Մասնագետները չցանկացան Գեղամ Գրիգորյանի բեմադրությունը համեմատել նախորդների հետ
Մարտի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի լեփ լեցուն դահլիճում կայացավ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի պրեմիերան:
Տեղեկացնենք, որ «Արշակ Երկրորդի» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1950-ականների սկզբին՝ Արմեն Գուլակյանի ռեժիսուրայով (դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան): 1956թ. Չուխաջյանի գլուխգործոցին անդրադարձել է բեմադրիչ Վավիկ Վարդանյանը (դիրիժոր՝ Սուրեն Չարեքյան): 1986թ. հիշյալ օպերան բեմադրել է Տիգրան Լեւոնյանը (դիրիժոր՝ Յուրի Դավթյան): Նույն թվականին «Արշակ Երկրորդը» բեմ է բարձրացել Թբիլիսիում: Առաջին գործողությունից հետո հանդիսատեսը մեկ ժամ սպասել է երկրորդի սկսվելուն, բայց այդպես էլ ներկայացումը չի ավարտվել, որովհետեւ ճանաչված օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանը (Արշակ Երկրորդ) ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չի եղել շարունակել երգել: 1991թ. եւս «Արշակ Երկրորդի» բեմադրությունը իրականացրել է Տ. Լեւոնյանը, որը հանվել է խաղացանկից 1997 թ.:
Ներկայիս բեմադրությունը պատկանում է օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին, դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, գլխավոր խմբավարը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը: Բեմադրության եւ զգեստների նկարիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգորի Սահակյանը: Գլխավոր դերերգերով հանդես եկան օպերային թատրոնի մենակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը (Օլիմպիա), Քրիստինե Սահակյանը (Փառանձեմ), Գեւորգ Հակոբյանը (Արշակ Երկրորդ) եւ այլք: Բեմում էր նաեւ Գեղամ Գրիգորյանը՝ Տիրիթի դերերգով:
«Առավոտն» ակնկալում էր մասնագետների, մասնավորապես՝ երաժշտագետների կարծիքները պրեմիերայի առիթով, բայց՝ ապարդյուն: Նրանք ոչ միայն չհամաձայնեցին այս ներկայացումը համեմատել նախորդների հետ, այլեւ չցանկացան խոսել միայն գրիգորյանական «Արշակ Երկրորդի» մասին: ՀՀ մշակույթի փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, օրինակ, ասաց, որ իր կարծիքը արդեն հայտնել է թատրոնի տնօրենին եւ գեղարվեստական ղեկավարին: Իսկ թե ինչպիսին էր այն, հարկ չհամարեց հրապարակել:
Պրեմիերայի օրը հանդիսատեսի կարգավիճակում էին նաեւ կուսակցական, քաղաքական գործիչներ՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր սիրով իրենց տպավորությունները կիսեցին «Առավոտի» հետ:
Ըստ Տիգրան Թորոսյանի, «Արշակ Երկրորդի» բեմելը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Առաջինը, երբ երկար տարիներից հետո ի վերջո վերականգնվել է հայ կոմպոզիտորի եւս մեկ օպերա, երկրորդ՝ որ «Արշակ Երկրորդի» բովանդակությունը արդիական է նաեւ այսօր: «Օպերայի բովանդակության հիմքը միասնությունն է եւ այդ միասնության վրա հիմնված հաջողությունը»,- նշեց պարոն Թորոսյանը: Երբ նրան խնդրեցինք բացել փակագծերը, ԱԺ նախագահը անակնկալի եկավ, ասելով. «Դրա կարիքը չկա: Կարծում եմ, ընթերցողները կհասկանան ասելիքս: Մինչ այսօր չի գրանցվել մի դեպք, որ ես մի բան ասեմ, ու լրացուցիչ բացատրությունների կարիք լինի»: Պարոն Թորոսյանը հայտնեց, որ ուրախ էր բեմում հանդիպել նաեւ երիտասարդ խոստումնալից երգիչների:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով էլ՝ հաճելի անակնկալ էր «Արշակ Երկրորդի» բեմելը: «Նորարար բեմականացմանը հատուկ մոտեցումներն ու հղացումները չեն խանգարում, այլ հակառակը՝ նպաստում են պատմական կոլորիտի վերստեղծմանը, անցյալի ու ներկայի անքակտելի կապի դիտարկմանը: Ի հեճուկս ակնբախ դժվարությունների, մատուցման թարմությունը եւ արտահայտչամիջոցների գունեղ բազմազանությունը թույլ են տալիս լավագույնս հաղորդակցվել նյութի պատմականության համայնապատկերին եւ դասեր քաղել անցյալի տարուբերումներից ու բացթողումներից»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: