Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Քոչարյանը դա գիտակցում է
– Պարոն Քոչարյան, թեեւ մարզի ազգաբնակչությունը վաղուց արդեն դժգոհ էր նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանից, այնուամենայնիվ, կառավարության կողմից նրան պաշտոնից ազատելը բավականին անակնկալ էր բոլորի համար: Ինչո՞վ էր պայմանավորված կառավարության այդ անսպասելի որոշումը:
– Գիտեք, կյանքում ոչինչ հավերժ չէ, նաեւ՝ պաշտոնը: Ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է ազատվել իր զբաղեցրած պաշտոնից: Շատ բան կախված է այն բանից, թե դու ինչ քաղաքական թիմ ես ներկայացնում, քո առջեւ ինչ խնդիրներ են դրված եւ արդյո՞ք ամեն ինչ ճիշտ ես կատարում: Հաճախ մեր օրենսդիր եւ գործադիր մարմինները գեղեցիկ որոշումներ են կայացնում: Բայց ամեն ինչ չէ, որ ստացվում է, մի բան է՝ լավ որոշում ընդունելը, այլ բան՝ դրանք կատարելը: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք լավ կատարողներ քիչ ունենք: Նրանք, ովքեր միջին եւ ներքին օղակներում այդ ծրագրերն ի կատար են ածում՝ արդյո՞ք ճիշտ են վարվում քաղաքացու հետ: Սովորաբար մարդն ավելի շատ դժգոհում է ոչ թե իր սոցիալական պայմաններից, այլ իր նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքից, երբ իրեն պաշտպանված չի զգում պետության կողմից:
Ինչ վերաբերում է Հենրիկ Քոչինյանին, չի կարելի ասել, թե նրան պաշտոնանկ արեցին: Պարզապես Հանրապետական կուսակցությունը երկրի զարգացման ծրագրային խնդիրներ է դնում իր կուսակիցների առջեւ: Եվ եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան չի ստացվում կամ ինչ-ինչ պատճառներով մի փոքր դանդաղեցվում է որոշակի ծրագրերի իրականացումը, ապա փորձում են գտնել այլ ուղիներ՝ առաջընթացն ապահովելու համար: Քոչինյան Հենրիկից դժգոհ չէր կառավարությունը, նա կատարած զգալի աշխատանքներ ունի մարզում: Չպետք է մոռանալ, թե տարիներ առաջ ինչպիսին էր մարզը, երբ նա ստանձնեց մարզպետի պարտականությունները: Միգուցե վերջին շրջանում հնարավոր էր անել ավելին: Սակայն նրան ոչ թե պաշտոնանկ են արել, այլ նա աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ես Քոչինյանից էստաֆետն եմ ընդունել՝ սկսած գործը շարունակելու: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը ես այն մեկ ուրիշին հանձնեմ:
– Մարզում ո՞ր ոլորտներն են, որ հրատապ բարեփոխումների կարիք ունեն: Որտեղի՞ց եք սկսելու:
– Կան ոլորտներ, որոնց աշխատանքից ես շատ դժգոհ եմ՝ սոցիալական ծառայությունների մատուցման, առողջապահության եւ կրթության ոլորտները: Այս ոլորտներն ինձ շատ են անհանգստացնում, եւ անելիքներ բավականին կան: Շատ ենք ստանում տարաբնույթ նամակներ, դժգոհություններ: Նպաստառուներից շատերը դժգոհում են, որ նպաստի մի մասը տեղ չի հասնում, ինչ-որ տեսուչի կամ ծառայության պետի գրպանն է գնում, լինում են յուրացումներ: Դպրոցներում կա դրամահավաքություն, ինչի դեմ պայքարելը, բացահայտելը դժվար է, նույնը՝ առողջապահական հիմնարկներում: Ես համակարծիք չեմ այն տարածված մտքին, թե ներքեւի օղակը օրինախախտումներ անում է վերեւների պատվերներով, այդ մասին էր խոսվում վերջերս ձեր՝ Արթուր Սաքունցի հետ ունեցած հարցազրույցում:
– Միգուցե վերեւներն ուղղակիորեն չեն պատվիրում այդ օրինազանցությունները, բայց կա չգրված օրենք, որ ենթական «պարտավոր է» վերադասին «հարկեր մուծել», դրա համար էլ հաճախ գնում են այդ քայլերին, ունենալով վերադասի լուռ համաձայնությունը:
– Դա ամբողջությամբ չեմ բացառում, բայց հիմնականում դա արվում է ղեկավարից ու նրա աչքից հեռու, գաղտնի: Մարզում դրվելու է խիստ վերահսկողություն նման բաների նկատմամբ եւ նման մարդիկ կազատվեն աշխատանքից:
– Խոսակցություններ են շրջում, թե դուք այդ պաշտոնին նշանակվել եք ժամանակավոր՝ ԱԺ ընտրություններն անցկացնելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ խոսակցություններին:
– Հումորով: Ես եկել եմ աշխատելու՝ այն էլ երկար, դա ասեմ ի տխրություն իմ հեռանալուն սպասողների: Իմ առջեւ լուրջ ծրագրեր կան: Ես երբեք զինվորի նման չեմ աշխատել, որ կուրորեն կատարեմ այս կամ այն հրամանը, եւ մեր կուսակցությունը երբեք նման խնդիրներ մեր առջեւ չի դրել: