Ծաղկավաճառներն ու օբյեկտի տերերը տոնից օգտվելով՝ մեծ շահույթներ ստացան
Մարտի 8-ին մայրաքաղաքում ծաղիկների գները տհաճ անակնկալի բերեցին արական սեռի ներկայացուցիչներին: Ծաղիկները մի քանի անգամ իրենց շուկայական արժեքից արհեստականորեն թանկացել էին: Օգտվելով առիթից՝ ծաղկավաճառները ջերմոցային պայմաններում աճեցրած 1 տեղական վարդը, որը սովորական օրերին վաճառում էին 300-500 դրամ, մարտի 8-ին դարձրել էին 1800-2000 դրամ: Նույնիսկ նարգիզը, կակաչն ու մանուշակը վաճառում էին եռակի թանկ՝ 500-800 դրամ: Ծաղիկների կտրուկ թանկացումը ծաղկավաճառները պայմանավորեցին պահանջարկով. ծաղիկները քիչ են եղել, պահանջարկը՝ շատ:
Ինչպես ցույց տվեցին ծաղկի սրահներից արված մեր հարցումները, տոնի առիթով ամենաշատը գնել են վարդ, հերբերա, կակաչ ու նարգիզ: Այս տարի ամենաքիչը սպառվել է մեխակը, գրեթե բոլոր ծաղկավաճառներն էլ միաբերան դժգոհում էին, որ Հայաստանում տոներին մեխակ նվիրելն այլեւս հարգի չէ, այն սգո ծաղիկ է համարվում, ուստի կանանց տոնին մեխակները լավ չեն սպառվել եւ ծաղկավաճառների վրա են մնացել: Նկատենք, որ մարտի 8-ին ամենաշատը թանկացել էին հոլանդական ծաղիկները, մասնավորապես՝ օրխիդեան: Ըստ ծաղկավաճառների, իրենք սեփական նախաձեռնությամբ չեն բարձրացրել այդ ծաղկի գինը: Պատճառն այն է, որ, ըստ ծաղկի բիզնեսով զբաղվողների, այս օրերին հոլանդական ծաղիկների ներկրման մաքսն ավելացել է, եւ այդ պատճառով, անկախ տոնից, ներկրվող ծաղիկների գները մի քանի անգամ բարձրացել են: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Մաքսային պետական կոմիտեից երեկ ասացին, որ ծաղիկների հարկման դրույքաչափում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ուստի, մաքսայինի մեկնաբանմամբ, ծաղկավաճառներն իրենց արդարացնում են՝ մեղքը բարդելով մաքսերի վրա: Նկատենք, որ հոլանդական ծաղիկների մաքսի ավելացման պատճառաբանությունը բերում էին մայրաքաղաքի տասնյակ խանութ-սրահներում, ուստի անտրամաբանական է, որ նրանք բոլորը, միմյանցից անկախ, հոլանդական ծաղիկների թանկացումը մաքսատուրքի հետ կապեին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշում էին ծաղկավաճառները, իրենք ողջ տարին սպասել են կանանց տոնին. առավելագույն շահույթ ստանում են հենց այդ օրը: Սակայն այս տարի փողոցային ծաղկավաճառների հույսերը չեն արդարացել, քանի որ ծաղկի ֆիրմային խանութները սովորական ծաղկի սրահների գործին «խփել» են: Ծաղիկ վաճառողների ներկայացմամբ, շատերն այս մարտի 8-ին նախապատվությունը տվել են ֆիրմային խանութներին. «Հիմա պրիստիժնի է դարձել, որ ծաղկեփնջին ինչ-որ հայտնի ծաղկի խանութի ապրանքանիշ փակցված լինի, դրա համար մարդիկ վազում էին ֆիրմային խանութներից ծաղիկ գնելու: Բացի այդ, ֆիրմային խանութները նաեւ առաքում են կատարում»:
Մարտի 8-ին, բացի ծաղիկներից, տղամարդկանց վրա թանկ է նստել նաեւ սիրած կնոջը բար, ռեստորան եւ սրճարան հրավիրելը: Օգտվելով առիթից՝ ժամանցի օբյեկտների տերերը, բացի պատվիրված սննդից եւ սպասարկման գնից, մուտքի, սեղանի եւ այլ կողմնակի վարձեր են պահանջել: Օրինակ՝ միայն սեղան զբաղեցնելը մի շարք օբյեկտներում հաճախորդներին արժեցել է 5-10 հազար դրամ: Օբյեկտ մուտք գործելու համար ստիպված են եղել վճարել եւս մի քանի հազար դրամ: Երաժշտություն պատվիրելն ավելի թանկ է եղել, քան սովորական օրերին: