Չնայած դպրոցների տնօրենները հավաստիացնում են, թե տոներին իրենք բավարարվում են ընդամենը աշակերտների ժպիտներով ու բացիկներով:
Գարնանային տոները դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար դառնում են գլխացավանք, որովհետեւ արդեն ավանդական դարձած դրամահավաքները տարեցտարի մեծ թափ են ստանում: Եթե մի 20 տարի առաջ աշակերտներն ընդամենը ծաղիկներ, երգեր ու բանաստեղծություններ էին նվիրում ուսուցիչներին, ապա այսօր վերջիններս գերադասում են թանկարժեք զարդերը, օծանելիքն ու այլ իրեր: Հաճախ մանկավարժները ծնողներին առաջարկում են չբռնանալ իրենց ճաշակի վրա եւ նվերների փոխարեն «չոր» փողն են պահանջում: Մեր տեղեկություններով, այս օրերին երեւանյան դպրոցներում կանանց տոնի առիթով աշակերտները 2000-5000 դրամ են հավաքում՝ ուսուցիչներին նվերներ մատուցելու նպատակով: Ավարտական դասարաններում այս թիվն ավելի մեծ է՝ պայմանավորված դպրոցի աշխարհագրական դիրքով, «էլիտար» լինելով եւ այլն:
Մեզ հետ զրույցում, սակայն, դպրոցների տնօրենները միաբերան հավատացնում էին, թե իրենց դպրոցներում արգելված են դրամահավաքները, իրենք նյութապաշտ չեն, երեխաներից ու ծնողներից ոչինչ չեն ակնկալում եւ կարող են երջանկանալ իրենց սանի նվիրած «ինքնաշեն» բացիկից կամ մի անվարժ ոտանավորից:
Օրինակ՝ թիվ 91 դպրոցի տնօրեն Էլեոնորա Ղալումյանը դժվարացավ հիշել, թե վերջին անգամ դպրոցից երբ է թանկարժեք նվեր տուն տարել: Հետո մտաբերեց, որ 5 տարի առաջ աշակերտներիցս մեկը իրեն բանաստեղծություն է նվիրել: «Ինձ համար իսկական նվերը ժպտացող աշակերտներիս շնորհավորանքներն են: Մեր աշակերտները ուսուցիչներին շնորհավորում են ընդամենը պատի թերթում բարեմաղթանքներ գրելով»,- ասաց տիկին Ղալումյանը:
Լեոյի անվան թիվ 65 դպրոցի տնօրեն Նորայր Խրիմյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցի աշակերտները երգ ու ասմունքով են շնորհավորել ուսուցիչներին: «Ես դեմ եմ նման դրամահավաքներին, արգելում եմ գումար հավաքել ու նվերներ գնել ուսուցիչներին, բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր մարդ նվերը հաճույքով է ընդունում»: Տնօրենը ավելացրեց, որ իրենց դպրոցի ուսուցչուհիներին ինքը ծաղիկներ է նվիրել, իսկ աշակերտները՝ իրենց պատրաստած բացիկները:
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանն ասաց, որ արգելել է իրենց դպրոցում նշել Մարտի 8-ը. «Ես էլ ընդամենը մի ծաղկեփունջ եմ ստացել, այն էլ իմ փոխթաղապետ ընկերոջից: Ի դեպ, նույն ծաղկեփունջը նվիրել եմ իմ ուսուցիչներից մեկին: Մեր ուսուցիչներին նվեր ենք գնել՝ սեղանի սփռոցներ, սրբիչներ (դե կանայք են, էլի…): Ու այդ ամենը ոչ թե աշակերտների, այլ պրոֆմիության փողերով»:
Թիվ 100 դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աիդա Օհանյանը նշեց, որ իրենց մոտ մանկավարժներին թանկարժեք նվերներ մատուցելու ավանդույթ երբեք չի եղել: Նա հիշեց, որ տարիներ առաջ աշակերտներն իրեն գրքեր էին նվիրում, ինչի չի հանդիպում հիմա: Նաեւ տեղեկացրեց. «Ես անձամբ բոլոր՝ 1-9-րդ դասարանների աշակերտներին բաժանել եմ բացիկներ, որտեղ դասղեկների օգնությամբ նրանք գրել են՝ «Սիրելի մայրիկ, շնորհավորում եմ քո տոնը եւ խոստանում վերացնել իմ թերությունները (բացիկներ գրողների թերությունները մատնանշել են դասղեկները-Լ. Օ.): Իսկ 10-րդ դասարաններում տոնի առիթով հետաքրքիր զրույցներ ենք վարել»: Տիկ. Օհանյանը հայտնեց, որ արգելել է դպրոցում «տոնական» դրամահավաքները. «Չեմ ցանկանում, որ մեր աշակերտները ֆինանսական նեղություն կրեն: Հետո ավելի շատ գնահատում եմ երեխաների ձեռքով պատրաստված նվերները: Օրինակ, ինձ այսօր աշակերտներիցս մեկը ուլունքներից պատրաստված մի կոմպոզիցիա է նվիրել, որը երկար ժամանակ կզարդարի իմ սեղանը: Երբեք առիթ չեմ տվել, որ ինձ թանկարժեք նվերներ գնեն: Կարծում եմ, նման նվերները աշակերտների անհարգալից վերաբերմունքն են արտահայտում ուսուցիչների հանդեպ»: