Կարծում է «Սոֆիա» գեղեցկության սրահի վարսահարդար Թամարա Երիցյանը
Վարսահարդար Թամարա Երիցյանի համոզմամբ, մազերն ավելի զգայուն են, քան մարմնի ցանկացած մաս: Օրինակ, զայրացած մարդկանց մազերը կարող են չենթարկվել, դեպրեսիայի մեջ գտնվողներինը՝ չներկվել, լարված վիճակում գտնվող մարդկանց մազերը «էլեկտրականանալ» եւ այլն: Ըստ Թամարայի, մազերն են հոգու հայելին եւ ոչ թե աչքերը: Նրանք կարող են մատնել անգամ իրենց տիրոջ մասնագիտությունն ու զբաղմունքը: «Օրինակ՝ մի անգամ հարդարում էի մեկի մազերը, հանկարծ զգացի, որ կաշկանդվում եմ այդ կնոջ կողքին: Հետո աշակերտներիս հավաքեցի գլխիս ու սկսեցի մանրամասն բացատրել, թե ինչպես պետք է կտրել ու հարդարել մազերը: Կարծես այդ կնոջ մազերից ինֆորմացիա ստանայի, «ուսուցչանայի»: Պարզվեց՝ իսկապես ուսուցչուհի է, այն էլ մաթեմատիկայի»,- պատմում է Թամարան: Մի անգամ էլ մազերը վարսահարդարին «բամբասել» են, թե իր հաճախորդը ազգային անվտանգության աշխատակից է. «Այդ կնոջն առաջին անգամ էի տեսնում: Զարմացավ, երբ հարցրի՝ ԿԳԲ-ից ե՞ք: Բանն այն է, որ նրա մազերը ոչ մի կերպ չէին ենթարկվում. փորձում էի ֆենով հարթեցնել, չէր ստացվում: Իսկ այդ կինը առաջին հայացքից բարետես եւ հաճելի էր»:
Թ. Երիցյանը գտնում է, որ հայ կանայք հետեւում են իրենց հագուկապին, ձգտում նորաձեւ երեւալ, բայց մոռանում են նույնկերպ վարվել սանրվածքի պարագայում: «Հազարից մեկը կգնա ոճաբանի մոտ: Առանց հասկանալու օր օրի գույն են փոխում, երանգավորում, ինչը բերում է մազաթափության: Առանց այն էլ էկոլոգիապես ոչ մաքուր պայմաններում մազաթափությունը շատացել է: Եթե նախկինում օրական մինչեւ 150 մազ էր թափվում, այսօր այդ թիվը մեծացել է»,- ասում է մասնագետը: Ըստ նրա, «մազերի նորաձեւությունը» հարաբերական է. «Այս տարի նորաձեւ են մանուշակագույնի երանգները, սակայն թուխ ու երբեմն կոպիտ դիմագծերով հայուհիներին խորհուրդ չէի տա դիմել այդ գույներին: Յուրաքանչյուրը պիտի իր հմայքն ընդգծի իր դիմագծերին հարիր երանգներով»:
Թ. Երիցյանը կարծիք հայտնեց նաեւ հայաստանցի հաղորդավարների եւ երգիչ-երգչուհիների սանրվածքների մասին: «CNN եւ այլ արտասահմանյան հեռուստաալիքներ դիտելիս նկատել եմ, որ հաղորդավարների սանրվածքները պարզ են: Նրանց մոտ չկան տղամարդու կարճ սանրվածքով կամ մազերը գլխին «սղալած» ու ուղիղ գծով առանձնացրած կանայք»,- նշեց վարսահարդարը: Համեմատելով արտերկրի աստղերին մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ Թ. Երիցյանը հիասթափվել է. «Արտերկրում բոլորը կոկիկ հարդարված են, իհարկե՝ նրանց մեջ էլ կան «թափթփված», անփույթ սանրվածքով կինոաստղեր, երգչուհիներ, սակայն դա նրանց ոճից է բխում»: Դառնալով հայաստանցիներին, Թամարան նշեց. «Ինձ միշտ դուր է եկել Էմմին, նա սանրվածքը համապատասխանեցնում է իր երգերին: Երբեք չի կրկնվում: Աննա Խաչատրյանը կարող էր ավելի գեղեցիկ լինել, եթե երկար մազերին որեւէ ձեւ տար: Շուշան Պետրոսյանի ազատ ոճը դուր է գալիս, Նունե Եսայանի սանրվածքը վերջերս բարեփոխվել է: Նրան ուղիղ մազերն ավելի են սազում, քան ալիքները: Նախորդ տարիների հետ համեմատած՝ Սիրուշոն էլ է փոխվել դեպի լավը: Քրիստինե Պեպելյանը գեղեցիկ աղջիկ է, բայց նրան միշտ ինչ-որ բան պակասում է: Արմինկային բոլորը համարում են նրբաոճ, բայց երբեմն նրա հագուստն ու սանրվածքը չեն համապատասխանում: Օրինակ՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կարմիր զգեստով ու խոպոպներով նա չէր նայվում: Արմինկային սազում է դեպի ավանգարդ գնացող սանրվածքը»: