Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԼՌՈՒՄ ԵՆ

Մարտ 06,2007 00:00

\"\"Քարոզել կարելի է թե՛ ապրիլի 8-ից առաջ եւ թե՛
դրանից հետո

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական պաստառներից թերեւս ամենամեծը «Հայաստան» հանրախանութի շենքի վրա է՝ մարդաբոյ տառերով եւ Գագիկ Ծառուկյանի հսկայական նկարով: Երեկ մենք հարց ուղղեցինք «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանին, թե ինչո՞ւ է իր տարածքի վրա այդքան մեծ պաստառներ փակցնելու համաձայնություն տվել, ասաց, որ ինքը ԲՀԿ-ի անդամ է՝ այդ պատճառով: Պարոն Հայրապետյանը ԲՀԿ ցուցակում 41-րդ տեղում է: Հսկայական է նաեւ «Երեւան» կինոթատրոնի շենքի վրայի ցուցապաստառը, որին նայելիս տպավորություն ես ստանում, որ քաղաքում նոր ֆիլմի գովազդ է եւ գլխավոր դերում ԲՀԿ նախագահն է:

Երեկ մենք հետաքրքրվեցինք ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության անդամ Ֆելիքս Խաչատրյանից՝ արդյոք ժամանակից շուտ սկսված այս կարգի քարոզչությունը օրենքի խախտում չէ՞: Պատասխանի փոխարեն պարոն Խաչատրյանը մեզ տրամադրեց «Ընտրական օրենսգրքի» իր օրինակը, որտեղ գրված է. «Նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվա հաջորդ օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ»: Այդ խուճուճ ձեւակերպումից բացարձակապես հասկանալի չէ՝ գրանցումից առաջ քարոզելն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Բայց տրամաբանությունը հուշում է՝ այն, ինչ արգելված չէ, թույլատրելի է: Առայժմ ոչ մի կուսակցություն կամ մեծամասնականով առաջադրված ոչ մի անհատ որպես թեկնածու գրանցված չէ՝ նրանք միայն առաջադրվել են: Գրանցումը կսկսվի ապրիլի 2-ից եւ կտեւի մինչեւ ապրիլի 7-ը, որից հետո, արդեն անմիջապես ապրիլի 8-ից կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Բայց մինչեւ ապրիլի 8-ը կուսակցությունը կարող է իրեն գովազդել որքան ուզում է, եւ դա, մեծ ցանկության դեպքում, կարող է չդիտվել որպես նախընտրական քարոզարշավ:

Հայտնի է, որ իշխանության կուսակցությունները քարոզելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունեն: Ուստի բացառված չէ, որ մինչեւ ապրիլի 8-ը Երեւանում ազատ պատ չի մնա:

Անցած շաբաթ հրապարակվեց «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակը: Բոլոր 112 ցուցակագրվածներն այլեւս հայտնի են, եւ նրանցից որեւէ մեկն արդեն չի կարող իրեն ջայլամի պես պահել եւ ձեւ անել, թե ցուցակում իր լինել-չլինելու մասին ոչինչ չգիտի: Սակայն որքան էլ զարմանալի է, այդ 112-ի մեջ երեկ մենք չգտանք մեկին, ով կպատասխաներ մեր հարցերին, մասնավորապես՝ ինքը տեղյա՞կ է կուսակցության ծրագրային դրույթներին, գիտի՞, թե ինչու է իր կուսակցությունը ժամանակից շուտ սկսել քարոզչությունը, եւ խորհրդարան գալու դեպքում ինչո՞վ է զբաղվելու: Մեր հարցերը հեռախոսով ուղղեցինք կուսակցության ցուցակի 57-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԲՀԿ հանրային կապի պատասխանատու, մեր գործընկեր Բաղդասար Մհերյանին եւ խնդրեցինք գտնել իր կուսակիցներից նրանց, ովքեր կպատասխանեն մեր հարցերին, սակայն պարոն Մհերյանը մի քանի ժամ հետո մեզ տեղեկացրեց, որ իրենք հարմար չեն գտնում հիմա այդ հարցերին պատասխանել: Դա առավել եւս հետաքրքիր է, քանի որ ԲՀԿ-ի ցուցակում, բացի ավանդաբար «քչախոս» գործարարներից եւ պաշտոնյաներից, կան մտավորականության հայտնի ներկայացուցիչներ: Օրինակ, Արամ Իսաբեկյանը, Վարդան Բոստանջյանը, Արամ Սաֆարյանը, Նարեկ Սարգսյանը, Վիլեն Հակոբյանը, որոնք, անշուշտ, վերոհիշյալ խնդիրների շուրջ ասելիք կունենան: Սակայն նրանք, հավանաբար, առայժմ խոսելու թույլտվություն չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել