Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՀՈՒՍԱԽԱԲ ԼԻՆԵՔ»

Մարտ 12,2007 00:00

\"\"Երեկ խոստացավ կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը

«Առավոտը» մի խումբ մշակութային գործիչներից դժգոհություններ էր ստացել այն մասին, որ Երեւանի կրկեսում՝ 2005թ. կոլեկտիվին սեփականաշնորհելուց հետո որեւէ ներդրում չի արվել, կրճատվել են աշխատողներն ու աշխատավարձերը, իշխում են միջին որակի ներկայացումները:

Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպեցինք «Երեւանի կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Սոս Պետրոսյանին: Նա ցույց տվեց 2005թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ կրկեսի միջեւ կնքված պայմանագիրը, որը վավերացվել էր միայն 2006թ. նոյեմբերի 30-ին: Այնտեղ նշված էր, որ կրկեսի հիմնանորոգման, ջեռուցման, հովացման համակարգերի ներդրման, կրկեսային արվեստի բնագավառում անհրաժեշտ գործունեության իրականացման եւ այլ նպատակներով պետք է 600 մլն դրամի ներդրում կատարվի: Սակայն այդ ամենը ոչ թե միանգամից, այլ հետեւյալ համամասնությամբ եւ ժամանակացույցով՝ մինչեւ 2007թ. հուլիսի 4-ը՝ 50 մլն դրամ, մինչեւ 2008թ. հուլիսի 4-ը՝ 100 մլն դրամ, 150 մլն դրամ՝ մինչեւ 2009-ը, նույնքան էլ մինչեւ 2010թ. եւ, վերջապես, 200 մլն դրամ՝ մինչեւ 2011թ. հուլիսի 4-ը: «Այնպես որ, դեռ ժամանակ ունենք: Եվ զուր են շտապում բողոքողները»,- ասաց տնօրենը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է կրկեսն օտարվել 2005-ին, իսկ պայմանագիրը վավերացվել մեկ տարի անց, պրն Պետրոսյանը պատասխանեց. «Կառավարության որոշմամբ պիտի «Երեւանի կրկես» ՍՊԸ ստեղծվեր, որպեսզի կարողանայինք պետական գույքի կառավարման վարչության հետ պայմանագիր կնքել: Կրկեսը չուներ հատակագիծ, սեփականաշնորհման վկայական եւ այլն: Իսկ թղթաբանությունը գիտեք, թե ինչ երկարատեւ պրոցես է»,- նշեց ղեկավարը: Ծրագրերի եւ հրավիրվող արտիստների վերաբերյալ էլ ասաց. «Թատրոնները մի Տոբակով կամ մի Գուրչենկո են հրավիրում, է՛լ վարչապետ, է՛լ նախարարներ են նրանց հովանավոր կանգնում: Իսկ մենք պետությունից չստանալով ոչ մի լումա, օրինակ, անցյալ տարի 20 հոգանոց չինական կրկես ենք բերել: Միայն ճանապարհածախսը 22000 դոլար էր կազմում, էլ չեմ խոսում հրավիրված «Կրկեսը՝ սառույցի վրա» ծրագրի մասին: Անցյալ տարի նաեւ 30 դերասան ենք հրավիրել Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, կրկեսային արվեստի նվիրյալների հոբելյաններ կազմակերպել եւ այլն: Ախր, կրկես պահելը հեշտ չէ, իսկ ես ժառանգել եմ 1962 թվականից՝ շահագործման տարվանից չվերանորոգված կրկես: Հասկանում եմ, թե ինչ բեռ եմ վերցրել ուսերիս, բայց վստահ եմ, որ այդ ամենը կհաղթահարեմ»,- պատասխանեց Սոս Պետրոսյանը: Խոսվեց նաեւ կրճատումների մասին: Կրկեսի ղեկավարը հավաստիացրեց, որ իր օրոք ոչ թե կրճատվել, այլ հաստիքներ են ավելացել: Ինչ վերաբերում է դերասաններին, նրանց հետ պայմանագրով են աշխատում: «Դերասանական հաստիք երբեք չի եղել: Կրկեսը թատրոն չէ, որ դերասանները մնան, որպեսզի այսօր՝ «Պեպոյում», վաղը՝ «Համլետում» խաղան: Կրկեսային արտիստն այսօր Երեւանում է, 2 օր հետո կարող է հայտնվել արտերկրում: Դրա համար էլ դերասաններին ոչ թե մշտական ենք աշխատանքի վերցնում, այլ նրանց հետ պայմանագիր է կնքվում մինչեւ խաղաշրջանի ավարտը: Մեկը ամսական 60000 դրամ է ստանում, մեկը՝ 50000, մեկ ուրիշը՝ 40000: Հետո, եթե տարվա 7 ամիսը չենք աշխատում, 5 ամիսն էլ միայն շաբաթ-կիրակի ենք գործում, ինչպե՞ս կարող են բարձր աշխատավարձեր լինել: Դառնալով կրկեսի օրկեստրին՝ ասեմ, որ նրա դեպքում էլ է պայմանագրային սկզբունքը գործում: Օրինակ՝ չինական կրկեսի հայաստանյան հյուրախաղերի ժամանակ մեր կրկեսի օրկեստրը անելիք չուներ, որովհետեւ չէր կարող չինացիների պահանջածը նվագել: «Կրկես սառույցի վրա» ծրագրի ժամանակ էլ ռուսներն իրենցն էին բերել: Այժմ 2 ամսով պայմանագիր եմ կնքել երգեհոնահար Աշոտ Ադամյանի հետ, ով աշխատել է իտալական կրկեսում եւ քաջատեղյակ է կրկեսային առանձնահատկություններին: Եթե անհրաժեշտ լինի, օրկեստրին նորից կհրավիրենք, որովհետեւ ես միշտ էլ օրկեստրի կողմնակից եմ եղել»,- պարզաբանեց Ս. Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ մարտի 3-ից սկսվել է գարնանային խաղաշրջանը եւ կտեւի մինչեւ մայիսի 9-ը: Ելույթ կունենան ոչ միայն Ուկրաինայից ու ՌԴ-ից հրավիրված, այլեւ հայաստանցի արտիստներ: «Իսկ առաջիկայում 50 մլն դրամով կփորձենք աթոռներ գնել, ուղեգորգերը փոխել: Ուզում ենք նաեւ 3 ձի, 2 արջ, պուդել շներ գնել: Կամաց-կամաց ամեն ինչ անելու ենք, չենք թողնի հուսախաբ լինեք»,- զրույցի ավարտին ասաց կրկեսի տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել