Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանք՝ ձնծաղիկներով, ոմանք էլ՝ կերուխումով

Մարտ 09,2007 00:00

\"\"Այսպես են իրենց աշխատակցուհիների Մարտի 8-ը շնորհավորում գերատեսչությունների ղեկավարները:

Երեկ մի շարք նախարարություններից ու հիմնարկներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են նշելու կանանց միջազգային տոնը: Քանի որ Մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է, ուստի բոլոր գերատեսչություններն էլ իրենց համակարգում աշխատող կանանց եւ աղջիկներին շնորհավորել են ամսի 7-ին: Օրինակ՝ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը իր ենթակայությամբ աշխատող կանանց երեկոյան հրավիրել է ռեստորան՝ քեֆի: Նախարարի խորհրդական Ռուսլաննա Գեւորգյանի ներկայացմամբ, երեկույթի ժամանակ նախատեսվում է ինտելեկտուալ խաղեր. հաղթողներին տրվելու են նվերներ: Իսկ մինչ այդ նախարարը կանանց շնորհակալագրեր եւ պատվոգրեր է հանձնել՝ չմոռանալով նաեւ մարզերի 50 բուժաշխատողների:

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն էլ նախարարության կանանց հրավիրել է իր աշխատասենյակ ու նվիրել ծաղիկներ: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ի տարբերություն Այվազյանի, ինքն անձամբ է շրջել սենյակ առ սենյակ եւ կանանց ծաղիկներ ու դրամական պարգեւներ հանձնել:

Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը արդեն երրորդ տարին կանանց միջազգային օրը նշում է մեծ շուքով: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Ա. Հարությունյանը, բացի կանանց պատվին կազմակերպած ֆուրշետից ու դրամական պարգեւներից, ամենաերիտասարդ տատիկը, ամենաշատ երեխաներ ունեցող մայրիկը, ժպտերեսիկը եւ նման անվանակարգերով նախարարությունում մրցույթ է անցկացնում՝ հաղթողներին տալով նվերներ: Նախագահական պալատի կին աշխատակիցները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից առանձնահատուկ շնորհավորանք չեն սպասում: Ըստ լրատվական ծառայության աշխատակից Իրինա Ղուլինյանի՝ «Մենք մեզանով նշում ենք: Նախագահն առանձին ուղերձով շնորհավորելու է մեր հանրապետության բոլոր կանանց, իսկ մենք հանրապետության կանանց շարքերում ենք»: Պաշտպանության նախարարությունից էլ հայտնեցին, որ մարտի 8-ին համակարգի կին աշխատողների համար Ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպելու են համերգ, որտեղ էլ նրանց կշնորհավորեն ու ծաղիկներ կնվիրեն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը իր աշխատակից կանանց վարդերով է շնորհավորել:

Իսկ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը մանուշակներ ու ձնծաղիկներից զատ, կին աշխատակիցներին նվիրել է օծանելիք եւ հուշանվերներ:

Սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի խոսքերով՝ իր համակարգի կանանց շնորհավորել է տոնական շամպայնով եւ լավագույն մաղթանքներով. «Ես շնորհավորեցի, բայց շամպայն չխմեցի, քանի որ պաս եմ պահում»: Բացի այդ, հիմնադրամի նախագահը կանանց նվիրել է ծաղիկներ եւ պարգեւատրել 15 հազարական դրամով:

Իսկ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոմիտեի աշխատակցուհիներին տրամադրել է 35 հազարական դրամ եւ խոստացել բոլոր աղջիկներին ամուսնանալու դեպքում նվիրել 1 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել