Մայրաքաղաքում թեւածող համատարած էլիտարացման ուրվականն այսօր հայտնվել է «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկին
ուսանողական պոլիկլինիկա) գլխավերեւում:
Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ արտերկրի շուրջ 60 հազար ուսանողների եւ 50 հազար մարզիկների անվճար բուժսպասարկումն իրականացնող այս պոլիկլինիկային սպասվում է անորոշ ճակատագիր եւ այն էլ աշխատանքային ամենաեռուն շրջանում:
«Տերյան 129 հասցեում գտնվող պոլիկլինիկայի՝ ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2005թ. հունիսի 17-ի հ. 1495277 վկայականի, վարձակալությամբ տրամադրված 1029.0 քմ մակերեսով հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում եւ կարող է օտարվել»: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ստորագրությամբ այս գրությունը պոլիկլինիկայի տնօրեն Աննա Հովհաննիսյանը ստացել է անցյալ տարվա հունվարի 10-ին: 2 ամիս անց Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանումը տեղեկացրել է, որ «Համաձայն Երեւան քաղաքի հաստատված նոր գլխավոր հատակագծի՝ այդ տարածքն ընդգրկված չէ իրացման գոտում»: Սույն գրության հիման վրա ստանալով սեփականության վկայական, պոլիկլինիկան իր ուժերով ձեռնամուխ է եղել լայնածավալ շինարարական եւ վերանորոգման աշխատանքների իրականացմանը, ինչի կարիքը վաղուց կար: Հիմնովին նորոգվել է տանիքը, նորացվել են դռներն ու պատուհանները, լիովին արդիականացվել է ռենտգեն կաբինետը, որի շահագործումը նախատեսվում էր մարտի կեսերին:
Սակայն փետրվարի 21-ին քաղաքապետարանի երկու աշխատակիցների՝ պոլիկլինիկան իրացման «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին աչքալուսանքը անակնկալի բերեց Աննա Հովհաննիսյանին: «Մենք չգիտենք, թե ուր են տեղափոխելու մեզ: Երեւանի կենտրոնում տեղավորված բուհերի տարածքում պոլիկլինիկայի ներկայիս դիրքը միանգամայն հարմար է ուսանողների համար: Ճիշտ է, շենքը հին է, սակայն վերանորոգումից հետո այն բավական հարմարավետ է դարձել: Առաջիկայում նախատեսել էինք թարմացնել նաեւ շենքի արտաքին տեսքը: Բուժանձնակազմի յուրաքանչյուր անդամ իր ներդրումն ունի վերանորոգման աշխատանքներում: Եթե պիտի քանդվեր, ինչո՞ւ էին մեզ հավատացնում, թե անհանգստանալու հարկ չկա, որ կարող ենք սկսել վերանորոգումը»: Թեեւ տիկին Հովհաննիսյանն ու անորոշ իրավիճակից թեւաթափ եղած աշխատակիցները հարկադրված են հաշտվել օտարման իրողության հետ, այնուհանդերձ, շարունակում են հուսալ, որ պոլիկլինիկային բախտակից շենքերի տեղում կառուցվելիք էլիտար շենքերից մեկում (թեկուզ մեկ-երկու հարկում) տեղավորվելը կարող է հարցի լուծման լավագույն տարբերակ համարվել, եթե, իհարկե, կառավարությունն իր առաջիկա նիստում պոլիկլինիկայի ճակատագիրը որոշելիս հարգի ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված «պոլիկլինիկան բուհերին մոտ տարածքում տեղակայելու» խնդրանքով տիկին Հովհաննիսյանի դիմումը:
Նշենք, որ հատուկ պոլիկլինիկան սպասարկում է նաեւ ՀՀ կառավարության անդամներին, բուժկետերից մեկն էլ տեղակայված է կառավարության շենքում: Հուսանք, որ 110 բուժաշխատողների, բազմահազար ուսանողների ու մարզիկների նյարդերը, ժամանակն ու գրպանը շատ չեն տուժի քմահաճ պատվիրատուների եւ հնազանդ նախագծողների համագործակցությունից: