Գարուն, զարթոնք, գեղեցկության միամսյակ եւ քաղաքական խմորումներ: Այս թեմայով «Առավոտի» հետ զրուցեցին հանրապետության անվանի կանայք:
ԱԺ գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան-Գարունը զարթոնքի, վերածննդի շրջան է, կանայք գարնանից են ամենաշատ սպասելիքները ունենում: Գարնանն են արձանագրվել նաեւ մեր բոլոր հաղթանակները: Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրությունները եւս կկայանան գարնանը: Այնպես որ, գարունը չեմ գովերգում միայն կանանց միամսյակի համար:
Գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյան- Գարունն ամեն ինչ է… Վստահ եմ, որ ժողովրդիս 90 տոկոսը զմայլված է գարնանով՝ գյուղացին իր գարնանացանն է անում, երիտասարդները սիրահարվում են… Ինչ լավ է, որ բնությունն ավելի ուժեղ է, քան քաղաքականությունը: Թե չէ քաղաքական գործընթացների մեջ ներգրավված մարդկանց թվում է, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում…
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» եւ «Օրրան» բարեգործական հ/կ-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյան- Թող գարնանը զարթոնք լինի ոչ միայն բնության մեջ, այլեւ արդարության, արժանապատվության, հոգու մաքրության, հայրենասիրության, քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կյանքի առումով: Մենք՝ հայ կանայք, որ դարերի ընթացքում ունեցել ենք զգալի դեր քաղաքական կյանքում, այսօր եւս ընդունենք օրվա մարտահրավերը եւ մասնակիցը լինենք մեր զավակների համար ճակատագրական բոլոր իրադարձություններին: Ոչ միայն այս միամսյակում, այլ «միակյանքում» լինենք բարի, հոգատար, ուժեղ եւ արարող:
Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյան- Մաքուր, զուլալ խոհեր են ծնվում հոգումս տարվա այս եղանակին: Գարնանը ուզում եմ խայտալ ու բարի գործեր անել, միմիայն բարին… Եվ արժե՞ արդյոք կողք կողքի դնել գարուն-քաղաքականություն անհամատեղելի երեւույթները…
Վիցե միսս Եվրոպա 2005թ. Լուսինե Թովմասյան- Կինն ինքնին գեղեցկություն է, իսկ գարնանը այդ գեղեցկությունը մի այլ ներկապնակով է ներկայանում: Մարդկային ուղեղի փայլատակման արդյունքն է կանանց տոները գարնանը նշել…Ուզում եմ հայ կանանց տեսնել ժպտադեմ ու մաղթել բարիք ու եթե հոգսեր, ապա՝ միայն հաճելի, ինչպես, ասենք, երեխայի լույս աշխարհ գալը… Ինչ վերաբերում է քաղաքականությանը, այդ հարցում չեզոք եմ, բայց, միեւնույն ժամանակ, հանգիստ՝ հասկանալի պատճառով. դաշտում ունենք գիտակներ, որոնց կարելի է վստահել:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյան- Հայտնաբերել եմ, որ գարնանը կանայք ավելի են գեղեցկանում: Սա իհարկե հիանալի է: Մնում է, որ նաեւ մեծ գումարներ վաստակեն: Դերասաններս քաղաքականությունն ենք քարոզում՝ սեր, միաբանություն, արդարություն, արժանապատվություն… Մի բան, որ պիտի անեին բազմաթիվ կուսակցությունները:
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյան- Կյանքում ամեն ինչին, այդ թվում եւ գարնանը, նայում եմ արվեստիս տեսանկյունից: Քաղաքականությունն էլ եմ դիտում որպես արվեստ եւ ցանկանում, որ մեր գործիչներն էլ մշակութորեն վերաբերվեն իրենց աշխատանքին: Իսկ քաղաքականության հետ շփվում եմ թերթերի, TV-ների միջոցով:
Պարի եւ հոգու թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոֆի Դեւոյան- Ինչ լինում է՝ կատարվում է Աստծո կամոք: Բնականաբար, գարնան համար էլ պարտական ենք Բարձրյալին: Հրաշք է գարունը… Իսկ քաղաքականությունը, ցավոք, դարձել է հայերիս կենցաղի մի մասը: Կուզեմ այդ ոլորտում ամեն ինչ հարթ ընթանա, իսկ ես՝ որպես քաղաքացի, ինձ զգամ վստահ եւ լավատես վաղվա օրվա հանդեպ: