Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱՍՏԱՆ: ՈՍՏՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

Մարտ 05,2007 00:00

\"\"Տնտեսական օազիսներ

Արեւելյան Ասիայի երկու հսկաների՝ Հնդկաստանի ու Չինաստանի միջեւ երբեմնի լարվածությունը թուլացել է, բայց մրցակցությունը սրվում է: Աշխարհաքաղաքական առումով Չինաստանը դեռ ենթակա է որոշակի մեկուսացման եւ զիջում է մոլորակի «խոշորագույն ժողովրդավարություն» հանդիսացող Հնդկաստանին: Բախումային վտանգների կողմից նվազ նպաստավոր է Հնդկաստանի վիճակը, քանի որ կա նրա բաց վերքը՝ Քաշմիրի խնդիրը, կա անկախություն ստանալուն զուգահեռ միասնական հնդկական տարածքից արյունալի կրոնական զտումներով տարանջատված Պակիստանը: Ատոմային մի պետություն, որի իսլամական սեւեռումն այնքան ուժեղ է, որ նրա նախագահը պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանի կողմից հանդես գալ ընդդեմ մեր փոքրիկ երկրի՝ պատերազմի դեպքում, բայց վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը ահաբեկչության դեմ որոշ կանխարգելիչ դերի շնորհիվ: Չնայած այս դիմակայությանը, Հնդկաստանը հավակնում է Չինաստանին գերազանցել որպես երրորդ աշխարհի քաղաքական առաջնորդ՝ դեռեւս Չմիացած երկրների շարժման ժամանակներից: Դա արտահայտվում է թե\’ 650 միլիոն դոլարի օգնության ցուցաբերմամբ՝ իսլամական արմատականությունը թոթափող Աֆղանստանին, թե\’ տարեկան մի քանի հազար արտասահմանցի ուսանողների եւ մասնագետների ուսման ու վերապատրաստման ներգրավելով իր շուրջ 40 համալսարաններում ու գիտահետազոտական ինստիտուտներում տասնամյակներ շարունակ… թեեւ երկիրը տառապում է ֆինանսական միջոցների սղությունից:

Տպավորիչ, նույնիսկ ապշեցուցիչ են Չինաստանի վերջին տասնամյակի տնտեսական ցուցանիշները, բայց Հնդկաստանը կրնկակոխ հետեւում է նրան, նույնպես հռչակվում է «ապագայի պետություն», քանի որ տնտեսական աճի կայուն տեմպերով երկրորդն է աշխարհում: Երկիրը, որին տասնամյակներ շարունակ հատուկ է եղել պետական վերահսկողությունը տնտեսության նկատմամբ, պահպանել է նրա երկարաժամկետ, հեռանկարային ծրագրումը, հաստատագրված գները՝ պետական խանութներում, բայց զարկ է տվել սեփականաշնորհմանն ու շուկայական հարաբերություններին:

Հնդկաստանում ծաղկում է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ընդ որում՝ ոչ թե ավելի էժան համակարգիչների արտադրության, ինչպես դա Չինաստանի դեպքում կլիներ, այլ՝ ծրագրաշարերի մշակման, այսինքն՝ ինտելեկտուալ աշխատուժի շնորհիվ: Սա պետական հետեւողական քաղաքականության եւ անգլերենի իմացության արդյունքն է:

Մեկ ուրիշ բնագավառում եւս հնդիկներն ունեն աննախադեպ ձեռքբերումներ, որոնց մասին քիչ է հայտնի աշխարհի մեր մասում: Խոսքն ադամանդագործության ու ոսկերչության մասին է, որտեղ զբաղված է…… 1,3 միլիոն մարդ, հայաստանյան ամբողջ աշխատուժից հարյուր հազարով ավելի: Քանի որ Հայաստանը նույնպես որոշակի հաջողությունների է հասել այստեղ՝ լինելով ԱՊՀ երկրների մեջ միակը, որը կրկնապատկել է արտահանումը 2003-2005 թթ., իմ հոդվածի վերջին հատվածը կվերաբերի «թանկարժեք մանրուքների» հնդկաստանյան փորձին, մանավանդ որ՝ մեզ համար ապրանքների քաշը վճռորոշ է մնում երկաթուղային 15-ամյա շրջափակման պատճառով:

Ըստ Ակնեղենի եւ ոսկերչական արտադրանքի աջակցության խորհրդի (ԱՈԱԱԽ) նախագահ Սանջայ Կոթարի տվյալների, որի հետ ծանոթացա Մումբայում (նախկին Բոմբեյ), ԱՊՀ երկրների հայտնի լրագրողների մի խմբի համար կազմակերպված ճանաչողական շրջագայության ընթացքում, թանկարժեք քարերի ու մետաղների արտադրությունը կազմում է Հնդկաստանի ՀՆԱ-ի երեք տոկոսը: Պարոն Սանջայի կարծիքով, այս թիվն ավելի խոսուն կլինի, եթե հիշենք, որ մինչեւ 1995թ. ոսկերչական իրերը Հնդկաստանում միայն ներքին սպառում են ունեցել: Հաջորդ տարվանից սկսվել է արտահանումը, որն այսօր յոթնապատկվել է: Դրամական արտահայտությամբ այն շուրջ 17 միլիարդ դոլար է կազմում: Այժմ աշխարհում արդյունահանվող 12 ադամանդից 11-ը Հնդկաստանում է հատվում ու հղկվում, թեեւ երկիրն ինքը հանքեր չունի:

Խորհրդի, հնդկական ձեռնարկությունների համար չկան մեծ ու փոքր գործընկերներ: Հնդկաստանը պատրաստ է ընդունել այլ երկրների ձեւավորողների, որպեսզի տվյալ շուկային համապատասխան ճաշակի զարդեր արտադրի: Սպառման հսկայական ծավալ ունենալով ԱՄՆ-ում՝ նրանք շահագրգիռ են ներկայություն ունենալ նաեւ ԱՊՀ շուկաներում, այդ թվում եւ՝ Հայաստանում, ուստի եւ ինչպես իրենք էին այցելություն կատարել ԱՊՀ, այնպես էլ լրագրողների էին հրավիրել Հնդկաստան՝ ըստ արժանվույն գնահատելով ԶԼՄ-ների կարեւորությունը: Երկիրն ինքը ոսկեղենի խոշորագույն սպառողն է աշխարհում, իսկ դրսում նրա արտադրանքը իրացվում է երկու պետության՝ Թուրքիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով: Բնականաբար, ավելի էժան կարժենա, եթե մենք այն ուղղակիորեն Հնդկաստանից ներմուծենք: Ի դեպ, շատերի համար երեւի թե անակնկալ կլինի, որ Թուրքիան աշխարհում երրորդն է ոսկերչական արտադրանքով, երկրորդը արտահանությամբ՝ Իտալիայից հետո:

Չնայած ոսկերչությունն ավանդաբար «հայկական մասնագիտությունների» առաջին եռյակում է, եւ արտասահմանում հայերը լուրջ դիրքերի են հասել, բուն Հայաստանում շատ հազվադեպ է խոսվում, թե ինչ է ներմուծվում այս շուկա: Զարմանալի է, քանի որ սա զանգվածային սպառման ոլորտ է, անկախ իր բարձր գներից: Մասնավորապես՝ հայկական հարսանեկան նվերների թվում ոսկեղենի բացարձակ գերակշռությունը հուշում է, որ ապրանքը առնվազն կայուն, իսկ կենսամակարդակի բարձրացմանը զուգահեռ՝ հարաճուն պահանջարկ է ունենալու: Դրա ուղղակի վկայությունն է նաեւ «ոսկու շուկաների» առկայությունը Երեւանում: Ուրեմն, քննարկելիք է նաեւ, թե ինչ ճաշակ է տիրում այստեղ: Դատելով «ոսկու շուկաների» պատկերից՝ շաբլոնը մեծ տարածում ունի, իսկ փողոցում արդեն մեկ մարգարտով ոսկե ականջօղով, համարյա վկայականի հավաստիությամբ, կարելի է որոշել ամուսնացած կնոջ կարգավիճակը: Մինչդեռ ոսկերչական դիզայնի մեջ մի քանի տարին մեկ ճաշակի «հեղափոխություն» է կատարվում՝ դասական կամ ազգային ոճի վերախմբագրումից մինչեւ նորագույն ձեւավորումներ: Մասնագետներից ոչ քաջատեղյակների եւ ոչ մասնագետների համար ճիշտ կլինի պարզաբանել, որ այս պահին համաշխարհային շուկան կողմնորոշվում է դեպի «բարձր» ոսկերչությունը: Այսինքն, թանկարժեք զարդերի պահանջարկը ստվերում է թողնում լայն սպառման «էժան» արտադրանքը: «Բարձր» ոսկերչություն» եզրն ինքնին շրջանառության մեջ է դրվել անգլերեն, գալիս է ԱՄՆ-ից, այսինքն՝ ամենագնողունակ եւ ընդարձակ շուկաներից մեկի թելադրանքն է:

Հնդկաստանում կան խոշոր ձեռնարկություններ, որոնք թանկ զարդեղենի մեջ են մասնագիտանում: Դրանցից մեկը «Սուաշիշ դայմոնդսն» է: Նրա արտադրանքներից է («Սատյա Պաուլի» հետ համատեղ) աշխարհի ամենաթանկ փողկապը. մաքուր մետաքս՝ 77 կարատ կշռող 261 ադամանդներով, որ ընդելուզված են 150 գրամ սպիտակ ոսկու մեջ, արժե 225 հազար դոլար: Մոլորակի ամենաթանկ թեւկալի արժեքն է մեկ միլիոն դոլար: 18 կարատանոց քառաշար ոսկու մեջ ընդելուզված է 10.000 ադամանդ: Այն կրելու պատիվը տրվել է «Տիեզերքի գեղեցկուհի-2005» Նատալյա Գլեբովային: «Սուաշիշի» սեփականատերերի՝ հյուրերի համար նախատեսված հավաքածուն ընդգրկում էր ոչ նույն կարգի թանկ, բայց ակնեղենով ու չափերով ոչ պակաս շլացուցիչ զարդեր:

«Սամա փրոֆայլի» փոխտնօրեն Չինար Մանգալի հպարտությունը թե\’ ձեռքի, թե\’ համակարգչային տեխնոլոգիային տիրապետող ձեւավորողների սեփական թիմն է, որը յուրաքանչյուր սեզոնի ներկայացնում է ժամանակակից եւ ավանգարդ ոճի հավաքածու:

Երկու ձեռնարկության աշխատանքի կազմակերպումն ու կահավորանքն էլ դրանք բարձր զարգացած արդյունաբերության օազիսներ էին դարձնում ասիական տնավարության համապատկերում: Այս եւ համանման բազմաթիվ ձեռնարկություններին մասնագետներով է ապահովում Ակնեղենի եւ ոսկերչության հնդկական ինստիտուտը, որի ղեկավար գնդապետը՝ Ս. Կ. Արորան իր սաների շատ աշխատանքներ պատրաստ է համարում բարձրաճաշակ գնորդների ներկայացնելու, պարզապես հաստատությունում գործող կարգը թույլ չի տալիս դրանք վաճառքի դնել:

Զարդեղենի գեղեցիկ խանութները, որտեղ ընտրությունը շատ մեծ է, ընդունում են նաեւ պատվերներ: Եթե ուզում եք ձեռք բերել Քաշմիրի հայտնի շափյուղայով զարդ, ապա այդ տեղը բարձրակարգ խանութներն են, ապրանքների այնպիսի տեսականիով, որն անցել է փորձագիտական սպեկտրալ զննություն (սա նույնպես թանկ հաճույք է), որ միակ եղանակն է քարի տեղային պատկանելությունը որոշելու՝ երանգային որոշ առանձնահատկությունները կարող են նաեւ խաբուսիկ լինել:

ԱՈԱԱԽ-ի նախագահի հետ ամփոփիչ հանդիպմանը ես հարցրի նրան հնդկական ոսկերչության ու ադամանդագործության սրընթաց զարգացման մեջ պետության դերի, ԱՈԱԱԽ-ի ու կառավարության հարաբերությունների մասին.

«Ոսկին եւ անմշակ ադամանդը ներմուծվում են առանց հարկի, բնագավառի համար անհրաժեշտ հաստոցները՝ շատ ցածր մաքսատուրքով: Ավելացված արժեքի հարկն ընդամենը մեկ տոկոս է,- պատասխանեց պարոն Կոթարը:- Բացառապես արտահանման համար աշխատող մի շարք ձեռնարկություններ ազատ տնտեսական գոտու օրենքներով են գործում: Այս արտոնությունները «նվաճվել» են ԱՈԱԱԽ-ի աշխատանքի շնորհիվ: Խորհուրդը ղեկավարում է մի շարք հաստատություններ, որտեղ վերապատրաստման ծրագրեր են իրականացվում: Այն հանդես է գալիս նաեւ որպես առեւտրական միջնորդ: Քանի որ արդյունքները շոշափելի են, կառավարությունը վստահում ու համագործակցում է մեզ հետ»:

Հայաստանը նույնպես հարկեր չի գանձում ոսկերչական եւ ադամանդագործական հումքի ներմուծման եւ պատրաստի արտադրանքի արտահանման համար: Արդյունքում՝ այս ոլորտում գործում է 27 ընկերություն՝ 5000 աշխատակցով (2500-ը ադամանդների մշակմամբ է զբաղված), եւ մեր բնակչության թվի համեմատ չենք զիջում Հնդկաստանին: Կա նաեւ Հայ ոսկերիչների միջազգային ընկերակցություն, որի անդամները դեռ ուսանելու բան ունեն իրենց հնդիկ գործընկերներից:

Պարոն Կոթարին ծանոթ էր մեր երկրի թե\’ ցուցանիշներին, թե\’ ոլորտի ներկայացուցիչներին եւ հրավեր ուղղեց հայ ձեռներեցներին մասնակցելու «Հնդկաստան-ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպա-վաճառող-գնորդ» բացառիկ հանդիպմանը, որը կկայանա առաջիկա մարտի 24-25-ին, Մումբայում: Հրավիրող կողմը հոգում է կացության բոլոր ծախսերը, ինչպես նաեւ ինքնաթիռի տոմսի արժեքի 25 տոկոսը: Շահագրգիռ անձինք կարող են գրանցվել www.gjepc.org կայքի միջոցով: Սրանք շատ գրավիչ պայմաններ են Մումբայ ծովափնյա հիանալի քաղաքն այցելելու համար:

Անհրաժեշտ վերջաբան

Ենթադրում եմ, որ ընթերցողներիս մի մասը հուսախաբվել է, որ ոչինչ չպատմեցի սուրբ կովերի, փղերի, աստղագուշակների եւ հատկապես յոգերի մասին: Պետք է ասեմ, որ յոգերի հետ էլ եմ հանդիպել, նույնիսկ սովորել մի պարզ վարժություն, որն անելով՝ երջանկության զգացում ես ունենում: Բայց ինքս չեմ արել այն եւ ձեզ էլ չեմ ուզում խորհուրդ տալ. արդյոք ճի՞շտ է վարժություն անելով երջանիկ զգալը, եթե դրա համար բավարար հիմքեր չունես: Ես գերադասեցի նկարագրել հնդկական հաջողությունները՝ դրանց հայկական բանալին հայտնաբերելուն օգնելու նպատակով: Այս պարզաբանմամբ էլ ավարտում եմ հոդվածս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել