«Առավոտի» ունեցած տեղեկություններով, առաջիկա 3-4 օրերի ընթացքում Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է հանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը՝ հօգուտ Հանրապետական կուսակցության: ՀԱԿ-ը համեստաբար կարծում է, որ այդպիսով ՀՀԿ-ին կբաշխի 18-20 հազար ձայն: Փոխարենը՝ 9-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը (լուսանկարում) կստանա պատգամավորի մանդատ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույն ընտրատարածքում առաջադրված «Նիգ-Ապարանի» նախագահության անդամ Նապոլեոն Ազիզյանը պատրաստվում է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Տ. Ուրիխանյանի, որից հետո «Նիգ-Ապարանը», ասել է թե՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կսատարի Տիգրան Ուրիխանյանին: Նկատենք, որ այդ ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրել: Հիշեցնենք նաեւ, որ վերոնշյալ ընտրատարածքում մանդատի հիմնական հավակնորդներն են ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ ոմն Ռուբեն Սադոյան, ում, ըստ լուրերի, սատարում է Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը: