Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկների հաշվին՝ ասպիրանտ տղաներ

Մարտ 12,2007 00:00

\"\"Ըստ որոշ ուսանողների, ասպիրանտուրայի հարցում աղջիկների իրավունքները «ոտնահարվում» են:

Ասպիրանտուրայի ընդունելության կարգում 2006-ին կատարվեցին որոշ փոփոխություններ: Ըստ դրանց՝ այս տարի ասպիրանտուրա ընդունվողները անգլերենի քննությունը հանձնելու են ընդհանրացված՝ «Թոյֆըլ» թեստերով, Ամերիկյան համալսարանում: Այս փոփոխությունը բուհերի որոշ մասնագետների դժգոհությունն է առաջացրել, որին մեր հրապարակումներում անդրադարձել ենք: Ընդունելության կարգի այլ կետերից էլ դժգոհ են ուսանողները: Աղջիկներից ոմանք դժգոհում են, թե տղաները «գրավում են» ասպիրանտուրայի ստացիոնար տեղերը, որպեսզի խուսափեն զինծառայությունից: Օրինակ՝ Սլավոնական համալսարանի ասպիրանտ Արմինե Հովհաննիսյանը (անունը պայմանական է) պատմեց, որ ինքը մրցույթով անցել եւ անցյալ տարի ընդունվել է համալսարանի ասպիրանտուրայի ստացիոնար բաժին. «Ինձնից բացի՝ մի տղա էլ ընդունվեց: Սակայն սեպտեմբերին պարզվեց, որ ինձ տեղափոխել են հեռակա բաժին, իսկ իմ փոխարեն մեկ ուրիշ տղայի են անցկացրել, ով մեզ հետ մրցույթի չէր էլ մասնակցել»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ Կարեն Գրիգորյանը, ով ժամանակին իրենց կուրսից միակն էր, որ մասնակցում էր ասպիրանտական մրցույթին, նշեց. «Որեւէ տղա ո՛չ ասպիրանտուրայի, ո՛չ էլ այլ հարցում չի կարող աղջկա տեղը խլել: Եթե այդպիսի դեպքեր պատահել են, թող աղջիկները պայքարեն իրենց իրավունքների համար, իսկ եթե վախենում են, ուրեմն իրենց տեղն է»:

ԵՊՀ մեկ այլ ասպիրանտ՝ Լուսինե Մնացականյանը, հետեւյալ կարծիքի է. «Աղջիկների մեծամասնությունը ինքնակամ հրաժարվում է ասպիրանտուրայից, երբ պարզվում է, որ տղաների հետ է մրցելու: Աղջիկները համոզված են, որ, միեւնույն է, տղաներին են նախապատվությունը տալու»: Այլ կարծիքի են բուհերում ասպիրանտուրայի հարցերով զբաղվող մասնագետները: «Պրոռեկտորը ի՞նչ կարող է անել, եթե կուրսում պայմանավորվում են, որ երկու ստացիոնար տեղի համար տղաները դիմեն, որ բանակ չտանեն»,- ասաց ԵՊՀ կրթական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյանը: «Չեմ ժխտում. այս երեւույթը գոյություն ունի: Սակայն դա կեղծ ընկերասիրություն է: Աղջիկները պետք է գիտակցեն, որ այդ քայլով իրենք մեզ զրկում են լավագույն մասնագետներից»,- Երեւանի պետական մանկավարժական համալսարանի գիտական եւ հետբուհական կրթության գծով պրոռեկտոր Միքայել Նադիրյանն էլ մեղքը աղջիկների վրա բարդեց: Վերջինս փորձեց համոզել, որ հայցորդ ձեւակերպվելը աղջիկների համար ավելի հարմար է: Այս դեպքում նրանք ասպիրանտուրայի երեք տարիների փոխարեն սովորում են հինգ տարի եւ զուգահեռաբար կարգավորում իրենց անձնականը:

ԵՊՀ պրոռեկտոր Ս. Հարությունյանը երկար մտածելուց հետո խնդրի լուծման այլ տարբերակ է գտել. «Լավ կլիներ, որ տասնութ տարին լրացած բոլոր երիտասարդները գնային բանակ, ծառայությունն ավարտելուց հետո բուհ ընդունվեին, որ այսպիսի խնդիրներ չառաջանային: Միեւնույն է, ինչ էլ անենք, անկախ մեր կամքից, երբեմն տղաների եւ աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունք է առաջանում»: Այս տարբերակը Մ. Նադիրյանի համար ընդունելի չէ: «Այս դեպքում կկորչի երիտասարդների՝ կրթության եւ գիտության նկատմամբ հետաքրքրությունն ու աշխատունակությունը: Ավելի ճիշտ կլինի, եթե ասպիրանտուրան ավարտելով՝ պաշտպանեն, հետո անցնեն ծառայության: Արդեն կայացած մասնագետ լինելով՝ ծառայությունից հետո նրանք այլ ճանապարհներ չեն փնտրի»,- կարծում է պրն Նադիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել