Սա «Արմավիայի» կործանված ինքնաթիռի վթարի պատճառների մասին Միջպետական ավիացիոն կոմիտեի վերջնական եզրակացությունն է:
Սոչիում 2006թ. մայիսի 3-ին տեղի ունեցած A320-ի վթարի պատճառների մասին Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) մարտի 7-ին հրապարակել է իր հետաքննության վերջնական եզրակացությունը: Այն քիչ է տարբերվում հուլիսին հրապարակված ՄԱԿ-ի նախնական եզրակացությունից: Այսպիսով, ՄԱԿ-ը վերջնականապես եկել է այն եզրակացության, որ վթարը հիմնականում տեղի է ունեցել ինքնաթիռի անձնակազմի պատճառով: Ընդ որում, եթե նախկինում ասում էին, որ օդանավի անձնակազմը հուզված է եղել, ճիշտ չի կողմնորոշվել, հիմա նաեւ հայտնաբերել են, որ օդաչուները լավ քնած չեն եղել եւ նման հոգնած վիճակում դժվարացել են կատարել իրենց գործը: Նկատենք, որ ինչպես «Առավոտին» պարզաբանեց Քաղավիացիայի ենթակայությամբ գործող «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լաուրա Ադիբեկյանը, թռիչքից մոտ 30 րոպե առաջ օդաչուները պարտադիր բուժզննում են անցնում, որի ընթացքում ստուգում են, թե օդաչուն խրոնիկ հիվանդությունների սրացում, սուր ինֆեկցիոն հիվանդություն, ջերմություն կամ հարբածություն ունի-չունի, ճնշումն են չափում, զարկերակը ստուգում եւ այլն: Մեր հարցին՝ եթե օդաչուն լավ քնած չլինի եւ հոգնած լինի՝ բժիշկը կզգա՞, տիկին Ադիբեկյանը վստահեցրեց, որ այո. «Բժիշկը զրուցում է օդաչուի հետ ու եթե նույնիսկ օդաչուն չասի էլ, որ լավ չի քնել՝ բժիշկն անպայման կիմանա: Նախ, մենք չվացուցակով էլ ենք ստուգում՝ նախորդ օրը թռիչք ունեցե՞լ է, թե՞ ոչ, եւ ըստ այդմ նրան ուղարկում նոր թռիչքի»: Թեեւ ՄԱԿ-ը ընդգծում է, որ թռիչքից առաջ օդաչուների առողջական վիճակը լիովին թույլ է տվել նոր թռիչք կատարելու եւ օդաչուները Սոչիի չվերթից առաջ 24 ժամից ավելի տնային պայմաններում հանգստացել են, սակայն անձնակազմի ներխցիկային խոսակցություններից ՄԱԿ-ը եզրակացրել է, որ անձնակազմն անքուն է եղել, ինչը եւ ազդել է թռիչքի ընթացքի վրա, մանավանդ որ՝ թռիչքն իրականացվել է գիշերը, երբ սխալվելու հավանականությունը մեծ է լինում: Բացի այն, որ մեր օդաչուները հոգնած ու քնի կարոտ են եղել, նրանք, ինչպես ասվում է ՄԱԿ-ի եզրակացությունում, լսելով վատ եղանակի մասին Սոչիի դիսպետչերի հայտնած տեղեկությունները՝ իբր հայտնվել են այնպիսի նյարդահոգեբանական լարված վիճակում, որ չեն կարողացել ճիշտ որոշում կայացնել: Նման պահվածքը, ըստ մասնագետների, բնորոշ է անփորձ օդաչուներին, իսկ վթարի ենթարկված A320-ի անձնակազմը, «Արմավիայի» ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ լիովին պատրաստված եւ փորձառու է եղել:
Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ «եթե օդաչուն մի փոքր զգա, որ լավ հանգստացած չի՝ երբեք ռիսկի չի դիմի, օդաչուն կհրաժարվեր թռիչքից»: Դմ. Ադբաշյանն ընդունում է, որ վատ եղանակային պայմաններն ու գիշերվա ժամին թռիչք կատարելու հանգամանքը բացասական են ազդել թռիչքի վրա, որովհետեւ, եթե չվերթը ցերեկը լիներ՝ օդաչուն ինքը կնկատեր եղանակային փոփոխությունը եւ հույսը չէր դնի Սոչիի օդանավակայանի հաղորդած տեղեկատվության վրա, բայց, ըստ նրա, մեր օդաչուների հոգնած լինելու վարկածը խելքին մոտ չէ:
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը ՄԱԿ-ի եզրակացության մասին իր անհամաձայնությունը հայտնել էր դեռեւս մի քանի ամիս առաջ՝ նախնական եզրակացության հրապարակման ժամանակ, ու որոշ դիտողություններ արել ՄԱԿ-ին: Թեեւ այդ դիտողությունների փաթեթը ՄԱԿ-ը կցել է եզրակացությանը, բայց դրա որեւէ կետ այդպես էլ վերջնական եզրակացությունում չի ընդգրկվել: Մասնավորապես, Քաղավիացիան դժգոհել էր, որ չնայած ՄԱԿ-ը նշել է, թե աղետի պահին օդերեւութաբանական իրավիճակը համապատասխանել է այն եղանակային կանխատեսմանը, որը ստացել է օդանավի անձնակազմը՝ թռիչքից առաջ, ըստ Քաղավիացիայի, Սոչիի օդանավակայանի օդերեւութաբանական ռադարը ցույց չի տվել այնպիսի վտանգավոր երեւույթներ, ինչպիսիք առկա են եղել: Թեեւ Քաղավիացիան առաջարկել էր Սոչիի օդանավակայանի օդերեւութաբանական ռադարի աշխատունակությունն էլ ուսումնասիրել ու դրա վերաբերյալ գնահատական տալ, ՄԱԿ-ն այս դիտողությունն էլ չի ընդունել ու այդպես էլ որեւէ հավելյալ ինֆորմացիա վերջնական եզրակացությանը չի կցվել:
Երեկ մենք փորձեցինք ՄԱԿ-ի վերջնական եզրակացության մասին լսել նաեւ «Արմավիայի» պարզաբանումը, սակայն ընկերությունից չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե դեռ սպասում են եզրակացության մասին ՄԱԿ-ի պաշտոնական գրությանը: