Նախընտրական «նվերներ» Շիրակի մարզում
Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական կուսակցությունները ջանք ու փող չեն խնայում շիրակցիներին գոհացնելու համար: «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ռուսական կաբելային հեռուստաալիքներ «քաշել» գյումրեցիների բնակարաններում՝ պայմանով, որ իրենց ձայն են տալու: Աշոցքի տարածաշրջանից ընտրված հանրապետական Աշոտ Աղաբաբյանը գյուղացիներին «լուսավորելու» է Աշոցքի տարածքում հեռուստաաշտարակ տեղադրելով, որպեսզի մարդիկ հանրայինից բացի, այլ հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն էլ ունենան: Գյումրեցիների ներկայացմամբ, այս օրերին մի շարք մանր-մունր կուսակցություններ էլ, Եհովայի վկաների նման դռնեդուռ ընկած, մարդաորսությամբ են զբաղված, որպեսզի իրենց շարքերը համալրեն: Թեեւ նշենք, որ այսօր Գյումրիի բազմաթիվ բնակիչներ արդեն իսկ կուսակցական են: Նույնիսկ կան ընտանիքներ, որոնց անդամների մի մասը գործի բերումով դաշնակցական է, մյուսները՝ հանրապետական:
Հիշեցնենք, որ դաշնակցական բյուրոկրատիա ունեցող մարզում (մարզպետը դաշնակցական է) իրենց դիրքերն ամրապնդելու համար հանրապետականները կուսակցության մարզային կառույցի ղեկավար նշանակեցին նորաթուխ հանրապետական, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որն էլ պարտաճանաչորեն կատարեց վերադասի առաջադրանքը՝ մի քանի օրում հանրապետական դարձնելով քաղաքապետարանի ամբողջ կոլեկտիվին, անգամ փոխքաղաքապետ, «հազար տարվա» կոմունիստ Գագիկ Մանուկյանին: Մարզի հանրապետականների տվյալներով, Շիրակում իրենց կուսակցությունը մոտ 22 հազար անդամ ունի: Մարզում համարյա նույնքան անդամ ունենալու մասին են հայտարարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային ներկայացուցիչները: Եվ սա այն դեպքում, երբ դիտորդների պնդմամբ՝ ընտրություններին սովորաբար ակտիվ մասնակցում է 32-40 հազար մարդ: Ստացվում է, որ այս մարզում կուսակցության անդամները մի քանի անգամ շատ են, քան ընտրողները:
Երեք օր առաջ մարզի ընտրական հանձնաժողովներում հաստատվեց մեծամասնականով ընտրվողների ցանկը: Պարզվում է, գյումրեցիների համար անծանոթ դեմքեր համարյա թե չկան, գոնե մեծ մասը՝ ցանկում մշտապես հայտնվող մարդիկ են. Սամվել Բալասանյան, Հովհաննես Մարգարյան, Աշոտ Աղաբաբյան: Թեեւ, ըստ նրանց, կան նաեւ այնպիսի մարդիկ ու կուսակցություններ, օրինակ՝ «Հայոց հայրենիքը», որի մասին երբեւէ չեն էլ լսել: Ընտրություններին չմասնակցող որոշ կուսակցությունների լիդերներ էլ, օրինակ՝ ԱԺՄ Շիրակի մարզային կազմակերպության պատասխանատու Վահան Թումասյանը այն կարծիքին է, որ երկրի քաղաքական համակարգը դոփում է տեղում եւ ճահճային վիճակում է, քանի որ առաջադրվողների մեջ նոր դեմքեր ու անուններ չկան:
ՀՀՇ Շիրակի մարզային կազմակերպության ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի կարծիքով էլ. «Մի ընդհանուր բնութագիր կարելի է տալ մեծամասնականով առաջադրված թեկնածուներին, նրանք նոր ու լուրջ ասելիք չունեն պետության զարգացման, առավել եւս մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների վերաբերյալ: Սպասվելու են շատ ավելի վատ ընտրություններ, որովհետեւ մինչ այս կիրառած ընտրակեղծիքների պաշարը հարստացել է ավելի «կատարելագործված» մեթոդներով, նկատի ունեմ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, «Երկքաղաքացիության մասին» օրենքը: Ցավալի է, որ դեռ միջազգային հանրությանը համոզում են, որ ընտրությունները լինելու են թափանցիկ, արդար ու մրցակցության իմիտացիա են ստեղծում սպասարկու, նոր քաղաքական կուսակցություններ ի հայտ բերելով եւ հներին նորից շրջանառության մեջ դնելով»: Քաղաքական գործիչներից ոմանք գտնում էին, որ ընտրությունները փոքր-ինչ հաջողված կլինեին, եթե ընդդիմադիրներից շատերը ծախված չլինեին, ամբիցիաներ չունենային եւ հզոր դաշինք կազմելով՝ հակակշիռ դառնային իշխանություններին: