Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Մարտ 06,2007 00:00

\"\"ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 28 քաղաքական ուժ եւ 173 անհատ

Մարտի 3-ին սպառվեց մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրումների վերջին ժամկետը: Արդյունքում առաջադրման հայտ են ներկայացրել 28 կուսակցություն եւ ՀՀ ԱԺ պատգամավորի 41 մանդատի 173 հավակնորդ: Առաջադրումների վերջին օրը ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգերում եղան ինչպես չկանխատեսված առաջադրումներ, այնպես էլ չկանխատեսված չառաջադրումներ: Բայց նախ անդրադառնանք համամասնական ընտրակարգով առաջադրումներին: Այս անգամ չառաջադրվեցին հայ հանրության հայտնի մի քանի կուսակցություններ, որոնք առաջադրվել էին 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդպիսի կուսակցություններից են՝ «Հզոր Հայրենիքը», ՀՌԱԿ-ը, ՀԺԱՄ-ը, «Բագրեւանդը», «Հայ արիների բռունցքը», «Աշխատանք, օրենք, միասնությունը», «Հայաստանի նորացված կոմկուսը»: Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրված 24 քաղաքական ուժերի թվում 3-ը դաշինքներ էին՝ «Արդյունաբերողների եւ կանանց միություն», որտեղ միավորվել էին «Կանայք Հայոց Աշխարհի» եւ «Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական Կուսակցությունը», «Արժանապատվություն, Ժողովրդավարություն, Հայրենիքը», որի կազմում էին ԱԻՄ-ը, «Մտավորական Հայաստան», «Ազատ Հայք Առաքելություն» կուսակցությունները, եւ «Ազատ, Արդար Հայաստանը», որը ներկայացնում էին ՀԿՄ եւ ՀՄԿ հասարակական-քաղաքական կուսակցությունները:

Փոխարենն այս տարի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մի քանի՝ մինչեւ փետրվարի 26-ը մեզ անհայտ կուսակցություններ՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը, որի համամասնական ցուցակում են ԱԺ նախկին պատգամավոր Սոս Գիմիշյանն ու հրապարակախոս, գրող Այդին Մորիկյանը, «Միացյալ ազատական ազգային» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրումներին, ապա այստեղ առաջադրման վերջին օրն անակնկալներ եղան:

Այսպես, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված 10 թեկնածուներից երկուսը, պարզվում է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ են, որոնցից մեկը՝ Հայրապետ Հայրապետյանն առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից, իսկ մյուսը՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նշան Վաղարշակյանը՝ քաղաքացիական նախաձեռնությամբ: Հասկանալի է, որ սա ընտրական տեխնոլոգիաներից մեկն է՝ մրցակից թեկնածուներից ձայներ փախցնելու համար: Առաջադրման վերջին օրն այս ընտրատարածքում առաջադրվել են նաեւ կուսակցականներ՝ ՀՅԴ-ից՝ Հրայր Կարապետյանը, ՀՀՇ-ից՝ Արամ Մանուկյանը:

Դավիթաշենի թիվ 5 ընտրատարածքում վերջին առաջադրվողներից մեկը Հայկ Բաբուխանյանն է, որի անվան դիմաց նշված է ՍԻՄ կուսակցություն, թեեւ նա առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ:

Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում մարտի 3-ին առաջադրվել է նաեւ «Նիգ Ապարան» ՀՊՀԿ նախագահի տեղակալ, «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանցը, ով նաեւ «Դաշինքի» համամասնական ցուցակում է: Հիշեցնենք, որ նա 2004թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Եղվարդում գլխավորում էր Արայիկ Հայրապետյանի՝ «Լավանդայի Արայիկի» նախընտրական շտաբը:

Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7 ընտրատարածքում, հակառակ բոլոր սպասումների, այդպես էլ չառաջադրվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սմբատ Այվազյանը: Կուսակցության պաշտոնական մեկնաբանությամբ, իրենք «մեծամասնական» առաջադրումներ չեն արել կուսակցության ռեսուրսն, իբր, չփոշիացնելու եւ «համամասնական» ընտրությունների ուղղությամբ կենտրոնացնելու նպատակով: Ասել է թե՝ այս ընտրատարածքում ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այլընտրանք չունի:

Նույն համայնքի թիվ 8 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբ», հետ մրցակցելու է ՄԱԿ-ի կողմից առաջադրված Սամվել Հովսեփյանը՝ «Ադմիրալ Սամոն», ով այդ համայնքում կայացած վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ թաղապետի թեկնածու էր: Նրա եւ Հակոբ Հակոբյանի հակադրությունը սկիզբ է առել դեռ այդ ընտրություններից ի վեր, որի ժամանակ Հ. Հակոբյանն աջակցում էր «Ադմիրալի» մրցակից, համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանին: Այս նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Էրեբունիի թիվ 13 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների թվում է նաեւ ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանի՝ «Կոմբիկերի Վլադի» եղբորորդին՝ Գարիկ Հակոբյանը, ով մեր հանրությանը հայտնի է «ՏԷՑ-ի կրուգի» ռազբորկաներին ունեցած իր մասնակցությամբ եւ ոչ միայն դրանով:

Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկն էլ, ով մրցակցելու է գեներալ Սարոյանի, ով նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում է, եւ Հակոբ Հակոբյան- «Ճոյտի» հետ, անկուսակցական Սուսաննա Խաչատրյանն է, ով Էջմիածնի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ առաջադրել էր իր թեկնածությունը, հետո՝ ինքնաբացարկ հայտնել: Ի դեպ, այս ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է եւս մեկ Հակոբ Հակոբյան՝ դարձյալ ՀՀԿ-ից, ըստ ամենայնի՝ ընտրողներին շփոթեցնելու եւ «Ճոյտից» ձայներ խլելու նպատակով:

Իհարկե, սա դեռ վերջը չէ՝ այն իմաստով, որ ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումները դեռ պետք է գրանցման փուլ անցնեն: ՀՀ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի համաձայն, գրանցման վերջնաժամկետը ապրիլի 7-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել