Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Մարտ 07,2007 00:00

\"\"Այս անգամ էլ Հայաստանի համար մխիթարական քիչ բան կա

Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2006թ. տարեկան զեկույցը՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի մասին: Զեկույցում միայն 17 էջ վերաբերում է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակին, որտեղ նախ գնահատական է տրված 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ 2005թ. սահմանադրական հանրաքվեին՝ հիշեցնելով, որ դրանց ընթացքում լուրջ խախտումներ են տեղի ունեցել, եւ քվեարկությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, զեկույցի հեղինակները փաստել են, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը ցածր է: Լուրջ խնդիրներն այս ոլորտում պահպանվում են: Քաղաքացիներն ի զորու չեն ազատ փոխել իշխանությունները: Իշխանությունների կողմից եղել են ապօրինի ձերբակալություններ: Նրանք սահմանափակել են քաղաքացիների մասնավոր կյանքի, մամուլի եւ ժողովների ազատությունը: Լրատվամիջոցներում գոյություն ունի ինքնագրաքննություն: Իշխանությունները եւ օրենքները սահմանափակում են կրոնական ազատությունները: Կան կանանց նկատմամբ բռնության դեպքեր, մարդկանց ապօրինի փոխադրման՝ թրաֆիքինգի դեպքեր, հաշմանդամների հանդեպ խտրականության, ինչպես նաեւ համասեռականների նկատմամբ հալածանքների երեւույթներ: Զեկույցում նշված է նաեւ, որ Հայաստանում առկա են մարդկանց՝ ուժով շահագործման մասին հաղորդագրություններ:

Այդուհանդերձ, փաստաթղթի համաձայն, 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ի տարբերություն այդ տարվա, 2006-ին որոշ առաջընթաց է գրանցվել՝ որոշ չափով աճել է դատական իշխանության անկախությունը, քաղաքացիները ստացել են Սահմանադրական դատարան անձամբ դիմելու իրավունք, թրաֆիքինգի համար ավելի խիստ պատիժ է կիրառվում, դատարանները քրեական եւ ֆինանսական պատասխանատվության են ենթարկում թրաֆիքինգի կազմակերպիչներին:

Զեկույցում նաեւ նշվում է, որ կառավարությունը քաղաքական դրդապատճառներով սպանությունների մեջ ներքաշված չէ, եւ ի տարբերություն 2005թ.-ի՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ իրավապաշտպանները չեն հաղորդել հալածանքների եւ ստորացումների հետեւանքով քաղաքացիների մահվան դեպքերի մասին:

ԱՄՆ Պետդեպը միաժամանակ իր ներկայացրած փաստաթղթում նշել է, որ բանակում առկա են սպայական կազմի կողմից շարքային զինծառայողների հանդեպ բռնության դեպքեր: Նկարագրվում է մասնավորապես մի դեպք, երբ սպայի կողմից ծեծի ենթարկված զինվորը հետագայում մահացել է հիվանդանոցում, եւ ըստ հրապարակված վարկածի, նա մահացել է քաղցկեղից, իսկ բռնություն կիրառած սպան դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: Ըստ զեկույցի, կան հաղորդագրություններ, որոնց համաձայն, ոստիկանները քաղաքացիներին ձերբակալելու եւ նախնական կալանքի ենթարկելու ընթացքում բռնություն են կիրառում: Իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների փոխանցմամբ, ոստիկանության կողմից բռնությունների ենթարկված մարդիկ շատ դեպքերում հրաժարվում են դիմել դատական ատյաններ, քանի որ վախենում են ոստիկանների վրեժխնդրությունից: Ի տարբերություն 2005թ.-ի, 2006-ին ոստիկանների կողմից ընդդիմության ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքեր չեն գրանցվել:

ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ կա նաեւ քաղաքական բանտարկյալների եւ ձերբակալվածների խնդրին, ուր, որպես այդպիսին, միայն մեկ դեպք է հիշատակված, որը վերաբերում է մասնավորապես «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման փաստին:

Պետդեպի զեկույցում առանձին բաժիններ վերաբերում են Հայաստանում «համատարած բնույթ կրող» կոռուպցիային, որը, ինչպես ասվում է փաստաթղթում, հայ հասարակության տեսակետից՝ երկրի առջեւ ծառացած ծանր խնդիրների թվում երրորդն է՝ տնտեսական վիճակից եւ ԼՂ հիմնախնդրից հետո: Զեկույցում արձանագրվում է նաեւ, որ մի խումբ օլիգարխների փոքրաթիվ էլիտան հսկայական ազդեցություն ունի երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել