Լրահոս
Օրվա լրահոսը

3 կուսակցություն եթերային «սեւ ցուցակում» են

Մարտ 09,2007 00:00

Ըստ Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ «հատուկ համաձայնեցված քաղաքականություն կա» Հանրապետության», «Ժառանգության» եւ «Նոր ժամանակներ»-ի նկատմամբ:

Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց փետրվարի ընթացքում 7 հեռուստաալիքների դիտարկման արդյունքների վերաբերյալ իր հաշվետվությունը: «Քանի որ ՀՀ օրենսդրությունը հստակորեն չի կարգավորում պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանից դուրս քաղաքական քարոզչությունը եւ խմբագրական լուսաբանումը, դիտարկման ներկայացվող արդյունքները նպատակ չունեն արձանագրելու օրենսդրության խախտումները»,- նշված է հաշվետվության մեջ: Հետազոտության խնդիրն է որոշելը, թե որքանով է ընտրություններից առաջ հեռուստալսարանը տեղեկանում կուսակցությունների գործունեության մասին, եւ արդյոք բոլորի համար հավասա՞ր հնարավորություններ են ստեղծվում իրենց քաղաքական հայացքներն ու ծրագրերը ներկայացնելու համար:

Ըստ դիտարկման արդյունքների՝ նախընտրական քաղաքական իրավիճակն առավել ակտիվորեն լուսաբանել է «Կենտրոն»-ը, որը տարբեր կուսակցությունների հատկացրել է ամենաշատ եթերաժամանակը: Հաջորդում են «Երկիր մեդիան», Հ2-ը, Հ1-ը եւ «Շանթը»: Փետրվարին քաղաքականությանն ամենաքիչ ուշադրությունը դարձրել է «Արմենիա»-ն. «2007-ի սկզբից այն հրաժարվել է մի շարք հասարակական-քաղաքական, այդ թվում՝ «հյուր ստուդիայում» ժանրի ծրագրերից: Այս հեռուստաալիքն ամսվա ընթացքում բացառություն է արել միայն պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի համար»:

Առանձնահատուկ վիճակում է «ԱԼՄ»-ն, որը մի կողմից՝ քաղաքականությանն ամենաշատ եթերաժամանակն է հատկացրել, մյուս կողմից՝ սա տեղի է ունեցել ի հաշիվ Տիգրան Կարապետյանի նկատմամբ բացառիկ ուշադրության. Ժողովրդական կուսակցությանը բաժին է ընկել «ԱԼՄ»-ի քաղաքական եթերի 85,5 տոկոսը:

Հեռուստաալիքների կողմից ուշադրության արժանանալու առումով առաջատարների թվում են ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՀԿ-ն: Նրանց համեմատ, իշխող կուսակցության համար «բավականին հետին դիրքում» է հայտնվել ՄԱԿ-ը:

Ըստ ԵՄԱ հաշվետվության՝ «Եթե դատենք 2007-ի փետրվարի տվյալներով, իրենց համար հեռուստաեթերի անմատչելիության մասին ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի հայտարարությունները բավարար հիմքեր չունեն»: Վերոհիշյալ 4 կուսակցություններին անմիջապես հետեւում են «Օրինաց երկիրը», ՍԻՄ-ը, որի ներկուսակցական սկանդալը փետրվարին հասավ իր բարձրակետին, ՀԺԿ-ն, ԱԺԴ-ն, ՀՀՇ-ն եւ «Ազգային միաբանությունը»: Միաժամանակ, դիտարկման տվյալները հիմք են տվել խոսելու բոլոր 7 հեռուստաալիքների կողմից «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների նկատմամբ «խտրականության մասին»: Նրանք արժանացել են «կա՛մ զրոյական, կա՛մ շատ թույլ ուշադրության: Նրանց գործունեությանը կա՛մ չեն անդրադարձել, կա՛մ անդրադարձել են խիստ հազվադեպ եւ նվազագույն ծավալներով, գործնականում չեն լուսաբանվել նրանց միջոցառումները, մամուլի ասուլիսները, այդ կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մի անգամ հարցազրույցներ չեն վերցվել»: Ըստ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի, նման վերաբերմունքն առկա է նաեւ ընտրական գործընթացներում ու ժողովրդավարական բարեփոխումների հարցերում ակտիվ եւ «իշխանությունների հասցեին իրենց քննադատական գնահատականները հայտնելուց չխուսափող մի շարք հասարակական կազմակերպությունների նկատմամբ (նրանց անունները խոստացավ հայտնել ապրիլին.- Ա. Ի.): Նման իրավիճակը, ինչպես նաեւ հեռուստաալիքների կողմից քաղաքական գովազդի սակագները սահմանելու գործընթացը համաձայնեցված քաղաքականության տպավորություն են ստեղծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել