Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում նշանակված էր Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Յու. Վոլֆսոնը եւ Ս.Ասատրյանը մեղադրվում են 2001թ. դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի գործով: Դատարանը լսել է վկաներին, ամբաստանյալների ցուցմունքները եւ սկսվել է ապացույցների հետազոտման փուլը: Սակայն երեկ դատարան չէր ներկայացել Վոլֆսոնի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անժելա Կարապետյանը, ինչպես նաեւ, տուժող Մելիք Գասպարյանի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վլադիմիր Յավրումյանը, ինչը պատճառ դարձավ դատական նիստը հետաձգելու: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ապացույցների հետազոտման ժամանակ պաշտպանների ներկայության պարտադիր լինելը: Չնայած ԱԱԾ նախկին փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը հորդորեց նիստը սկսել, տեղից նկատելով՝ «նեչեւո, նեչեւո», սակայն նախագահող Սամվել Ուզունյանը հակադարձեց, ասելով՝ «նեչեվոն կոչվում է դատական իրավունքների խախտում, ինչին մենք չենք գնա»:
Մարտի 7-ի դատական նիստի ժամանակ Յու. Վոլֆսոնը հայտարարություն էր արել, թե իր մոտ՝ ԱԱԾ մեկուսարան («պաշտոնապես» այս մեկուսարանը հայտնի է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ) տեսակցության է եկել նախկին կինը՝ Սվետլանա Աբովյանը, որի հետ հանդիպել ինքը չի ցանկացել: Իր կամքին հակառակ, խաբելով, թե տեսակցության են եկել երեխաները, իրեն տարել են տեսակցության սենյակ: Վերջինս երբ նկատել է, որ երեխաները չկան, փորձել է դուրս գալ, սակայն փոխգնդապետ, ԱԱԾ մեկուսարանի պետի տեղակալը՝ Մուրադյան ազգանունով, թույլ չի տվել Վոլֆսոնին խուսափել տեսակցությունից: Սվետլանա Աբովյանը, որը երեկ դատարանում էր, ըստ Վոլֆսոնի հայտարարության, սկսել է իրեն ահաբեկել, գնացել է սադրանքների՝ այն հաշվարկով, որ Վոլֆսոնը «հարձակվի» իր վրա:
Ըստ Վոլֆսոնի, 2005թ. սեպտեմբերի 25-ից սկսած, երբ ինքը կալանավորվել էր, մեկուսարանում իր հանձնուքների հարցը լուծում էր «Ջոնս» հրեական հիմնադրամը: Վոլֆսոնը հայտարարեց, որ կնոջ պատճառով այդ հանձնուքները այլեւս չի ստանում: Նրա հայտարարության իմաստն այն էր, որ դատավարության փուլում բոլոր կարգի տեսակցությունները կարող են տեղի ունենալ միայն Ս. Ուզունյանի թույլտվությամբ, սակայն ԱԱԾ-ն տարօրինակ նախաձեռնություն է ցույց տվել. իր՝ մեկուսարանում գտնվողի կամքին հակառակ կազմակերպելով տեսակցությունը: Նշենք, որ Վոլֆսոնի հետ Սվետլանա Աբովյանը առաջին անգամ մեկուսարանում հանդիպել էր 2006թ. հունիսի 27-ին: Մեր տեղեկություններով, ապացույցների հետազոտման ժամանակ պաշտպանական կողմը վիճարկելու է Վոլֆսոնի բնակարանում (Նոր Արեշի 7-րդ փողոցի 30 տան) խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը: Այդ արձանագրությունը Վոլֆսոնը չի ստորագրել, չնայած, ըստ արձանագրության, Վոլֆսոնը իբր կամովին ներկայացրել է տարբեր տեսակի զինամթերք, պայթուցիչներ, այն դեպքում, երբ Վոլֆսոնը հայտարարել է, որ ինքը տանը չի եղել:
Վոլֆսոնի բնակարանի խուզարկությանը, ըստ այդ փաստաթղթի, մասնակցել են տասը ԱԱԾ աշխատակիցներ. պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը, 3-րդ բաժնի օպեր-լիազորներ Արտակ Առուստամյանը եւ Արմեն Մաթեւոսյանը, ԱԱԾ Ա վարչության պետ Մելիք Զարգարյանը (ի դեպ, Վոլֆսոնի միջնորդությամբ աշխատանքի ընդունված)՝ սակրավոր Կարեն Խաչատրյանը, 1-ին բաժինը՝ պետ՝ Արթուր Նիկոլյանի, սպաներ՝ Կարեն Սիմոնյանի, Արթուր Սարգսյանի, Վահան Հարությունյանի, Արտակ Թորոսյանի մասնակցությամբ:
Վոլֆսոնը ասում է, որ խուզարկությունը սկսվել է ժամը 12.45-ին, ավարտվել 23.30-ին եւ որ ինքը չի ստորագրել որեւէ փաստաթուղթ: Երեկվա դատական նիստին, ինչպես եւ նախորդ նիստերին, չէր մասնակցում նաեւ տուժողը՝ Մելիք Գասպարյանը, որը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Վարդենիսում: