Հարցազրույց մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի հետ
– Ձեզ՝ նախկին կոմունիստին ի՞նչը գրավեց ՕԵԿ-ի շարքերում:
– Ինչպես գիտեք, կոալիցիոն ստորագրության համաձայն, գործադիր իշխանության մարմինները պետք է պարտադիր անդամակցեն քաղաքական այս կամ այն կառույցին: Խնդիրն այստեղ վերաբերում էր առավելապես մշակույթի բնագավառին, իսկ ՕԵԿ-ը կոորդինացնում էր գիտության, մշակույթի եւ քաղաքաշինության ոլորտները: Հնարավոր էր, որ այդ պորտֆելը տնօրիներ, օրինակ, ՀՅԴ-ն եւ նա էլ առաջադրեր իր թեկնածուն: Չի կարելի մեղադրել անձին, իմ փոխարեն կարող էր մեկ ուրիշը լիներ: Ինձ համար ցավալի է, որ քաղաքական ուժեղ խմբավորումներից մեկը, ինչպիսին ՕԵԿ-ն էր, այսօր դուրս է իշխանական գործընթացից: Նրան չհաջողվեց իրականացնել իր ծրագրերը: Կուսակցության հիմնական թերացումը, թերեւս, ժամանակավրեպ, շտապողական քայլերն Էին:
– Անշուշտ՝ կատարված դեպքերի շուրջ խորհելու ժամանակ ունեցել եք, ի՞նչ եզրահանգման եկաք:
– 30 տարուց ավելի ադմինիստրատիվ գործունեություն ծավալած անձիս հանդեպ որեւէ քննադատական խոսք կամ հոդված չի եղել, սակայն նախարար նշանակվելուց հետո «հայտնաբերվեցին» թերացումներ եւ բացասական մի շարք հատկանիշներ, որոնց մասին ես առաջին անգամ էի լսում: Կար երկու հանգամանք. մեկը քաղաքական, կուսակցականացված պորտֆելի խնդիր էր եւ երկրորդը՝ հասարակության ապակողմնորոշումը: Այսօր մեր համաքաղաքացիների 90%-ը իրեն է վերապահում մշակույթի «դեգուստատորի» դերը, տեղի- անտեղի վերլուծում, քննարկում մշակութային խնդիրները, մամուլի միջոցով կարծիքներ է հայտնում: Սակայն համոզված եմ, որ այդ նույնը չեն անի պաշտպանության, արդարադատության կամ ֆինանսների նախարարության հանդեպ, քանի որ անծանոթ են ոլորտին: Պատկերացրեք, ամեն առավոտ երգչախումբ կազմած հազարավոր մարդիկ գրավոր, բանավոր, հեռակա եւ «ստացիոնար» խորհուրդներով հեղեղեն ձեզ, ինչից էլ կարող էին եւ օգտվեցին պատվիրատուները, մամուլը…
– Սերգո Երիցյանին հաջողվեց դառնալ նախագահի խորհրդական: Իսկ ինչո՞վ եք զբաղված դուք եւ եղե՞լ է, արդյոք, որեւէ լուրջ պաշտոնի առաջարկ:
– Սերգո Երիցյանն ուներ քաղաքական ավելի մեծ փորձառություն, քան ես, եւ իրավամբ տեղ գտավ նախագահի աշխատակազմում: Իսկ Հովիկ Հովեյանը որպես մտավորական չմտավ որեւէ իշխանական կառույց, ոչ նրա համար, որ տեղ չունի, այլ որ կառավարության առաջարկած աշխատանքների ցուցակում չգտավ հոգեհարազատ աշխատանք: Այսօր աշխատում եմ ոչ պետական եւ բավականին ճանաչված ձեռնարկություններից մեկում, որպես տվյալ կորպորացիայի նախագահի՝ մշակութաբանության եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական: Վերջերս էլ հրատարակել եմ «Կեսգիշերային լիբրետո» բանաստեղծությունների նոր ժողովածուս:
– Իսկ կառավարության մեկ այլ ոլորտում նախարարի պաշտոն կընդունեի՞ք, եթե լիներ այդպիսին:
– Ես արդեն եղել եմ նախարար եւ դա ինձ համար պերմանենտ բաղձալի առարկա չէ: Եթե շատերը կարծում են, որ նախարարը միայն շրջում է շքեղ մեքենաներով եւ վայելում կյանքը, միանգամայն սխալվում են: Գտնում եմ, որ պատվով կատարեցի իմ աշխատանքը, երբեք չեմ փորձել բացատրություններ, արդարացումներ փնտրել, քանի որ աշխատել եմ մնալ պրոֆեսիոնալ սկզբունքներիս, խղճիս եւ կամքիս հավատարիմ: Ինչ վերաբերում է հրաժարականիս, ապա իմ պաշտոնում կարող էի մնալ եւս 3-4 ամիս, սակայն դրված էր իմ արժանապատվության եւ աշխատանքի միջեւ ընտրության հարցը, ես ընտրեցի առաջինը: Բացի այդ, դժվար էր գուշակել քաղաքական դաշտում ընթացող խմորումների արդյունքում ՕԵԿ-ի ներկա վիճակը: Թեեւ այղ կուսակցությունն արդեն դարձել էր թիրախ:
– Անշուշտ՝ անտարբեր չեք ներքաղաքական անցուդարձին: Այսօր ո՞ր կուսակցությունն է Ձեզ համար նախընտրելի:
– Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորման պրոցեսը դեռեւս շարունակվում է, եթե ՀՅԴ, Հնչակյան կամ Ռամկավար կուսակցությունները հող ունեն ոտքի տակ, ապա նորաստեղծ կուսակցություններին պետք է ընդառաջ գնալ, ձեռք մեկնել, ոչ թե՝ ոտնել: Անընդունելի է «անգաղափար» եւ «անհայրենիք» ստեղծումն ու բարգավաճումը: Իսկ նախընտրած կուսակցություն չունեմ, քանի որ ազատ արվեստագետն արդեն իսկ էությամբ ընդդիմադիր է, բայց ոչ անհասկանալի ընդդիմություն:
– Որեւէ կուսակցության կողմից ձեզ եղե՞լ է իր շարքերին անդամագրվելու առաջարկ…
– Այո, առաջարկել են…