Այսպես մտածում են մարտի 25-ին Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներն էլ:
Մարտի 25-ին Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու, որտեղ առաջադրված երկու թեկնածուներն էլ կուսակցականներ են: Նրանցից մեկը՝ գործող քաղաքապետը, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի նախագահի տեղակալն է, ու բացի այն, որ ունի այդ կուսակցության աջակցությունը, նաեւ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի մտերիմն է: Մյուս թեկնածուն՝ Ա. Աղաբաբյանը, «Բարգավաճ Հայաստանի» Արմավիրի կառույցի ղեկավարն է, եւ նրան սատարում է ա՛յդ կուսակցությունը: Երկու թեկնածուներն էլ արդեն ավանդական մրցակիցներ են. նրանք 2004-ին էլ են քաղաքապետի ընտրություններում մրցակիցներ եղել, եւ այն ժամանակ 1700 ձայնի առավելությամբ հաղթել էր գործող քաղաքապետը: Իհարկե, վերջինիս առաջին շնորհավորողներից մեկն էլ եղել էր հենց Ա. Աղաբաբյանը, ով, արմավիրցիների ասելով, ընտրություններին մասնակցելու եւ կուսակցական լինելու հարուստ փորձ ունի: Նախկինում Կոմկուսի անդամ, հետո ՀՀՇ մարզային կառույցի ղեկավար, ապա ՄԱԿ, իսկ հիմա ԲՀԿ անդամ Ա. Աղաբաբյանը նախկինում երեք անգամ առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի, եղել է նաեւ քաղաքապետի մշտական թեկնածու: Արմավիրցիների ասելով, հենց դրանով է պայմանավորված նրա մականունը՝ «Կրկին փորձիր»: Այս անգամ նրան, որպես քաղաքապետի թեկնածուի, սատարում է նաեւ ԵԿՄ վարչության անդամ եւ կազմակերպության մարզային կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: Ասել է թե՝ քաղաքապետի ընտրություններն այս անգամ վերածվելու են մրցակցության ավանդական հակառակորդների՝ ԱԺ պատգամավոր Ն. Գեւորգյանի եւ «երկրապահ» Ռ. Գասպարյանի միջեւ: Եթե հավելենք նաեւ, որ քաղաքապետի պաշտոնը՝ վարչական ռեսուրսներին տիրապետելու իմաստով, կարեւոր է մայիսին կայանալիք ԱԺ ընտրությունների համատեքստում, ապա հասկանալի կլինի, որ խոշոր հաշվով այս ՏԻՄ ընտրությունները դառնալու են նաեւ ԱԺ ընտրություններում երկու մրցակիցների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ուժերի չափման փորձարկում:
Մեր այս դիտարկման հետ Արմավիրի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը համամիտ չէր: «Ցանկացած պարագայում ե՛ւ քաղաքապետի, ե՛ւ խորհրդարանական ընտրություններում ոչ թե քաղաքապետի պաշտոնն է գործոն լինելու, այլ՝ թեկնածուների, նրանց թիմերի կատարած աշխատանքը, հեղինակությունը»,- ասաց Ռ. Խլղաթյանը: Վերջինս, ի դեպ, վստահ է, որ այս անգամ էլ է քաղաքապետի ընտրություններում հաղթող լինելու եւ՝ ձայների զգալի տարբերությամբ: Նա շատ մանրամասնորեն ներկայացրեց իր առաջիկա ծրագրերն ու նախորդ տարիներին կատարած աշխատանքը, որն, իր ասելով՝ 2004թ. ընտրությունների ժամանակ արմավիրցիներին տրված խոստումների լիակատար կենսագործման արդյունքն է, բայց մենք դրան չենք անդրադառնա, մանավանդ որ՝ մարտի 6-ից արդեն քարոզարշավ է սկսվել, եւ մենք քաղաքապետին գովազդելու խնդիր չունենք:
Միայն նշենք, որ նրա փոխանցմամբ, 2004-ից այս կողմ քաղաքապետարանի ջանքերով լիովին վերանորոգվել է Մշակույթի տունը, ազատամարտիկների հուշահամալիր է կառուցվել, կապիտալ վերանորոգվել են թիվ 1 մարզադպրոցն ու ըմբշամարտի դպրոցը, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը, վերակառուցվել է քաղաքային այգին, փողոցները լուսավորվել են, արմավիրցիներն ունեն 24-ժամյա ջուր եւ այլն: «Արմավիր քաղաքը հանրապետությունում միակ քաղաքն է, որտեղ թույլ չենք տվել, որ որեւէ մանկապարտեզ սեփականաշնորհվի»,- ներկայացրեց Ռ. Խլղաթյանը: Թե որքանո՞վ են այս աշխատանքներն իրականում կատարվել՝ թո՛ղ դատի արմավիրցի ընտրողը:
Մեզ ավելի շատ հետաքրքրեց այն, թե գործող քաղաքապետն ի՞նչ կանի այն դեպքում, երբ իր ներկայացրած ծրագրերին ԲՀԿ-ն ներկայացնող Ա. Աղաբաբյանը ոչ պակաս գրավիչ ծրագիր ներկայացնի ու խոստումներ տա, որոնք կարող են իրականացվել նաեւ ԲՀԿ նախագահի աջակցությամբ, ինչպես մի քանի տարի առաջ եղավ Երեւանի Նուբարաշենի թաղապետի ընտրության ժամանակ: «Եթե միայն խոստումներ են տալու, ապա ցանկացած թեկնածու կարող է խոստանալ: Եթե նա հույսը դրել է նրա վրա, որ ԲՀԿ-ն պետք է իրեն ֆինանսավորի՝ ուրեմն ես չեմ պատկերացնում, որ ԲՀԿ-ն Աբովյանը պիտի թողնի ու գա Արմավիրը ծաղկեցնի»,- ասաց քաղաքապետը: Այդ դեպքում, նրա կարծիքով, իր մրցակիցը հույսն ինչի՞ վրա է դրել: «Հիմնականում լութի խոսքերի: Չգիտեմ, երեւի էդ մարդու մոտ թեկնածություն առաջադրելը ինչ-որ տեղ նաեւ հիվանդություն է»,- վրա բերեց Ռ. Խլղաթյանը:
ՀՀ-ում որեւէ մակարդակի ընտրությունների բաղկացուցիչներից մեկն էլ ընտրողներին փոխադրամիջոցներով ընտրատեղամասեր տանել-բերելն է: Քաղաքապետի կարծիքով, ընտրողներին տեղամասեր տանելը օրինախախտում չէ, բայց, ըստ նրա, «Արմավիր քաղաքում մրցակիցներից որեւէ մեկը խախտումներ չի անի, որովհետեւ երկուսն էլ ոչ միայն ուժեղ են, այլեւ նրանց թիմերը թույլ չեն տա: Ցանկացած թեկնածու ուզում է լեգիտիմ քաղաքապետ լինել: Ուղղակի այն թիմը, որը լավ կաշխատի, նա էլ կհաղթի: Ես վստահ եմ, որ մեր թիմը լավ է աշխատելու»: Թե որքանով է լեգիտիմությունը կարեւոր քաղաքապետի թեկնածուների համար՝ ցույց կտա ընտրությունների ընթացքը, որին «Առավոտը», անշուշտ, կհետեւի: