Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բաժանել երկիրը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ

Մարտ 07,2007 00:00

Այն, որ մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաթեժ ու անզիջում պայքարն ընթանալու է իշխանական երկու կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հանրապետականի» միջեւ՝ թերեւս, կասկած այլեւս չի հարուցում: Ըստ ամենայնի, նաեւ հենց այս է պատճառը, որ ընտրությունների թեման հիմա՝ առավել եւս ընդդիմության միավորման ձախողումից հետո, հիմնականում այն է, թե հիշյալ կուսակցություններից ով եւ ինչպես է ներկայացված լինելու կառավարությունում եւ խորհրդարանում: Դա կարեւոր է նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների նախապատրաստության առումով:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, որոնք, բնականաբար, վերջնական չեն, ՀՀ ապագա կառավարության պորտֆելները բաշխվելու են հիմնականում հիշյալ կուսակցությունների միջեւ ըստ նրանց՝ ՀՀ ԱԺ-ում ստացած մանդատների համամասնության:

Ըստ այդ ենթադրությունների, ՀՀ վարչապետ է նշանակվելու ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդն է: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում երկու հավակնորդի անուն է նշվում՝ Տիգրան Թորոսյան եւ Դավիթ Հարությունյան: Իհարկե, վերջինս մի նեղ շրջանակում հայտարարել է, թե ինքը կուզենար ընդգրկվել ԱԺ որեւէ, իսկ ավելի կոնկրետ՝ պետաիրավական հանձնաժողովում, որն էլ, թերեւս, կգլխավորի:

Ինչ վերաբերում է կառավարության անդամներին, ապա մենք կնշենք միայն այն նախարարություններում հնարավոր փոփոխությունները, որոնց վերաբերյալ ՀՀ նախագահը որոշակի խոստումներ է տվել, մասնավորապես, ԲՀԿ-ին: Այսպես, առողջապահության նախարարի պաշտոնում նշվում է երկու անուն, որոնք ընդգրկված են ԲՀԿ համամասնական ցուցակում՝ Հարություն Քուշկյան եւ Մխիթար Մնացականյան՝ Հայկական կարմիր խաչի նախագահ:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն, ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո կղեկավարի ԱԺ հանձնաժողովներից մեկը, իսկ նախարարի աթոռին առայժմ որեւէ հավակնորդի անուն չի նշվում: Հավանաբար այդ պաշտոնը կստանձնի խորհրդարանական կոալիցիայի երրորդ ուժի (ասենք, Դաշնակցության) թեկնածուն: Նույնն է իրավիճակը նաեւ մի քանի այլ նախարարություններում:

Ֆինանսների նախարարի պաշտոնում ընտրություններից հետո կարող է նշանակվել ԲՀԿ անդամ, համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, իսկ գործող նախարար Վարդան Խաչատրյանն ԱԺ-ում կգլխավորի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը թողնված է ԲՀԿ անդամ, համամասնական ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Արամ Իսաբեկյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել