Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայեցի են եւ որձ»

Մարտ 06,2007 00:00

Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում Արմեն Մազմանյանը անդրադարձավ ոչ միայն Տ. Կարապետիչին, այլեւ այլ քաղաքական ուժերի եւ գործիչների:

«Տիգրան Կարապետյան, հայտարարում եմ, որ դուք տգետ եք: Ինձ նորից դատի տվեք»,- երեկ «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հասցեին այսպես արտահայտվեց ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Ռեժիսորի պաշտպան Հայկ Ալումյանի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի վճիռը (Տ. Կարապետյանին վիրավորելու եւ զրպարտելու համար Ա. Մազմանյանին տուգանել 300000 դրամով) չհիմնավորված եւ անօրինական էր, այդ պատճառով էլ իրենք դիմել են վերաքննիչ ատյան, թեեւ համոզված չեն, որ վերաքննիչը լիարժեք օբյեկտիվ կլինի. «Դատական սխալները մեր երկրում հազվագյուտ չեն: Դատարաններն էլ անկախ չեն»: Ա. Մազմանյանը շեշտեց, որ դատարանում այդպես էլ չապացուցվեցին, թե Տ. Կարապետյանի հասցեին արած իր «մանկապիղծ», «Վոլգոգրադում դատվածի մեկը», «կիսագրագետ» արտահայտությունները սուտ են:

Երեկ ռեժիսորը ներկայացրեց նաեւ մի խումբ արվեստագետների դիմում-հայտարարությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Թատերագիր Վահրամ Սահակյանի վեբ-կայքում (www.vraert.com) տեղադրված հայտարարության տակ, ի պաշտպանություն Ա. Մազմանյանի, ստորագրել են երգչուհի Շուշան Պետրոսյանը, ռեժիսոր Գեորգի Վանյանը, արձակագիր Ավետիք Այվազյանը, նկարիչ Գաբրիել Մանուկյանը, դերասանուհի Նարինե Սուլթանյանը եւ այլք: Ասուլիսի ժամանակ Ա. Մազմանյանը նաեւ քաղաքական որոշ կանխատեսումներ արեց: Օրինակ՝ նշեց, որ «Հզոր հայրենիք» կուսակցությունը ընդամենը 15-20 ձայն կհավաքի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Պրն Մազմանյանը նաեւ ասաց, որ իր համակրանքը ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմն է, քանի որ, ռեժիսորի ձեւակերպմամբ, նրանք «հայ են, հայեցի են մտածում եւ որձ են»: Իսկ ընդդիմությունից Մազմանյանը դրական արտահայտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վազգեն Մանուկյանի հասցեին:

Նշենք, որ «21-րդ դարի երիտասարդներ» եւ «Օրենքի ուժ» երիտասարդական կազմակերպությունները դրամահավաք էին կազմակերպել ռեժիսորի համար: «Օրենքի ուժ» հ/կ-ի նախագահ, մինչեւ վերջերս երիտասարդ կուսակցականների բոլոր հավաքներում «Նոր ժամանակների» երիտասարդական թեւը ներկայացնող Նարեկ Մալյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ համապատասխան հաշվեհամարին Ա. Մազմանյանին աջակցող քաղաքացիները շարունակում են 1000-ական դրամ փոխանցել: «Արմեն Մազմանյանը փողի կարիք չունի, բայց մենք հավաքում ենք, որովհետեւ համամիտ ենք նրա հետ եւ պատրաստ ենք ռեժիսորի հետ դատվել: Եղել են մարդիկ, ովքեր ավելի մեծ գումար են ցանկացել տրամադրել, սակայն մերժել ենք՝ ուզում ենք, որ բոլորը հավասար չափով ներդրում ունենան»,- ասաց Ն. Մալյանը: Նա հիշեցրեց, որ Ա. Մազմանյանը այն սակավաթիվ մտավորականներից է, ով համարձակվել է բացահայտ ընդվզել եւ ազատ կարծիք արտահայտել. «Մինչդեռ կան պետական կառույցներ՝ սկսած Լեզվի տեսչությունից, որոնք թեեւ «ԱԼՄ»-ի սխալներն ու օրինախախտումները նկատում են, սակայն չեն բարձրաձայնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել