Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԻՆ՝ ԱՆՎՃԱՐ, ՄՅՈՒՍԻՆ՝ 40.000 ԴՐԱՄ

Մարտ 06,2007 00:00

Դպրոցների կաթսայատների փորձաքննություն անցնելը թյուրիմացությունների տեղիք է տվել

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2006-ի հունվարի 1-ից: Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող կազմակերպությունները պարտավոր են մինչեւ 2006-ի սեպտեմբերի 1-ը գրանցվել ու պայմանագիր կնքել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ենթակայությամբ գործող փորձաքննություն իրականացնող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ: Այս գործընթացից անմասն չեն մնացել նաեւ հանրակրթական դպրոցները: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվական բաժնի պետ Վոլոդյա Հովսեփյանը նշեց, թե փորձաքննություն է անցել շուրջ 45 հանրակրթական դպրոց՝ Երեւանից եւ մարզերից. «Գյուղական համայնքներում լոկալ ջեռուցման հետ կապված հարցերն ավելի ցածր մակարդակի վրա են: Օրինակ՝ 50 -60-ականներին կառուցված դպրոցների կաթսայատները չունեն համապատասխան փաստաթղթեր, բայց շահագործվում են: Հիմնական թերություններն առաջանում են հին արտադրության կաթսայատների շահագործման ժամանակ, քանի որ նորերը արտադրված են եվրոպական չափանիշներին համապատասխան»: Օրենքի համաձայն՝ փորձաքննության են ենթարկվում կաթսայատան փաստաթղթերը, տեղադրման նախագիծը, այնուհետեւ բացթողումների ուղղումից հետո կենտրոնը համապատասխան եզրակացություն է տալիս: «Հին կաթսայատների ծախսն ավելի շատ է, դրանք շինությանը հաճախ չեն համապատասխանում: Մյուս կողմից էլ՝ ավելի կարեւոր է ոչ թե կաթսայի, այլ անվտանգության սարքավորումների նոր լինելը»,- բացատրեց կենտրոնի գլխավոր փորձագետ Կարեն Խաչատրյանը:

Վ. Հովսեփյանն էլ այսպես արձագանքեց դպրոցական շրջանակներում տիրող դժգոհություններին, թե պիտի ավելորդ գումար մուծեն փորձաքննություն անցնելիս. «Շատ դպրոցներում օրենք չեն կարդում: Չգիտեն, որ պարտադիր է փորձաքննություն անցնելը, դրա համար էլ բողոքում են»: Փոքրիկ հարզախույզի միջոցով պարզեցինք՝ ո՞ր դպրոցներում են ծանոթ օրենքին եւ հասցրե՞լ են շփվել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ: «Մեր դպրոցի կաթսայատան փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Ամեն դեպքում ֆինանսատար գործընթաց է, մոտ 20000 դրամ պիտի մուծենք: Եթե ամեն բան իսկապես տեղը տեղին կատարվի, գումար ծախսելն էլ ավելորդ չենք համարի»,- ասաց թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը: Թիվ 10 դպրոցում գոհ են այսպիսի հսկողության իրականացումից: Տնօրեն Սիլվա Ապետնարյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցի կաթսայատունը շահագործման է հանձնվել 2005-ի դեկտեմբերին, իսկ փորձաքննություն անցել է 2006-ի փետրվարի 13-ին: Նա հավաստիացրեց, որ որեւէ «շտրաֆ» իրենց դպրոցի հաշվին չի գրանցվել: Մինչեւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ստեղծումը՝ վերահսկողությունը կատարվել էր «Հայլեռ» պետական տեխնիկական հսկողության ծառայության կողմից, որը, ի տարբերություն ներկայիս փորձաքննական կազմակերպության, այդ աշխատանքները, որոշ դպրոցների տնօրենների հավաստմամբ, կատարում էր անվճար: Դպրոցներից շատերը, որ արդեն նախկին կազմակերպության գոյության օրոք անցել են փորձաքննությունը, դժգոհում են, թե ինչու պիտի նորից նույն գործընթացին մասնակցեն, դեռ մի բան էլ վճարեն: Իսկ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում այս հարցի պատասխանն էլ ունեն. «Հայլեռը» զուտ տեսչական կառույց էր, իսկ մենք՝ լուրջ կազմակերպություն: Այստեղ աշխատում են գազի, քիմիական ոլորտի, ամբարձիչ սարքավորումների, կաթսայատների գծով մասնագետներ»,- փաստեց Վ. Հովսեփյանը:

«Առավոտի» հետ զրույցում դպրոցների տնօրենները դժգոհում էին, որ ամեն տարի փորձաքննություն անցնելն ու գումար մուծելն այնքան էլ նպատակահարմար չէ, թեեւ այդպես է պահանջում օրենքը. «2006-ի ամռանը պարտադրեցին, որ պայմանագիր կնքենք Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ: 48.600 դրամ մուծեցինք, եւ քանի որ աշնանը դեռ գազ չկար, նրանց փորձագետները դպրոցում հիդրավլիկ փորձարկում անցկացրին: Լավ է, որ անընդհատ հսկողության տակ է այս հարցը, սակայն, կարծում եմ, իմաստ չունի ամեն տարի պայմանագիր կնքել, մանավանդ, եթե կաթսան ամբողջ տարին չի գործում: Թող գոնե միայն ստուգումներ կատարեն՝ առանց գումար գանձելու, որովհետեւ դպրոցներն առանց այն էլ ծանր վիճակում են»,- կարծում է Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Անահիտ Ենգիբարյանը: Չնայած Տեխնիկական անվտանգության կենտրոնի տեղեկատվական բաժնի պետ Վ. Հովսեփյանը հավաստիացրեց, որ դպրոցների համար համեմատաբար թեթեւ գումարներ են սահմանել, բայց հարզախույզի ընթացքում պարզ դարձավ, որ որոշ դպրոցներ փորձաքննությունն անվճար են անցել, մի մասը 20000 դրամի սահմաններում է «տեղավորվել», իսկ մյուսները կրկնապատիկն են վճարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել