Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտ «հավաքիր», որ աշխատես

Մարտ 07,2007 00:00

Վաղուց այս սկզբունքով են առաջնորդվում երաժշտական դպրոցների դասատուները

Երաժշտական դպրոցների դասատուները, երեխաներին կրթելուց բացի, այսօր ստիպված են նաեւ աշակերտներ «հավաքել», քանի որ դասարանում եթե գոնե 9 հոգի չսովորի, ստիպված են ինքնակամ կամ տնօրենի պահանջով ազատվել աշխատանքից: «Այս հարցը տնօրեն-ուսուցիչ հարթությունից դուրս է, քանի որ այսօր նվազագույն աշխատավարձ ապահովելու խնդիր ունենք: Իսկ այն 20000 դրամից պակաս չպիտի լինի»,- բացատրեց Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Շողիկ Հակոբյանը: Խնդիրն այն է, որ երաժշտական դպրոցների ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս եւ 9 աշակերտ ունեցող դասատուին, եւ մեկ-երկու երեխայի հետ պարապողին ապահովել գոնե նվազագույն աշխատավարձով: «Չկա պետական հոգածություն: Ցանկալի կլիներ, որ մենք եւ հանրակրթական դպրոցների ուսուցիչները հավասար պայմաններում լինեինք: Ոմանք գերադասում են գործազուրկ դառնալ, քան 20000 դրամի համար աշխատել»,- նեղսրտեց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանի դասատու Նունե Ստեփանյանը: Որոշ դպրոցներ խնդիրը յուրովի են լուծել: Օրինակ, նույն դպրոցի դաշնամուրի դասատու Կարինե Հարությունյանը այս առիթով հայտնեց. «Հարեւաններին, ծանոթներին շահագրգռում ենք, որ իրենց երեխաներին բերեն երաժշտական դպրոց»:

«Դասատու կրճատելու խնդրի առաջ չեմ կանգնել, քանի որ շատերն ինքնակամ են հեռացել՝ պատճառաբանելով, որ այդ աշխատավարձը նույնիսկ տրանսպորտին չի հերիքում»,- ասաց թիվ 21 երաժշտական դպրոցի տնօրեն Շուշան Հովհաննիսյանը:

Քիչ աշակերտ ունենալու պատճառով աշխատանքից ազատվելու մտքի հետ դեռ որոշ դասատուներ չեն համակերպվել: Նրանք չցանկացան հրապարակել իրենց անունները, ուստի երաժշտական դպրոցների այդ դասատուների դժգոհությունները կներկայացնենք ոչ թե անվանական, այլ ընդհանրացված: Ոմանց պնդմամբ, նման կրճատումների դեպքում հնարավոր է աշխատանքից հեռացվի լավագույն մասնագետ, իսկ մասնագիտական հմտություններով նրան զիջողը՝ շատ աշակերտ հավաքելու շնորհիվ շարունակի դասավանդել: Ըստ «կրճատված» դասատուների՝ արդյունքում տուժում է երաժշտական կրթություն ստացող երեխան, հետեւաբար եւ նրա, եւ դասատուի վրա ծախսվող գումարները փոշիանում են: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը այլ կարծիքի է: Նա նշեց, որ որ ծնողները հիմնականում պահանջում են, որ երեխան ուսանի իրենց ընտրած դասատուի մոտ: «Այնպես որ, լավ դասատուի մոտից երբեք աշակերտ չի գնում»,- կարծում է պրն Սահակյանը:

Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Շ. Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ թեեւ իրենց դպրոցում էլ են կրճատումներ եղել, սակայն որեւէ լուրջ խնդրի առաջ չեն կանգնել, քանի որ «կրճատվողները նախօրոք տեղեկացված են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել