Երեկ ՄԱԱ-ում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը
«Բավականին անդուր մի նոր մեթոդաբանություն է որդեգրված շատերի կողմից, որը առաջ էլ կար, բայց ոչ այս մասշտաբների՝ անձնագրերի հավաքում կամ անձնագրերի համարների գրանցում: Նախ ասեմ, որ միջազգային պրակտիկայում սա հանցագործություն է եւ կոչվում է ինքնության գողություն: Բոլոր համարակալված փաստաթղթերը՝ կրեդիտ քարտ, անձնագիր, տարբեր վկայականներ եւ այլն, ձեր սեփականությունն են, սիրելի հայրենակիցներ, սրան-նրան, ով ձեր դուռը ծեծում է, ձեր անձնագրի համարը մի տվեք, որովհետեւ մեկը կարող է պարտաճանաչ կերպով կարծել, որ ձեզ անդամագրեց իր կուսակցության մեջ, դա իր հիմարության բաժինն է, բայց մյուսը կարող է ձեր անձնագրով հանցագործություն կատարել, համակարգչային գողություն, հազար ու մի հնարավորություն կա: Անձնագրի համարները եւ անձնագիրը սրան-նրան մի բաժանեք, սիրելի ժողովուրդ: Իսկ նրանց, ովքեր հավաքում են այդ անձնագրերը, ասեմ, որ անձնագրի համարը կարող եք 10 տեղ արտագրել, բայց մարդը, միեւնույն է, ձեզ ձայն չի տա»,- բացատրելով 2007-ի ընտրությունների նախընտրական ընթացքի որոշ դրվագներ՝ երեկ Մամուլի ազգային ակումբում ընտրողներին զգուշացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:
Հաջորդ նախընտրական տեխնոլոգիան, որ այս ընթացքում շատ է օգտագործվում, ըստ Վահան Հովհաննիսյանի, հետեւյալն է. «Առնել սոցիոլոգներին. մենք նաեւ գիտենք՝ ում, իմիջիայլոց, մեզ էլ այդ սոցիոլոգները առաջարկել են, ասել են՝ «մեզ էսքան փող տվեք, մենք ձեր տոկոսը ավելի բարձր կգրենք»: «Առավոտի» խնդրանքին՝ անունները հրապարակել, պարոն Հովհաննիսյանը արձագանքեց՝ «Անունները չեմ ասի, դուք էլ նրանց լավ ճանաչում եք»: ՄԱԱ-ի հյուրը նաեւ հավելեց. «Մեր ժողովուրդը արդեն զզվել է թե սուտասան քաղաքական գործիչներից, թե սուտասան սոցիոլոգներից»:
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրին «Առավոտը» հարցրեց՝ իրենք ե՞ւս մեծ-մեծ ցուցապաստառներ են տեղադրելու, եթե՝ այո, մտավախություն չունե՞ն, որ մինչեւ հերթը իրենց հասնի՝ Երեւանում այլեւս ազատ պատ, դուռ եւ լուսամուտ չի մնա: Պարոն Հովհաննիսյանն այս մասին ասաց. «Ընդհանրապես, շատ կարեւոր թեմա եք բարձրացնում, ով ինչ ուզում է, թող կպցնի, հարցը հո դա չի: Հարցն այն է, որ քաղաքը ընդհանրապես կործանվում է կեղտի մեջ, իսկ դրա համար պատասխանատու անձինք, հատկապես թաղապետերը, ամբողջությամբ ընդգրկված են նախընտրական մրցավազքերի, բանակցությունների մեջ: Էս երկրում ամենքը եթե իր գործն աներ, շատ ավելի լավ կլիներ, եւ հետո՝ հնարավոր կլիներ ավելորդ պաստառները պատերից լվանալ»:
Դաշնակցությունը նախագահական ընտրություններում պաշտպանելու է իր թեկնածուին: Այս մասով Վահան Հովհաննիսյանը հստակեցրեց. «Մենք պաշտպանելու ենք մեր թեկնածուին, որին կորոշի ՀՅԴ-ն, որը այդ որոշումը դեռ չի կայացրել, եւ որովհետեւ դեռ չի կայացրել, ես չեմ կարող ասել՝ կարող եմ դա լինել ե՞ս, կարող է լինել Հրանտ Մարգարյա՞նը, Արմեն Ռուստամյա՞նը, Դավիթ Լոքյա՞նը, թե՞ մեկ ուրիշը»: