Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ դպրոցի ոդիսականը

Մարտ 07,2007 00:00

\"\"Վաղարշապատի թիվ 1 դպրոցը զրկվել է ճաշարանից, իսկ առաջիկայում՝ հնարավոր է նաեւ ուսուցիչներից եւ աշակերտներից:

Կառավարության 2004թ. որոշմամբ՝ Վաղարշապատի թիվ 1 հատուկ դպրոցի կցակառույցը, որտեղ տեղակայված էր դպրոցի ճաշարանը, հանձնվել է Մայր աթոռին: Դպրոցի կոլեկտիվը, բնականաբար, համաձայն չի եղել որոշմանը եւ հոժարակամ շենքը եկեղեցուն չի հանձնել: 2006թ. եկեղեցին դատի է տվել դպրոցին եւ դատը շահել: Արդյունքում՝ կրթօջախի շուրջ 350 աշակերտ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից մնացել է առանց ճաշարանի: Հատուկ դպրոցում սովորում են որբ, միակողմանի ծնողազուրկ, նպաստառու ընտանիքների եւ ծնողական խնամքից զրկված երեխաներ, ովքեր այստեղ անցկացնում են օրվա 9-10 ժամը եւ երեք անգամ սնվում: Այժմ երեխաների սննդի հարցը «կարգավորվում» է դպրոցի ներսում՝ սաները աշակերտական սեղանների վրա են ճաշում: Ըստ դպրոցի տնօրեն Սահակ Զաքարյանի, նոր օժանդակ կառույց ունենալու համար նախորդ տարի կառավարությունն իրենց հատկացրել է 70 մլն դրամ: Նախագծային աշխատանքներ են իրականացվել, սակայն ինչ-ինչ պատճառներով Արմավիրի մարզպետարանը փոխել է ծրագիրը եւ գումարներն ուղղել է դպրոցի տանիքի նորոգմանը, ջեռուցման համակարգի տեղադրմանն ու հին պատուհանները «եվրոպականով» փոխելուն: Ըստ հատուկ դպրոցի տնօրեն Սահակ Զաքարյանի, ճաշարան կառուցելու որոշումը առայժմ դեռ ուժի մեջ է, սակայն այն դեպքում, եթե դպրոցը պահպանի իր՝ հատուկ դպրոցի կարգավիճակը, որը քիչ հավանական է: Բանն այն է, որ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ, հանրապետությունում գործող բոլոր հատուկ դպրոցները մի քանի տարվա ընթացքում ձեռք կբերեն հանրակրթական դպրոցի կարգավիճակ: Դա նշանակում է, որ այդ դպրոցներին այլեւս անվճար սնունդ, գրենական պիտույքներ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ չեն տրամադրվի: Կոնկրետ Վաղարշապատի թիվ 1 հատուկ դպրոցն իր ներկայիս կարգավիճակով կգործի մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: «Ինչ խոսք, դպրոցը կգոյատեւի, բայց 53 մանկավարժների կեսից ավելին՝ հիմնականում դաստիարակները, մեխանիկորեն կզրկվեն աշխատանքից, եթե դպրոցի կարգավիճակը փոխվի»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Ս. Զաքարյանը: Կրճատման տակ կընկնի նաեւ ճաշարանի սպասարկման անձնակազմը:

Տնօրենը լսել էր, որ կառավարությունը առաջիկայում դպրոցին շուրջ 60 մլն դրամ է հատկացնելու, որի նպատակը դասասենյակների վերանորոգումն է լինելու: Ուստի նամակով Արմավիրի մարզպետից խնդրել էր, որպեսզի գումարները ծախսվեն օժանդակ շինության կառուցման համար, իհարկե՝ եթե դպրոցը շարունակի գործել այսօրվա կարգավիճակով: Դպրոցում ձեւավորված է 18 դասարան, բայց տնօրենը հույս չունի, որ հանրակրթականի վերածվելու դեպքում կկարողանան այդ թիվը պահել, քանի որ Էջմիածնի հարակից գյուղերի աշակերտները, ովքեր դպրոց են հաճախում հատկապես սնվելու եւ անվճար գրենական պիտույքների համար, բնականաբար չեն գա:

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք կցակառույցի եւ դպրոցի վերանորոգման համար հայտ են ներկայացրել կառավարություն, սակայն այնտեղ ընդունել են միայն շենքի նորոգման ծրագիրը, իսկ կցակառույցի կառուցման խնդրանքը մնացել է անպատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել