Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշտվել՝ առանց զիջումների

Մարտ 07,2007 00:00

Ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը նախօրեին հանդես է եկել մի հրապարակմամբ, որում նշվում է, թե ԱՄՆ նախագահի վարչակազմը մշակել եւ արդեն իսկ մասամբ գործի է գցել «Ռուսաստանի հետ հաշտեցման հատուկ ծրագիր»:

Հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրին՝ թերթը տեղեկացնում է, որ այդ ծրագիրը Ռուսաստանի հետ համակողմանի բացատրական աշխատանքներ տանելուն միտված միջոցառումների մի պատկառելի շարք է, որը նպատակ ունի խորհրդատվությունների եւ քննարկումների միջոցով Մոսկվային ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքական ձեռնարկումների իրական նպատակները: «Դա, իհարկե, չի նշանակում, թե նրանց (ռուսների- խմբ.) բոլոր առարկություններն ընդունելու ենք: Դա նշանակում է, որ մենք ուզում ենք երկկողմ եւ շահագրգիռ շփումների միջոցով փոխհամաձայնության հասնել՝ հաշվի առնելով երկու կողմերի մտահոգություններն ու շահերը»,- թերթին փոխանցել է աղբյուրը:

Սրանով հանդերձ, New York Times-ի հոդվածագիրը նշում է, թե ցանկացած պարագայում պաշտոնական Վաշինգթոնը մտադիր չէ նահանջել իր նպատակադրած ծրագրերից, որոնցից ամենաաղմկահարույցը, ինչպես հայտնի է, Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայումն է, որն էլ, ըստ էության, դարձել է ռուս-ամերիկյան հարաբերությունների սառնության հիմնական խթանիչը:

Ամերիկյան պարբերականի տեղեկացմամբ, Ռուսաստանի հետ հաշտեցման ծրագրի շրջանակներում արդեն իսկ կատարվել են որոշակի քայլեր: Դրանց թվում, մասնավորապես, նշվում են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բեռլինում անցկացված փետրվարյան բանակցությունները: Այդ բանակցությունների ընթացքում երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները շոշափել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրաքյան կարգավորումը, Իրանի միջուկային ծրագիրը եւ, վերջապես՝ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային կայանքների տեղակայման թնջուկը: Ու թեեւ, ինչպես նշում է New York Times-ը, բանակցությունների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, Վաշինգթոնը ծրագրում է հետագա խորհրդատվությունների միջոցով հնարավորինս մեղմել Կրեմլի հակազդեցությունը:

Չնայած Վաշինգթոնի համար կենսական արտաքին ձեռնարկումներում Մոսկվայի բարեհաճությունը շահելուն ուղղված այս ծրագրին, ԱՄՆ-ում ահագնանում է Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը գանակոծող քննադատությունների հոսքը: Օրերս ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ահա թե ինչ է ասել Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի հարցերով փորձագետ Մայքլ Մակֆոլը: «Վերջապես մենք տեսնում ենք Ռուսաստանի ներսում տեղի ունեցող դրամատիկ փոփոխությունների բացասական միջազգային հետեւանքները: Ժողովրդավարության քայքայում եւ սեփականության զանգվածային վերաբաշխում բացառապես հօգուտ Պուտինի մերձավոր օլիգարխների, որոնք հիմնականում նախկին ԿԳԲ-ականներ են: Անկասկած, այս ամենն անդրադառնում է Մոսկվայի վարքագծի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել