Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՀԱՐԹԱԿ ՉԷ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՐ

Մարտ 09,2007 00:00

«Մենք հիմնականում պաշտպանում ենք ՀՀԿ-ի մոտեցումները»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում 40-րդն է: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն «իր ողջ ներուժը կներդնի» թե՛ Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացման, թե՛ ջավախահայությանը հուզող հարցերի կարգավորման գործում:

Նրա հետ բանավիճող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց, թե առնվազն տարօրինակ է, որ որոշ կուսակցություններ, մասնավորապես, «Հզոր հայրենիք»-ը, ՀՀԿ-ի հետ միասին երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու հույս ունեն: Ըստ Սուրենյանցի՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը չի կարող համարվել քաղաքական, քանի որ նրանում հերթով նշված են քրեական հեղինակությունների եւ այն մարդկանց անունները, ովքեր վերջին 9 տարիներին հետեւողականորեն կեղծել են ընտրությունները. «Նախարարներ են նշված, որոնք մանդատագողությամբ են զբաղվել, քվե են գողացել ժողովրդից: Ճոյտեր, Շմայսեր, Ալրաղացի Լյովիկներ եւ այլն»: Եվ հարց ուղղեց, թե ի՞նչ համակարգային բարեփոխումներ են պատրաստվում իրականացնել կոռուպցիայի մեջ թաթախված նախարարների հետ: Շիրակ Թորոսյանը պատասխանեց, թե երկրում կատարվողի մեղավորը բոլորն են՝ չի կարելի միայն մի ուժի առանձնացնել, իսկ մյուսներին ներկայացնել իբրեւ «ամպերից իջած»: Նկատեց նաեւ, թե կոռուպցիոն դրսեւորումներն առկա են Առաջին հանրապետությունից մինչեւ մեր օրերը:

Սուրեն Սուրենյանցը նաեւ հարց տվեց, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի խորհրդարան գնալ՝ Ջավախքի խնդրով զբաղվելու համար, թող Վրաստանի ԱԺ-ում զբաղվեն: «Իսկ եթե չեն զբաղվո՞ւմ,- հարցրեց Շիրակ Թորոսյանը:- Սա նույնն է, թե ասեն՝ Հայաստանն ինչո՞ւ է զբաղվում Ղարաբաղի խնդրով»: Անմիջապես հավելեց, թե իրենց կազմակերպությունը «երբեք Վրաստանի անդամահատման խնդիր չի դնում»: Սուրեն Սուրենյանցը դարձյալ պնդեց, թե ՀՀ ԱԺ-ն չի տեսնում իբրեւ հարթակ, որտեղ հարկ է զբաղվել Ջավախքի խնդրով. «ԱԺ ամբիոնն օգտագործելով՝ չենք կարող օգուտ տալ Ջավախքին: Հակառակը՝ դա կարող է դառնալ քաղաքական շահարկումների առարկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել