Փոխարենը ելույթներն էին ավելի բովանդակալից
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը, որը տեղի ունեցավ երեկ, անհամեմատ սակավաթիվ էր նախորդ երկու հանրահավաքների համեմատությամբ: Բայց դա «Այլընտրանքի» հիմնադիրներին եւ երեկվա հանրահավաքի բանախոսներին ամենեւին չէր հուսահատեցրել, ու, ինչպես «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «այսօր մենք հանրահավաք ենք անում այն մարդկանց համար, ովքեր համաձայն չեն երկրում վարվող քաղաքականության հետ եւ իրենց անհամաձայնությունը չեն հայտնում միայն իրենց տան բազկաթոռին նստելով: Մենք կանգնելու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչեւ մյուսները, ովքեր նույնպես համաձայն չեն այդ քաղաքականության հետ, պոկվեն իրենց բազկաթոռներից եւ գան այստեղ: Մենք այստեղ ենք լինելու այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը ձեւավորի ի՛ր իշխանությունը»: Հանուն արդարության պետք է ասել, որ երեկվա հանրահավաքն ավելի հետաքրքիր էր բարձրացված հարցերի քննարկման իմաստով՝ ԼՂ հիմնահարց, երկքաղաքացիություն, իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունների կողմից վարվող եւ ընդդիմության նկատմամբ խիստ խտրական քաղաքականություն եւ այլն:
Հանրահավաքը վարող Վահագն Խաչատրյանի մատուցմամբ, իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, թե առաջիկա ԱԺ ընտրություններում ընտրողն անելիք չունի, որովհետեւ իրենք՝ «վերեւում», պայմանավորվել են եւ խորհրդարանի տեղերն արդեն բաժանել են իշխանական կուսակցությունների եւ որոշ «ընդդիմադիրների» միջեւ:
«Գուցե իրենք դա իրար մեջ համաձայնեցրել են, բայց մեր՝ ժողովրդի հետ այդ հարցում պայմանավորվածություն չկա»: Վ. Խաչատրյանի համոզմամբ, «իրականում իշխանական կուսակցությունների անդամներն ու համակիրները, որոնք անդամագրվում են ստիպողաբար, շատ ավելի փոքրաթիվ են, քան ներկայացվում է»: «Իսկ նրանց գլխին կանգնած են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանք ամեն ինչի պատրաստ են՝ վերարտադրվելու համար, որովհետեւ այլ ելք չունեն: Նրանք գիտեն, թե ինչ չարիքներ են գործել եւ ինչ կեղծիքներ են արել: Դրա մասին գիտենք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհը»,- հայտարարեց Վ. Խաչատրյանն ու վկայակոչեց ԱՄՆ Պետդեպի վերջին զեկույցը Հայաստանի մասին, որտեղ, նրա ասելով, Հայաստանի համար մխիթարական ոչինչ չկա: Վկայակոչվեց նաեւ հիշյալ զեկույցում Ղարաբաղի՝ «օկուպացված տարածք» լինելու արձանագրումը ԱՄՆ Պետդեպի կողմից՝ որպես մի երկրի, որը ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահողի դեր է ստանձնել ԼՂ հակամարտությունը կարգավորելու գործում: «Սա՞ էիք ուզում, հանուն ինչի՞ եկաք իշխանության՝ այսպե՞ս էիք ուզում լուծել ԼՂ հարցը: Այսպես հարցը լուծված էր դեռ խորհրդային տարիներին»,- հիշեցրեց Վ. Խաչատրյանը:
Թեման շարունակելով` Ն. Փաշինյանն արձանագրեց, որ «8 տարի առաջ, երբ միջազգային հանրությունն ասում էր, որ Ղարաբաղին շրջապատող 7 տարածքներն օկուպացված են՝ դա իրարանցում էր առաջացնում Հայաստանում: Այսօր ասում են՝ Ղարաբաղն օկուպացված է, եւ դա իրարանցում չի առաջացնում, որովհետեւ էդ մարդիկ՝ իշխանությունները, կարողացել են մեզնից յուրաքանչյուրին, մեզնից շատերին անտարբերություն ներշնչել: Մենք պետք է կարողանանք դա հաղթահարել»:
Երեկ «Այլընտրանքի» նախաձեռնած հանրահավաքին ներկա էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: Այդ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, հիշեցնելով «Սարոյան եղբայրներ» ֆիլմի ավարտը, իր ելույթում Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին համեմատեց. «Երբ դաշնակցական կառավարությունը երկրից փախչում էր, փախչողների ֆայտոնում տեղ գտնվեց երկու մարդու համար: Մնացածը մնացին անտեր: Դա 1920թ.-ն էր: Ցավոք, այսօր էլ Հայաստանում իշխում են գաղթականի հոգեբանություն ունեցող մարդիկ: Նրանցից դարձյալ երկուսը փախչելու են՝ իրենց սպասարկողներին թողնելով անտեր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պրոցեսը շատ շուտ ստանա իր հանգուցալուծումը»:
Այլընտրանքի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ դարձյալ Մատենադարանին հարող տարածքում: