Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզական անցուդարձ

Մարտ 05,2007 00:00

Դարչինյան-Բուրգոս. կրքերը բորբոքված են

\"\"Այս գիշեր թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 27 մենամարտերն էլ գրանցել է իր օգտին, ընդ որում 21-ը՝ նոկաուտով, Կալիֆոռնիայի Կարսոն քաղաքում մեքսիկացի Վիկտոր Բուրգոսի հետ մենամարտում պաշտպանելու է իր չեմպիոնական գոտիները: Վիկը չի կասկածում, որ նոկաուտով հերթական հաղթանակն է տոնելու, սակայն օրերս լրատվամիջոցներին նա հայտարարել է. «Բուրգոսը վերջերս ասել է, թե մեր մենամարտին նախապատրաստվել է 35 օր: Կարծում եմ, որ դա քիչ է, քանի որ նրան ռինգում լավ դաս եմ տալու: Սակայն չեմ պատրաստվում առաջին ռաունդներում նրան նոկաուտի ենթարկել եւ դրանով գործն ավարտել: Ցանկանում եմ հանդիսականներին եւ իմ թիմին ցույց տալ, թե ես իրականում ինչի եմ ընդունակ»:

Ի պատասխան՝ Բուրգոսը հակադարձել է. «Դարչինյանը չափից ավելի ինքնավստահ է եւ միայն նոկաուտի մասին է խոսում: Վստահ եմ, որ նա ինձ ցնցել անգամ չի կարողանա: Նրան մեծ անակնկալ է սպասվում: Մարտի 3-ը բաց չթողնեք»:

Միրանդային հավաքարարությունն ավելի՞ կսազի

Օրերս միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, կոլումբիացի Էդիսոն Միրանդան, ով անցած տարվա սեպտեմբեր ամսին մրցավարների միաձայն որոշումով պարտված ճանաչվեց գործող չեմպիոն երեւանցի Արթուր Աբրահամին, չնայած վերջինը 6-րդ ռաունդից հետո մարտը շարունակում էր կոտրված ծնոտով, ոչ մի կերպ չի կարողանում թաքցնել չեմպիոնի հանդեպ ունեցած իր անսահման ատելությունը:

Բանը հասել է այնտեղ, որ Միրանդային հունից հանում է Աբրահամի՝ ռինգից դուրս կատարած ամեն մի քայլ: Նա Արթուրին խիստ քննադատության է ենթարկել այն բանի համար, որ վերջինս մրցավարական ժյուրիի անդամ է եղել Գերմանիայում անցկացված գեղեցկության մրցույթում: «Ափսոս, որ ես Արթուր Աբրահամի նման չեմ կարող գեղեցկության մրցույթի մրցավար լինել, քանի որ բռնցքամարտիկը պետք է կռվի»,- հայտարարել է կոլումբիացին ու նաեւ կասկած արտահայտել, թե ապրիլին Աբրահամը կհանդիպի իսկապես ուժեղ բռնցքամարտիկի հետ:

Բնականաբար, Աբրահամն անմիջապես պատասխանել է. «Չեմ զարմանում, որ Միրանդային գեղեցկության մրցույթների չեն հրավիրում: Նա այնտեղ անելու բան չունի: Իսկ թե ես ո՞ւմ հետ կմենամարտեմ, դա թող նրան այդքան շատ չանհանգստացնի: Ավելի լավ է՝ մտածի իր մրցակիցների մասին: Եթե ես մրցակցիս ծնոտը երկու տեղից կոտրելուց հետո չկարողանայի հաղթել, կթողնեի բռնցքամարտը եւ հավաքարար կաշխատեի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել