հրավեր՝ ուսանելու Փարիզի CNSM կոնսերվատորիայում: Առաջին հայաստանցի կրթաթոշակառուն էի: Բախտ ունեցա սովորել ճանաչված պրոֆեսոր Ժակ Ռուվիեի դասարանում, այնուհետեւ՝ կամերային երաժշտության դասեր վերցնել պրոֆեսոր Ժան Մուեից, ավելի ուշ՝ որպես դիրիժոր, խորհուրդներ ստացա մաեստրո Կուլտ Մազուրից: Նշեմ, որ անցյալ տարի Փարիզում հիմնել եմ «Maestria» կամերային նվագախումբը»,- մեզ հետ զրույցում պատմեց Վ. Մարտիրոսյանը:

Տարիներ շարունակ երաժիշտը հանդես է եկել Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի հեղինակավոր համերգասրահներում՝ լավագույն նվագախմբերի հետ, հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Հետաքրքրությանը, թե իր համերգային գործունեությունը ո՞վ է կազմակերպում, դաշնակահարը հայտնեց. «Ես տարիներ առաջ «Բալմալեթ» ճանաչված գործակալության երաժիշտն էի (այս գործակալության անդամ է նաեւ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը- Ս. Դ.): 4 տարի է՝ տեղափոխվել եմ անգլիական «Ասքոնազ-հոլթ» գործակալություն (ժամանակին վերջինիս անդամ էր նաեւ ճանաչված բաս Բարսեղ Թումանյանը), որն իր վարկանիշով Եվրոպայում առաջինն է: Ամեն ինչ կազմակերպել են հիշյալ գործակալությունները»:

Հարցին՝ ինչպե՞ս անել, որ հայաստանյան համերգասրահներն էլ դասական երաժշտության օրերին լեփ լեցուն լինեն, թեեւ եվրոպացի շատ երաժիշտների հավաստմամբ, գնալով ամենուր նվազում է հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ, Վ. Մարտիրոսյանն ասաց. «Եվրոպայում ընդունված կարգ է տարվա կտրվածքով վաճառել աբոնեմենտներ: Եթե ցանկություն չկա հաճախելու բոլոր համերգներին, երաժշտասերը ներկայացված ցանկից ընտրում է իրեն հոգեհարազատ երեկոները: Վստահ եմ, որ Հայաստանում էլ պետք է վերադառնալ այս կարգին: Ժողովրդին պետք է «վարժեցնել» դասական համերգներին: Հեռուստաընկերություններն էլ պարտավոր են պրոպագանդել դասական արվեստ»: Դաշնակահարը բերեց Ֆրանսիայի օրինակը: «Օրը 24 ժամ ֆրանսիական TV-ներով գովազդային տեսահոլովակներ են պտտվում՝ դասական երաժշտության հնչյուններով: Անգամ նրանք, ովքեր տարված չեն դասական արվեստով, սկսում են հավանել այն: Փողոցում հաճախ կարող ես տեսնել, թե ինչպես է գովազդներից ծանոթ, օրինակ՝ Շոստակովիչի վալսերից մի կտոր, ֆրանսիացին քթի տակ երգելով՝ անվրդով քայլում: CD արտադրող հայտնի ֆիրմաներն էլ սկավառակներ են թողարկում, որոնցում տեղ են գտնում դասականների այն ստեղծագործությունները, որոնք լայն հանրությանը հայտնի են հենց գովազդներից: Այնպես որ, Ֆրանսիայում գովազդները դասական երաժշտությամբ հրամցնելով՝ միանգամից մի քանի խնդիր են լուծում»,- փաստում է արվեստագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել