Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսուլման, ուրեմն՝ ՀՀ-ի թշնամի՞

Մարտ 05,2007 00:00

«Առավոտին» իր սիրտն է օրեր առաջ բացել արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

գտնվող, ազգությամբ թաթար Ռուստամ Վալիախմետովը:

Վերջինս խնդրում է հանդիպել իրեն՝ հույժ գաղտնի տեղեկություններ մեզ հաղորդելու համար:

«Ես կալանքի տակ եմ 2005թ. նոյեմբերի 21-ից: 2006թ. դեկտեմբերի 1-ին լրտեսության համար դատապարտվել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից (դատավոր՝ Ա. Պետրոսյան) 11 տարվա ազատազրկման: Սակայն ես չեմ ընդունում եւ ոչ մի դեպքում չեմ ընդունելու իմ մեղքը, հրաժարվում եմ կեղծ մեղադրանքից, քանի որ ոչինչ էլ չեմ արել»:

Վալիախմետովն իր նամակում նշում է, որ 1992-1994թթ. մասնակցել է Արցախի մարտական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում: «Պրոֆեսիոնալ դիպուկահար եմ, բազմիցս վիրավորվել եմ եւ կոնտուզիա ստացել: Ոչնչացրել եմ թշնամու բազմաթիվ զինվորներ, հրամանատարներ եւ ռազմական տեխնիկա, որը պաշտոնապես գրանցվել է: Գործս արել եմ բարձր որակով, անձնուրաց, կատարել եմ իմ առջեւ դրված բոլոր խնդիրները՝ ցանկացած իրավիճակում, եւ ցուցաբերածս արիության եւ խիզախության համար բազմիցս պարգեւատրվել եմ ՀՀ իշխանության կողմից»: Նշենք, որ դիպուկահարը հայտնի էր «Ռեյ» անվամբ:

Դատաքննության ընթացքում, ինչպես տեղեկացնում է Ռ. Վալիախմետովը, նա պաշտպան չի ունեցել: «Դատավարության ընթացքում ես ջրի երես եմ հանել կեղծ մեղադրանքը, ՀՀ հատուկ ծառայությունների եւ ուժային կառույցների անտաղանդ աշխատանքը, իրենց փորձագետներին եւ մասնագետներին: Մատնացույց եմ արել բոլոր մեղադրանքների չհիմնավորվածությունն ու քրգործի շինծու լինելը: Բոլոր հանցանշանները անուղղակի էին եւ իմ դեմ չէին կարող գործել: Բայց ես տեսնում էի, որ գործի ելքը կանխորոշված էր: Ցավալի էր տեսնել՝ ինչպես են մարդիկ կորցնում իրենց բարոյական արժեքները եւ համոզմունքները: Ինձ անընդհատ առաջարկել են (նույնիսկ դատի ժամանակ) ու հիմա էլ են առաջարկում ընդունել մեղքերի գոնե մի մասը՝ որ ես ադրբեջանա-թուրքական լրտես եմ, եւ այդ դեպքում ինձ կազատեն»,- շարունակում է Ռուստամ Վալիախմետովը: Ըստ նրա, ինքը չի կարող խղճին դեմ գնալ, վարկաբեկել իրեն, ընկերներին, Ռուսաստանը. «Չեմ վաճառում Պատիվը, Հավատքը, Ընկերությունն ու Ռուսաստանը: Սրանք ինձ համար ամենից վեր են: Վեր են ցանկացած ազատազրկումից եւ նույնիսկ մահից: Ես պատվով եմ կռվել եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ պատվով մահն ընդունել: Ես զինվոր եմ եւ չեմ վախենում մահից՝ շատ անգամ եմ դրա դեմ դիմաց դուրս եկել»: Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալն իր նամակում մեջբերում է Ղուրանը. «Վախկոտը մի քանի անգամ է մահանում, քաջը՝ մի անգամ»: Ապա հարցնում. «Հետաքրքիր է՝ եթե ես մուսուլման եմ, ուրեմն՝ ՀՀ-ի թշնամի՞»:

Նամակագիրը նաեւ տեղեկացրել էր, որ հարցաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը իր նկատմամբ դաժան եւ կոպիտ վերաբերմունք ու ֆիզիկական ճնշում է գործադրել: «Վերաբերվում էին ատելությամբ եւ արհամարհանքով, նվաստացնում եւ վիրավորում էին՝ սպառնալով ինձ եւ իմ ընտանիքին: Բժշկական օգնություն ինձ չի ցուցաբերվել: Ոչ ոք չցանկացավ ֆինանսավորել իմ մարմնական վնասվածքների բուժումը, որոնց պատճառով դեռ երկար ժամանակ չէի կարողանում նորմալ քնել եւ սնվել, սթրես էի տանում»,- գրում է Ռ. Վալիախմետովը:

Ռուսաստանցի դատապարտյալը մինչ օրս բժշկական հետազոտման չի ենթարկվել: Նրա խնդրանքներից մեկն էլ եղել է դատաքննության ժամանակ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչների հրավիրելը: «Ինձ արգելել են ընտանիքից՝ ՌԴ-ից անձնական նամակներ ստանալը: Մինչ օրս երկու գրություն եմ ստացել հարազատներիցս՝ Կարմիր խաչի միջոցով՝ 24.07.06 եւ 19.12.06: Իսկ ինձ շատ է անհանգստացնում ընտանիքիս ճակատագիրը: Իրենց հայտնի չէ ինձ հետ կատարվածը, իրենք էլ են անհանգստանում: Այս փաստը շատ ծանր եմ տանում, դա ինձ խանգարեց կարգին պաշտպանվել դատի ընթացքում»,- նշում է դատապարտյալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել