Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԱԶՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼ, ԵՐԱԶԱՀԱՆՆԵՐԻՆ՝ ՈՉ»

Մարտ 12,2007 00:00

\"\"Խորհուրդ է տալիս հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը:

Մարդիկ քնած են անցկացնում իրենց կյանքի 1/3-ը՝ շուրջ 25 տարի: Նրանք հաճախ մեծ նշանակություն են տալիս երազներին ու փորձում դրանք մեկնաբանել երազահանների օգնությամբ: Հոգեբան Վլադիմիր Միքայելյանը խորհուրդ է տալիս երազահաններին հավատ չընծայել. «Երազներում մեր անցյալն է, ներկան, անգամ ապագան: Ինչ վերաբերում է երազահաններին, դրանց չարժե հավատալ, որովհետեւ վերջիններս ծրագրավորում են մարդուն: Նույնը անում են նաեւ սուրճի գավաթ նայողները: Երազահանները այդ առումով ավելի վտանգավոր են, որովհետեւ մարդն ավելի շատ հավատում է տպագիր նյութին: Պետք է պատասխանատվություն կրենք՝ ինչ ենք գրում ու ցույց տալիս հեռուստատեսությամբ: Եթե ծրագրավորում ենք, ապա գոնե ծրագրավորենք դրական: Երբ մեկը ձեզ ասում է՝ գեղեցիկ եք այսօր, արդեն ձեզ ծրագրավորում է, դուք դրական եք տրամադրվում, ուզում եք հաճելի բաներ անել»: Ըստ հոգեբանի, բոլորն էլ երազներ են տեսնում, սակայն ամեն մեկը չի հիշում դրանք. «Երազների հիշելը կախված է մեր հոգեկան վիճակից ու հուզական ծանրաբեռնվածությունից: Նման օրերին մարդը կամ ոչ մի երազ չի հիշում, կամ հիշում է ամեն ինչ: Երազում լաց լինելը, ծիծաղելը կաթարսիսի, լիցքաթափման արտահայտություն են: Գուցե տարօրինակ թվա, բայց վախ առաջացնող երազներն էլ դրական շերտ ունեն»: Վ. Միքայելյանի հավաստմամբ՝ «Երազները մեր անգիտակցական մակարդակն են: Անգիտակցականն ավելի մեծ տեղ ունի մեր կյանքում, քան թվում է: Եվ զուր է մարդը կարծում, թե ինքը գիտակից էակ է: Եթե օրվա ընթացքում 10 արարք ենք գործում, ապա դրանցից ինը դժվար թե լինեն գիտակցված: Դեռ Ֆրոյդն էր ասում, որ երազն արքայական ճանապարհ է դեպի անգիտակցականը»: Ըստ մեր զրուցակցի, մարդիկ երազներ են տեսնում, որովհետեւ ունեն նման պահանջմունք. «Մարդը չի կարող գիտակցաբար ադապտացվել իրականությանը: Անգիտակցականը մեր ապագայի մասին ինֆորմացիա ունի, սակայն մարդուն ամեն ինչ տրվում է ժամանակին, որովհետեւ, եթե նախապես իմանա օրվա լինելիքը, գուցե չկարողանա ապրել եւ դիմանալ հնարավոր սթրեսային վիճակներին: Փաստորեն, քնելով՝ մարդիկ փակում են աչքերը իրականության վրա: Քունը իրականության մերժում է: Փոքր երեխան շատ է քնում, որովհետեւ փախչում է այն նոր իրականությունից, որտեղ հայտնվել է նախկին դրախտից: Իսկ դրախտը նրա մոր 9 ամսվա հղիության վիճակն էր, երբ երեխան կուշտ էր, պաշտպանված, ոչինչ չէր վճարում դրա համար: Մինչդեռ նոր իրականության մեջ՝ անգամ կաթ ուտելու համար, պիտի գոնե շուրթերը շարժի»: Ըստ հոգեբանի, չկան բարի ու չար երազներ. «Մարդիկ են դրանք լավ կամ վատ տարբերակում: Պարզապես մեկի կերպարը կարող է մարմնավորել տվյալ մարդու պրոբլեմը՝ երազում: Ցանկացած երազ իր մեջ ինֆորմացիա է պարունակում, եւ սխալ է այն ըստ սիմվոլների մեկնաբանելը: Երազի բովանդակությունը երազատեսության ընթացքում աղճատվում է, որովհետեւ երազի ժամանակ, այսպես կոչված, «ցենզոր» է աշխատում: Ինչպես մաքսանենգն է փորձում խաբելով ապրանք անցկացնել, նույն «գործունեությունն» էլ իրականացնում է երազը: Նա պիտի անցկացնի այն, ինչ գիտակցությունը չի ընդունում՝ ասենք անբարոյական մի բան: Ուստի ինչ-որ սիմվոլ է ի հայտ գալիս ու փորձում խաբել «ցենզորին»: Այսպիսով, կյանքում չիրականացած մեր ցանկությունները երազում փոխվում են սիմվոլների»:

Հոգեբանն անդրադարձավ նաեւ կրկնվող երազներին: «Երբ երազները կրկնվում են, մեր անգիտակցականը անընդհատ հիշեցնում է մի բանի մասին, որը չենք արել, բայց պիտի անենք: Դա կարող է լինել խնդիր, որը չի լուծվել, բայց մարդուն թվա, թե լուծել է: Իսկ երբ մարդը չի լսում իր անգիտակցականի «խորհուրդը», ի վերջո օրերից մի օր հանդիպում է փորձանքի եւ նեւրոտիկ վիճակների»:

Երազների տեւողության վերաբերյալ տարբեր տեսակետներ կան. որոշ մասնագետներ պնդում են, որ երազը տեւում է ժամեր, ոմանց համոզմամբ էլ՝ վայրկյաններ: Հոգեբանը հայտնեց, որ անգիտակցականում չկա ժամանակի ընկալում, դրա համար էլ երազում կարող ենք տարբեր ժամանակներում հայտնվել միաժամանակ. «Երբ արթնանում ենք, մեզ հետ արթնանում է եւ ժամանակը: Երազում մահացածների էլ ենք հանդիպում, անգամ մանկությունից մի կերպար, ում 50 տարի չենք տեսել, կարող է հայտնվել երազում՝ որպես սիմվոլ: Կան համընդհանուր սիմվոլներ, ինչպես հացը, որ բոլորի մոտ դրական տպավորություն է թողնում, իսկ ընդհանրապես երազատեսության մեջ ամեն սիմվոլ ունի անհատական բնույթ՝ պայմանավորված է երազ տեսնողի անձով: Դա նույնն է՝ որ բոլորս էլ գիտենք այբուբենը, բայց գրում ենք տարբեր ձեռագրերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել