Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մարտ 12,2007 00:00

Հայտնի է, որ ուրբաթ օրերին քաղաքական եւ հասարակական գործիչները առանձնապես ակտիվ են խոսելու առումով եւ բազմաթիվ ասուլիսներ են տալիս։

«Ժողովրդի վրա դրված թթվի քար»

Հայաստանը, ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, կեղծիքի, ստի եւ անօրինականության վրա կառուցված երկիր է, ու այդպիսի երկրներն այսօր քիչ են աշխարհում եւ չունեն ոչ մի հեռանկար: Ըստ Վազգեն Մանուկյանի, մեր հարեւանները սրընթաց առաջ են գնում, իսկ մեր ճանապարհը մեզ ոչ մի ապագա չի խոստանում: Վազգեն Մանուկյանի խոսքով, խորհրդարանը պետք է լիներ այն մարմինը, որտեղ պետք է ծնվեր երկրի համար հեռանկար խոստացող ճանապարհը։ «Բայց Ազգային ժողովը նման է ժողովրդի վրա դրված թթվի քարի»,- այսպես որակեց ԱԺՄ ղեկավարը երկրի օրենսդիր մարմինը: Ըստ ԱԺՄ ղեկավարի, ստեղծված իրավիճակը իշխանության երազած իրավիճակն է: Վազգեն Մանուկյանն ընտրությունների ժամանակ օգնելու է այն գործիչներին, որոնց հետ ունի գաղափարական ընդհանրություն եւ ընդհանուր կենսագրություն: Դրանք են՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: ԱԺՄ ղեկավարը համաձայն չէ, որ խորհրդարանում կարող է հայտնվել միայն այն ընդդիմությունը, ում որ կկամենա իշխանությունը:

Հետեւելու են ընտրություններին

Երեկ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գործառական հարցերով փոխնախագահ, երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ջոն Հյուկոյին ընդունել են ե՛ւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք, որ Ջոն Հյուկոյի այցի հիմնական նպատակն է ՀՀ իշխանությունների հետ քննարկել ՀՄԿ ծրագրի իրականացման աշխատանքները եւ ծանոթանալ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացին: Ինչպես փոխանցում են ԱԳՆ-ից, այդ գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ զրուցակիցները համաձայնել են, որ դեռ վաղ է որոշակի գնահատականներ տալ ընտրությունների նախապատրաստմանը՝ հաշվի առնելով, որ քարոզչության փուլը պաշտոնապես դեռ չի սկսվել: Նշելով իր շահագրգռվածությունը ՀՄԿ ծրագրի շարունակման հարցում, Ջ. Հյուկոն ընդգծել է, որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված ֆինանսական հատկացումների համար կարեւորագույն ցուցիչ է:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա եւս կարեւորել է Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը՝ նշելով, որ միջազգային դիտորդների հետ միասին կորպորացիայի ղեկավարությունը նույնպես ուշադրությամբ հետեւելու է ընտրությունների ամբողջ գործընթացին:

Համայնքապետերը գլուխ գովեցին

«Ո՞նց կարելի է Երեւանը կործանել: Երեւանը, ընդհակառակը, պետք է կարգին մարդու աչքերով նայել: Երեւանցիները հպարտությամբ սիրում են իրենց քաղաքը: Մի անգամ ինձ ասացին՝ աշխարհում շատ լավ պետություններ կան՝ Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ: Բայց եթե մի տղա կանգնի ասի՝ այս մեկի հայրը իմ հորից լավն է, ես էլ կասեմ՝ այս պետությունն իմ պետությունից լավն է: Երեւանը ոչ ոք կործանված չի տեսնում: Իսկ ով կործանված է տեսնում, կարող է թողնել Երեւանը եւ ուրիշ տեղ ապրել: Թող Վահան Հովհաննիսյանը իր կուսակցությանը ասի՝ ովքեր իրենց համարում են հայ, երեւանցի, թող գան մեզ հետ շաբաթօրյակի, մեզ հետ մաքրեն»,- Դավիթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը այսպես փորձեց հակադարձել ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի այն կարծիքին, որ եթե ամեն մեկը իր գործով զբաղվի (նկատի ուներ առաջին հերթին համայնքապետերին), մեր քաղաքում կեղտը այդքան շատ չի լինի: Փոխանակ ընդունելու, որ մեր քաղաքում կեղտը իրոք շատ-շատ է, համայնքապետերը ընկան շատ ավելի ծիծաղելի վիճակի մեջ: Նոր Նորքի համայնքապետ Դավիթ Պետրոսյանն արդարացավ. «Մի մարդը բոլորի վերաբերյալ չի կարող նման հայտարարություն անել: Եթե համայնքի ղեկավարը իր աշխատանքի գլխին կանգնած չեղավ, նշանակում է այդ ղեկավարն իր բնակչության կողմից չի ընդունվում: Մի հատ առավոտները վեր կացեք, թաղապետարաններով անցեք եւ տեսեք, թե որ համայնքի ղեկավարը երբ է գալիս աշխատանքի եւ երբ է գնում»: Թե դա ինչ կապ ունի կեղտը հավաքելու հետ՝ երեւի միայն պարոն Պետրոսյանին է հայտնի: Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանն էլ հայտարարեց. «Այսօր Երեւանը իր մաքրությամբ համեմատելի չէ 2004, 2005 թվականների հետ: Մեր աշխատանքը տեսանելի չէ: Առաջարկում եմ, մեր պատգամավորները, որոնք անհանգստանում են, թող դիմեն կառավարությանը սանմաքրման տեխնիկան առնել եւ նվիրել համայնքներին: Որ համայնքի ղեկավարը թերացավ, հրաժարական կտա՝ հավաստիացնում եմ ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել