Լրահոս
Օրվա լրահոսը

Լեջանցի Արծրունու մահճակալում՝ նռնա՞կ

Մարտ 06,2007 00:00

Արծրունի կինը ամուսնուն օրեր առաջ հասցրել է դատարանի դուռը՝ իր կյանքին սպառնացող իրեղեն ապացույցն էլ՝ տանը պահվող «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակը հանձնելով:

Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, 39- ամյա Արծրուն Վարոսյանը երկու տարի առաջ ամուսնացել է ջրաշենցի Օլգա Գրիգորյանի հետ: Ամուսնական կյանքը ինչ-ինչ պատճառներով հարթ չի ընթացել: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում Օլգան պնդում էր, որ ամուսինը ամեն օր ծեծել եւ նվաստացրել է իրեն, այդ ամենը «համեմելով» կնոջ ազգուտակին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով, թե բոլորին պայթեցնելու է:

2006 թ. նոյեմբերին Ջրաշենում Արծրունը կնոջը գետնին է տապալում եւ ծեծում: Այդ օրը Օլգայի համար դառնում է վճռորոշ. նա նախ փախչում է եւ թաքնվում համագյուղացիներից մեկի տանը, այնուհետեւ՝ գնում Լեջան, ամուսնու տնից վերցնում իր իրերն ու վերադառնում հայրական տուն: Իրերը հավաքելիս կինը չի մոռանում վերցնել նաեւ ամուսնու կողմից տանը պահվող նռնակը, որպեսզի այն հանձնի Սպիտակի ոստիկանություն: Տանը նռնակ պահելու Արծրունի գաղտնիքը 13 տարի առաջ առաջինը բացահայտում է հարեւանությամբ ապրող եղբոր կինը: Արծրունին ուղղված հարցին, թե սա ի՞նչ է, ստանում է «վտանգավոր բան չի, երկաթի կտոր է» պատասխանը: Եվ «երկաթի կտորը» երկար տարիներ հանգրվանում է աշխատանքային գործիքների կողքին:

Դատարանում Օլգան մի բացահայտում արեց. թե մի օր նռնակը ինքը գտել է իր անկողնում՝ բարձի տակ եւ տեգոր կնոջ հետ խոսելով պարզել, որ դա ամուսինն է դրել: Ինքն էլ նռնակը տեղափոխել է եւ դրել բազկաթոռի վրա: Ասվածը խիստ զարմացրեց, թե Օլգայի տեգոր կնոջը, թե մեղադրողին՝ Անդրանիկ Մուքոյանին: Երկուսն էլ այդ մասին առաջին անգամ էին լսում, այդ մասին չէր ասվել նաեւ նախաքննական ցուցմունքում: Ամուսինը կնոջ արարքը գնահատեց որպես «շանտաժ», թեեւ չի հրաժարվում, որ ինքը տանը պահել է մոտ տասնհինգ տարի առաջ զոհված ընկերոջ՝ Մանվել Մելիքսեթյանից ստացած նվերը՝ որպես հիշատակ:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը տանը ապօրինի կերպով զենք պահելու մեղադրանքով Արծրուն Վարոսյանին ենթարկեց մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ հաշվի առնելով նրա դրական բնութագիրը, դատված չլինելու եւ խնամքի տակ ծնողներ ունենալու հանգամանքը:

Արծրուն Վարոսյանը չի պատրաստվում լքել 24-ամյա կնոջն ու նորածին երեխային: Կինը դրան համաձայն է միայն մի պայմանով, եթե գրանցվի իրենց ամուսնությունը եւ ամուսնու հետ ապրի առանձին: Հակառակ դեպքում պատրաստվում է միայնակ մեծացնել իր զավակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել