Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԻԿՆԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆԵՐԻՆ

Մարտ 09,2007 00:00

Երեկ «Արարատ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը նախ շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լրագրողների մարտի 8-ը, ապա պատմեց մրցաշրջան-2007-ի ծրագրերի մասին:

«Ընթացիկ տարին բավականին բուռն է լինելու մարզաձեւում,- ասաց նա:- Ֆեդերացիան տարբեր ակումբներից ու կազմակերպություններից մրցումների անցկացման 25 հայտ է ստացել: Դա նշանակում է, որ 2007 թվականին մենք մոտավորապես յուրաքանչյուր տասն օրը մեկ միջոցառում ենք կազմակերպելու: Սրան ավելացնեմ արդեն տարեկան միջոցառումների ծրագրի մեջ ընդգրկված միջազգային մրցումները: Դրանց մեջ հատկապես կարեւորում եմ օգոստոսին նախատեսված մանկապատանեկան մրցումը, որը կարեւոր դերակատարություն կունենա ձիասպորտն այդ տարիքի երեխաների շրջանում տարածել-արմատավորելու գործում, ինչպես նաեւ սեպտեմբերին Երեւանում մեծահասակների միջազգային մրցում կազմակերպելու ցանկությունը, որի ուղղությամբ ներկայումս համագործակցում ենք Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Ճիշտ է, խնդիրներ կարող են առաջանալ նժույգները Հայաստան տեղափոխելու հարցում, սակայն փորձելու ենք ամեն բան կարգավորել:

Մի հաճելի լուր էլ: Արդեն Եվրոպայում ունենք մեր ֆեդերացիայի ներկայացուցիչը: Նա ծնունդով հայաստանցի Սարգիս Պետիկյանն է, ով շուրջ 35 տարի բնակվում է Ֆրանսիայում: Նրա անմիջական ջանքերի շնորհիվ Փարիզում բացել ենք ձիասպորտի «Արարատ» ակումբ, որտեղ մարզվում են մեր հավաքականի անդամները, իսկ հետագայում նաեւ՝ պատանիները: «Արարատ» ակումբի վեց բարձրակարգ նժույգներից չորսը պարոն Պետիկյանինն են, եւ նա մարզվելու ու մրցումների մասնակցելու նպատակով սիրով այդ կենդանիները տրամադրում է Հայաստանի հավաքականի անդամներին: Մեկ նժույգ էլ ունենք Միացյալ Արաբական Էմիրություններում: Այս ամենը մեզ հնարավորություն է ընձեռում մասնակցել Եվրոպայում եւ Ասիայում կազմակերպվող ամենաբարձր մակարդակի մրցումներին: Ասեմ նաեւ, որ մեր նժույգավարների մարզումները Ֆրանսիայում կազմակերպելով՝ շատ կարեւոր նպատակ ենք հետապնդում: Ցանկանում ենք Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ նվաճել: Մեր առաջատար մարզիկներից Նորայր Ստեփանյանը եւ անցած տարվանից հավաքականը համալրած, արտասահմանում բնակվող բարձրակարգ եւ փորձառու մեր հայրենակիցներ, ֆրանսաբնակներ Օլիվյե Հարություն Շիշլիյանը, Ժուլյեն Համբարձումյանը եւ Արաբական Էմիրություններից Կարեն Հակոբյանը, արդեն այս ամսվա վերջից կամ ապրիլի սկզբից, կմասնակցեն վարկանիշային մրցումների: Հետագայում հայաստանցի նժույգորդների թիվը նմանատիպ մրցումներում կարող է նաեւ ավելանալ»:

Պարոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ մարտի 9-ին ֆեդերացիան Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կազմակերպելու է 2007 թվականի անդրանիկ մրցումը՝ նվիրված գեղեցկության օրվան: Իսկ ասուլիսի ավարտին նա լրագրողուհիներին ծաղիկներ եւ օծանելիք նվիրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել